Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԻԺՆԵՐԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ

Հունիս 10,2004 00:00

Խորհրդարանը
երեկ լսեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հաղորդումը Եվրոպական կառույցներին
ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին։

Այս հաղորդման ընթացքում էլ պրն Թորոսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած տեղեկանքը 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապօրինություններ, կեղծիքներ կատարողներին պատժելու մասին։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքը կազմում է 50 թերթ, որից 33-ը վերաբերում է նախագահական ընտրություններին, 16-ը՝ խորհրդարանական։ Ըստ այդ տեղեկանքի, 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների երկու փուլերի ընթացքում դատախազությունը ստացել է 96 հաղորդում, որոնց քննարկման արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 89 որոշում։ 55-ը մերժվել է «հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ», 33-ը՝ «հանցակազմի բացակայության», մեկը՝ ՀՀ քրդատօրի 37 հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան։ Այնուամենայնիվ, դատախազությունը իր մեջ գտել է համարձակություն եւ 17 քրեական գործ է հարուցել, որոնցից, սակայն, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ։ Չորս գործով կայացվել է դատավճիռ (հիմնականում՝ տուգանք), իսկ մեկը գտնվում է դատաքննության փուլում։

2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո դատախազությունը ապօրինությունների եւ կեղծիքների մասին ստացել է 40 հաղորդում։ Հարուցվել է ընդամենը 11 քրեական գործ։ Սակայն այստեղ եւս պատմությունը կրկնվել է, ինչպես նախագահականի մասով, եւ հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել ընդամենը 3 գործ, որոնցից 1 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, 2 գործ գտնվում է դատաքննության փուլում, մեկը՝ նախաքննության ընթացքում։ Հինգ գործ կարճվել է։

Ապօրինությունների եւ կեղծիքների մասին դատախազություն ուղարկված հաղորդումներից 27-ի մասով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ, որից 12-ը՝ հանցագործության դեպքի բացակայության, 14-ը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մեկը՝ քրդատօրի 35 հոդվածի առաջին մասի 4-րդ կետին համապատասխան։

Հետաքրքրական է, որ քրեական գործեր են հարուցվել միայն խուլիգանության եւ ծեծկռտուքի դեպքերի կապակցությամբ. «Իհարկե, մեզ համար գաղտնիք չէ, որ նման դեպքեր լինում են մեր ընտրությունների ժամանակ, բայց առանձնահատուկ մտահոգիչ են այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի վրա են ազդում։ Կարծում եմ, մենք՝ ե՛ւ հանձնաժողովը, ե՛ւ ԱԺ-ն, լուրջ հետեւություններ անելու անհրաժեշտություն ունենք այս տեղեկանքներից»,- երեկ ամբիոնից հայտարարեց Տիգրան Թորոսյանը։ Թերեւս պարզ չէ, թե ինչ են տալու այդ «լուրջ հետեւությունները»։ Ավելի ուշ «Առավոտը» փորձեց ԱԺ փոխնախագահի հետ զրույցում գտնել մի քանի հարցերի պատասխաններ։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր՝ գլխավոր դատախազության տեղեկանքներում արդյո՞ք ընդգրկված են Սահմանադրական դատարանին տրված ընտրակեղծիքների եւ ապօրինությունների փաստերը։ Նկատի ունենք՝ թաց կնիքները, բացված ծրարները եւ այլն։ Կոնկրետ այս փաստերի կապակցությամբ ի՞նչ քայլեր է իրականացրել դատախազությունը։ Պրն Թորոսյանն ասաց, որ ինքը մանրամասներ դժվարանում է ասել. «Բայց ուզում եմ ընդգծել հետեւյալը՝ այս ամենը պետք է լավ վերլուծվի եւ եթե օրենսդրության մեջ կան բացեր, ուրեմն լուրջ հետեւություններ պիտի անենք»։

Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, տեղեկանքում ընդգրկված են փաստեր, որոնք քրեորեն պետք է պատժվեն։ Բայց չեն պատժվել եւ այս կապակցությամբ պրն Թորոսյանի եզրակացությունը խիստ օրիգինալ է. «Շատ կարեւոր է, որ դատախազության մասնագետները եւ քրեական իրավունքի այլ մասնագետներ եւ ԱԺ-ի ներկայացուցիչները համատեղ վերլուծեն, թե ինչո՞ւ մեր օրենսդրությունը չի նախատեսում համապատասխան դրույթներ նման արարքները պատժելու համար, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն»։ Ըստ էության, ԵԽ-ի պահանջն էր՝ պատժել ընտրությունների ժամանակ ապօրինություններ կատարած անձանց, սակայն դատախազության 50 էջերից չի զգացվում, թե ինչ-որ մեկը ինչ-որ լուրջ մեղքի համար պատժվել է։ Ուրեմն ի՞նչ ենք ասելու ԵԽ-ին, ասելու ենք, որ արդար ու թափանցիկ ընտրություննե՞ր ենք անցկացրել, չէ որ իրենք շատ լավ գիտեն, որ այդպես չէ։ Մեր այս զարմանքին պրն Թորոսյանը եւս պատասխան ուներ՝ ԵԽ-ին պետք է ասել այն, ինչ կա. «Եթե մեր օրենսդրությունը այլ պատիժներ չի սահմանել, ինչ ըստ այս տեղեկանքի տրվել է մարդկանց, բնականաբար, մենք այդ մարդկանց չէինք էլ կարող պատժել, այլ պատիժներ կիրառել, եթե անգամ համարում ենք, որ ճիշտ կլիներ այս կամ այն արարքի համար մարդիկ պատժվեին»։

2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը գնահատելով տեղեկանքը, ասաց. «ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանից առաջ իշխանությունները հերթական իմիտացիան ներկայացրին, որ իբր գործ են արել մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Եվ հունիսի վերջին Ռ. Քոչարյանի գլխավորությամբ կգնան «պոլիտբյուրոյին» զեկուցելու որոշումների կատարման մասին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել