Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Հունիս 10,2004 00:00

ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկրորդ պաշտոնյան, որը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր
եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ջերմեռանդ կողմնակիցն էր՝ հրաժարվում
է պատասխանել այն հարցին, թե արդյոք հիմնավո՞ր էր Երեւանի քաղաքապետարանի
որոշումը, որով հունիսի 4-ին ընդդիմության հանրահավաքի անցկացումն արգելելու
պատճառաբանություն բերվեց օրենքի այն դրույթը, թե «առկա են հավաստի տվյալներ,
որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական վտանգ
է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը»:
Քաղաքապետարանի արգելքի համարժեքությունը մեկնաբանելուց նախ ձեռնպահ էր մնացել ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Այժմ էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հարցին, թե օրենքից բխո՞ւմ էր արդյոք քաղաքապետարանի որոշումը՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել»: Կարծում ենք, չմեկնաբանելն ինքնին վկայություն է, որ հեղինակները վստահ են, թե քաղաքապետարանը սխալ էր կիրառել օրենքը:

Դավիթ Հարությունյանին խնդրեցինք պարզաբանել եւս մի հանգամանք: Օրենքն արգելում է ցույցերի անցկացումը «ՀՀ կառավարության սահմանած պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներում եւ այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա»: Ըստ կառավարության որոշման՝ նման օբյեկտներ են ոչ միայն ԱԺ-ն կամ նախագահի նստավայրը, այլ անգամ Մատենադարանը: Սակայն արդարադատության նախարարը խոստացել էր հանդես գալ այդ որոշումը փոխելու նախաձեռնությամբ, եւ այժմ ասաց. «Որոշման բուն նպատակն էր հստակեցնել, թե ինչ է նշանակում հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտ, եւ պետական մարմինների՝ այն է, Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի նստավայրի տարածքները հանել այդ ցանկից: Որոշումն այդ տեսքով ընդունել է կառավարությունը: Ծագել էին հարցեր կամուրջների, ջրային որոշ կառույցների եւ այլ օբյեկտների առնչությամբ եւ հստակեցնելու նպատակով հարցն ուղարկվել է լրամշակման՝ ոստիկանությանը»:

Ուշագրավն այն է, որ այժմ ընդդիմությունը փաստորեն կարող է ցույցեր անցկացնել նախագահի նստավայրի դիմաց (եթե Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է այդ որոշումը, եւ այն հրապարակվել է), սակայն՝ ո՛չ Մատենադարանի առջեւ, որն, ինչպես հետեւում է արդարադատության նախարարի թվարկումից՝ դեռեւս մնում է պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել