Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԵՐԸ ՔԻՉ ԵՆ ՄՍԽՎԵԼ

Հունիս 10,2004 00:00

Արդեն իսկ եզրակացրել է Օտարերկրյա պետություններից եւ միջազգային
կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների
եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը:
Երեկ այս երկար անվանումով հանձնաժողովը ներկայացրեց իր երկրորդ հաղորդումը, որի առանցքն ընդամենը 2 ամիս առաջ ներկայացված առաջին հաղորդումից հետո ստացված արձագանքներին անդրադարձն էր: Հիշեցնենք, որ վարչապետն այն ժամանակ բավական բուռն արձագանքեց Համայնքային զարգացման ծրագրի անարդյունավետ իրականացման վերաբերյալ հանձնաժողովի գնահատականին եւ հայտարարեց, թե հաղորդման դրույթների 90 տոկոսին համաձայն չեն: «Ես իրան ցույց կտամ էդ 90 տոկոսը,- այն ժամանակ սպառնացել էր Վահան Հովհաննիսյանը՝ ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ:- Եվ եթե մենք տրամադրված էինք խաղաղասեր կերպով եւ ենթադրում էինք, որ առաջին զեկույցն է, եւ մենք այս մարդկանց կտանք իրենց սխալներն ուղղելու հնարավորություն, ապա հիմա ես իսկապես ջղայնացած եմ»: Ո՛չ այդ ժամանակ, ո՛չ դրանից հետո, ո՛չ էլ երեկվա հաղորդման ընթացքում, որը Վահան Հովհաննիսյանը ներկայացնում էր առանց որեւէ ջղայնության (թեեւ Մանուկ Գասպարյանն ակնկալում էր, թե հարձակումներից հետո պիտի ցուցաբերվեր ավելի խիստ մոտեցում)՝ նա այդպես էլ խոստացածը ցույց չտվեց վարչապետին: Պատճառաբանեց. «Գրավոր պարզաբանումներ՝ բազմաթիվ հարցերով, դեռեւս չենք ստացել»: Անդրանիկ Մարգարյանն էլ հայտնել էր, թե հանձնաժողովը կառավարությանը չի ուղարկում իր միջանկյալ զեկույցը, ուստի եւ չեն ներկայացնում իրենց առարկությունները: «Մեր եզրակացությունը բավական ծավալուն էր, եւ պարզեցնելու համար՝ կազմել էինք տեղեկանք, որը բաժանված է բոլոր շահագրգիռ հաստատություններին»,- երեկ հայտնեց Վահան Հովհաննիսյանը: Նա մի առնչությամբ համաձայնեց վարչապետի հետ: Վերջինս առաջին հաղորդումից հետո խոստացել էր, թե հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ հանձնաժողովների եզրակացությունների քննարկումների ժամանակ նաեւ գործադիր իշխանությունն իրավունք ունենա իր դիրքորոշումը հայտնել ԱԺ-ում. «Թե չէ դուրս է գալիս՝ կառավարության հասցեին ինչ-որ բաներ են ասում, երեւույթների մասին հետեւություններ անում, բայց մենք զրկված ենք նույն ամբիոնից պատասխանելու հնարավորությունից»: Վահան Հովհաննիսյանը երեկ տեղեկացրեց, թե իրե՛նք են հանդես գալու ԱԺ կանոնակարգում նման փոփոխություն անելու նախաձեռնությամբ:

Երկրորդ հաղորդման ընթացքում հանձնաժողովի նախագահը նոր հայտարարեց, թե հստակ չեն մարդասիրական օգնությունների եւ դրամաշնորհների ուսումնասիրության իրենց գործառույթներն ու իրավասությունները. «Քանի որ ԱԺ վերահսկողական գործառույթը հիմնականում տարածվում է վարկերի վրա»: Իսկ դրանց առնչությամբ էլ արդեն իսկ ներկայացրեց հետեւյալ եզրահանգումը. «Հայաստանն այն երկրներից է, որտեղ վարկերի օգտագործումը լավ վիճակում է մի շարք երկրների, այդ թվում եւ՝ մեր հարեւանների համեմատ, որտեղ վարկերի մսխումը հասել է ֆանտաստիկ աստիճանի: Մեր մասին, բարեբախտաբար՝ այդ բանն ասել չի կարելի: Բայց այնպիսի՜ թերություններ ենք հայտնաբերում, որոնց մասին լռել էլ չի կարելի»:

Երեկ նման մի նոր տվյալ ներկայացրեց Համայնքային զարգացման ծրագրի առնչությամբ՝ անդրադառնալով այն տեսակետին, թե Համաշխարհային բանկի 30 մլն դոլար վարկը ու պետբյուջեից հատկացված 5 միլիոնը բավարար չէին Երեւանի ջրային տնտեսությունը բարելավելու համար: «Այո՛, ճիշտ է,- ասաց Վահան Հովհաննիսյանը:- Բայց արդար լինելու համար պետք է խոսենք նաեւ այլ թվերի մասին: Մեր կառավարությունն իր շատ սուղ հնարավորություններից լուրջ գումարներ է հատկացրել այս ոլորտին: Եվ մեր պատգամավորների եւ ժողովրդի մոտ չպիտի ստեղծվի այն տպավորությունը, թե հենց էդ 35 միլիոնն էր, եւ, իհարկե՝ խեղճերը ո՜նց կարող էին հասնել ինչ-որ մեծ նվաճումների»: Խոսքը «Երեւանջրմուղկոյուղի» ընկերությանը սուբսիդիաների, պարտքերի մարման եւ 1999-2003-ի ընթացքում տրամադրված այլ արտոնությունների մասին էր, որոնց ընդհանուր գումարային արժեքը շուրջ 50 մլն դոլար է: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ այդ գումարն առաջացել է «Երեւանջրմուղկոյուղու» 1997-1999-ին կուտակած էլեկտրաէներգիայի վարձավճարի պարտքերից, որոնք 1998-ին կառավարությունը վերակազմավորել է վարկի: Մարումը պետք է սկսեր 2004-ից, սակայն կառավարության 2003-ի նոյեմբերի 6-ի որոշմամբ ներվել է այդ պարտքը: Ավելին՝ վարչապետի 2003-ի դեկտեմբերի 19-ի որոշմամբ «Երեւանջրմուղկոյուղուն» տրամադրվել է շուրջ 18 մլն դոլար՝ Բնապահպանության նախարարությանը, «Հայգազարդին» ու կառավարությանը տված վարկի դիմաց պարտքերը մարելու նպատակով:

Վահան Հովհաննիսյանն ակնարկեց, թե տիրապետում են նաեւ այլ տվյալների, որոնք կբացահայտեն աշնանային նստաշրջանում: Իսկ մինչ այդ՝ ստուգելու են նաեւ ջրի որակը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել