Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդլայնել քաղաքական քննարկումների շրջանակը

Հունիս 10,2004 00:00

Ընդլայնել քաղաքական քննարկումների շրջանակը Խոսրով Հարությունյանը նոր առաջարկներ է անում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շտկելու նպատակով ԱԺ-ն լուծարելու առաջարկը հնչեցնողներից մեկը ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն էր։ Երեկ փորձեցինք նրանից ճշտել, թե ի՞նչ է մտածում այն մասին, որ առաջարկը առաջարկ էլ մնաց։ «Ցավոք, այս էլ որերորդ անգամ մենք հանդիպեցինք քաղաքական պատասխանատվության ոչ լիարժեք իմաստավորմանը»,- ասաց նա։ Իսկ երկխոսության անփառունակ փորձերի առիթով Խ. Հարությունյանը կարծում է, որ «թե կոալիցիան, թե ընդդիմությունը խոսքով իրենց դրսեւորում էին իրադարձությունների հետագա զարգացման համար պատասխանատու։ Բայց իրականում իմիտացիա արեցին»։ Սակայն եթե նախկինում ՔԴՄ նախագահը գտնում էր, որ նախաձեռնողը քաղաքական մեծամասնությունը պետք է լինի, այժմ արդեն՝ «գնդակն ընդդիմության դաշտում է, եւ ընդդիմությունն իրավունք չուներ մերժել երկխոսության որեւէ հնարավորություն»։ Այսօրվա իրավիճակը ՔԴՄ նախագահը գնահատում է այսպես. «ԵԽ ԽՎ-ի ոչ բարենպաստ վերաբերմունք՝ քաղաքական զարգացումների անհասկանալի եւ անորոշ իրավիճակ, եւ, ամենաանթույլատրելին՝ հիասթափություն, անիրականանալի, հետեւաբար անիրատեսական քաղաքական նպատակների նկատմամբ։ Ավելի լավ հանրությանը օտարել հանրային կյանքից՝ հնարավոր չէր»։ Այս իրավիճակը, սակայն, մեր զրուցակցի համոզմամբ, ձեռնտու չէ ոչ մեկին։ Իսկ պատճառները, Խ. Հարությունյանի կարծիքով՝ «մեր քաղաքական պատասխանատուները չփորձեցին ախտորոշել հիվանդությունը, հատկապես ընդդիմությունը»։ ՔԴՄ նախագահը մնում է իր համոզմանը, որ մեր խնդիրը օրենսդիր-քաղաքական մարմնի որակն է. «Եթե իշխանության նկատմամբ անվստահություն կա, դա գալիս է ԱԺ-ից։ Իսկ այնտեղ ներկայացված են թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը։ Բայց մենք ականատես եղանք ոչ թե նրանց գաղափարների, այլ ուժերի բախմանը։ Երկուսն էլ գտնում են, որ այս երկրում ուժն է ծնում իրավունք, ուստի պատահական չէր, որ այս առճակատումը ժողովուրդը աթոռակռիվ որակեց։ Կարծում եմ, ընդդիմությունն աններելի եւ անթույլատրելի ձախողումներ թույլ տվեց»։ «Այսօր հանրությունը փնտրտուքի մեջ իր ուշադրությունը դարձնում է արտախորհրդարանական ուժերին։ Դա խոսում է այն մասին, որ խորհրդարանից այլեւս ակնկալիքներ չունի։ Այս իրավիճակից պետք է օգտվեն քաղաքական պատասխանատուները եւ հնարավորություն տան հանրությանը վերակենդանացնել հանրային կյանքի նկատմամբ հետաքրքրությունները»։ Խ. Հարությունյանի կարծիքով, քաղաքական մեծամասնությունը պետք է սեփական նախաձեռնություններով ընդլայնի քաղաքական քննարկումների շրջանակը՝ դրանք դուրս բերելով ԱԺ-ից. «Դրանից եւ քաղաքական որոշումները կլավանան, եւ իրավիճակը կսկսի շտկվել»։ Խոսելով մեզանում քաղաքական համակարգի չկայացածության մասին, Խ. Հարությունյանն այսպես արտահայտվեց. «Ոչ ոք չփորձեց որակել Արկադի Վարդանյանի, եթե կարելի է ասել՝ քաղաքական ֆենոմենը։ Եվ քանի որ դրան քաղաքական գնահատականներ չտրվեցին, այսօր մենք այլ դրսեւորում ունենք։ Մեկը քաղաքական կենսագրություն չունեցող եւ հանրության համար անհասկանալի, մի քանի ամսվա ընթացքում գալիս է, խրոխտ ճառեր արտասանում, արդյունքում՝ նախագահական ընտրություններում 4-րդ տեղն է զբաղեցնում (նկատի ունի Արամ Կարապետյանին- Ն. Գ.)։ Դա խոսում է ոչ թե այդ մարդու հաջողության, այլ մեր քաղաքական համակարգի որակների մասին։ Նման բախտախնդիրների ու գործուղվածների մենք անընդհատ կհանդիպենք, քանի դեռ ժողովուրդը չի կարողացել հասկանալ, որ միայն իր աչքի առաջ ձեւավորված եւ քաղաքական կենսագրություն ունեցող ուժերը կարող են այս երկրի վաղվա օրով մտահոգվել։ Մնացածը պատվեր են կատարում։ Բոլորս անհամբեր սպասում էինք մայիսի 26-ին (այդ օրն Արամ Կարապետյանը իր ծրագիրը պետք է հրապարակեր- Ն. Գ.), բայց ի՞նչ առաջարկվեց՝ լուծարել ԱԺ-ն, որը մենք եւ այլք բազմիցս առաջարկել էինք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել