Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա սիրված երգչուհի
Ֆլորա Մարտիրոսյանի բեմական գործունեության 25-ամյակին նվիրված մենահամերգը։
Վերջին տարիներին երգչուհու՝ հայրենիքից բացակայելու առիթով տարբեր խոսակցություններին մեկընդմիշտ վերջակետ դնելու նպատակով հայկական ժողովրդական երգերի սիրված կատարողին՝ Ֆ. Մարտիրոսյանին առաջարկեցինք մեր հարցերին պատասխանել այնպես, ինչպիսին իր մեկնաբանությամբ անկեղծ ու սրտաբուխ հնչող հայ բազմադարյա երգերն են։
– Ձեր ունկնդիրը մտահոգ է. այդ ինչպե՞ս «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիրով» աշխարհասփյուռ գաղթօջախներից հայրենակիցներին տուն հրավիրող երգչուհին ինքը հայտնվեց Ամերիկայում։
– Ամերիկայում իմ հայտնվելը նախօրոք պլանավորված չի եղել։ 13 տարի առաջ, երբ քրոջս ընտանիքը մեկնում էր ԱՄՆ, ես պարզապես օգնելու նպատակով ուղեկցեցի նրանց՝ առանց երկար-բարակ մտածելու, որ իմ դեպքում հնարավոր է լինեն ոչ ցանկալի հետեւանքներ (երգչուհին պատրաստվում էր մայրանալ)։ Մի խոսքով, առողջականս վատացավ, երեխայիս վտանգ էր սպառնում ու, ինչպես կարելի է կռահել, ստիպված մնացի երկար ժամանակ, մինչեւ ծնվեց աղջիկս, հետո՝ արդեն տղաս։ Այսպես 5 տարի ապրելուց հետո վերադարձանք հայրենիք։
1996-ին նշանակվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն։ Այսպես բեմական ու մանկավարժական գործունեություն էի ծավալել, երբ 2000թ. ամուսինս՝ հեռուստալրագրող Հրահատ Գեւորգյանը երեք տարի պայմանագրով գործուղվեց ԱՄՆ։ Ինչպես ասում են, որտեղ ընտանիքի հայրը՝ այնտեղ էլ ընտանիքը։ Այսպես Հոլիվուդում ու Բրբանքում ղեկավարում եմ Կոմիտասի անվան երաժշտանոցները։ Այն գործունեությունը, որ ծավալել էի հայրենիքում, շարունակությունը գտավ Ամերիկայում։ Եթե կուզեք իմանալ, հանրահայտ իրողություն է, բայց ես անձամբ համոզվեցի, որ Սփյուռքը եղել եւ ապրում է հայրենիքի գոյությամբ ու առաջին հերթին ժողովրդական արվեստով։
– Արդեն տարիներ շարունակ հայ ժողարվեստի նվիրյալները հնչեցնում են այն փաստը, որ մեր ժողովրդական երգարվեստը աղավաղված է ներկայացվում թե հայրենիքում եւ թե դրսում։ Համակարծի՞ք եք այդ մտքին։
– Միանշանակ՝ այո։ Ոչինչ չունեմ ասելու՝ թող երգեն բոլորը, բայց եկեք ինքնագործ արվեստը չխառնենք, չշփոթենք, չնույնացնենք պրոֆեսիոնալի հետ։ Խորհրդային տարիներին մշակույթի նախարարության, այլ պատկան կազմակերպությունների կողմից համակարգվում էր այդ հարցը։ Նույնիսկ հաստատվում էր հյուրախաղերի մեկնողի ծրագիրը։ Այսօր ով ցանկանում է՝ ժողովրդական երգարվեստ է ներկայացնում, օրինակ, Ամերիկայում։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ վիրավորական է, երբ Լոս Անջելեսի հանրահայտ «Ալեքս» թատրոնի բեմում պրոֆեսիոնալի անվան տակ Հայաստանից գալիս են պարզապես երգողներ։ Գիտեք, այսպիսի մի հանրահայտ բան կա. օտար տեղում ինչ հրամցվում է՝ այն էլ ընդունում են։ Ունկնդիրը մեղք չունի։ Նա ամեն ճանապարհով, թեկուզ գիտակցելով, որ ցածրորակ երաժշտություն է, ցանկանում է իր կարոտն առնել հայրենիքից։ Եվ միանշանակ այս հարցը իր լուծումը պետք է գտնի վերեւներում։ Հասկանալ է պետք, ժամանակը եկել ու անցել է՝ պետք է խոսքից անցնել գործի։ Եվ վերեւները ոչ թե պետք է, այլ պարտավոր են տեր կանգնել։ Եթե իրենց պաշտոնական շրջագայություններից դեռ չեն հասկացել, ուրեմն մեկ անգամ էլ հնչեցնենք, որ առաջին հերթին ազգը ներկայանում է իր ժողովրդական արվեստով։
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ