Ժամն է երկխոսության Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, ընդդիմության պայքարի որոշակի փուլ հասավ իր ավարտին: «Մենք մնալու ենք դաշինքում, որովհետեւ ընդդիմադիր ենք եւ բնական չէր լինի դաշինքից մեր դուրս գալը։ Պարզապես փորձելու ենք համոզել մեր քաղաքական ծրագրերը»,- մեր՝ «վերջին զարգացումներից հետո հնարավո՞ր է ԱԺՄ-ն դադարեցնի իր գործունեությունը «Արդարության» շրջանակներում» հարցին ի պատասխան, ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նա կարծում է, որ եթե ապրիլի 12-ի խաղաղ ցույցը բռնի ուժով չցրվեր, հաջորդ երկու օրերի ընթացքում գուցե ողջ քաղաքը հավաքվեր, ինչը կհանգեցներ իշխանական թեւի հետ երկխոսության՝ «կմշակվեին գրաֆիկներ, թե մոտակա ամիսների ընթացքում ինչ պետք էր անել»։ Սակայն դա տեղի չունեցավ։ Եվ հանրահավաքային այդ փուլը Վազգեն Մանուկյանը կարեւորում է նախ՝ «վախի մթնոլորտը ցրելու համար, եւ կար հույս, որ դրանք կվերաճեն համաժողովրդական հանրահավաքների, իշխանությունն էլ ստիպված կլիներ նահանջի ճանապարհներ փնտրել»։ Բոլոր դեպքերում «սրանով եւս մի ինչ-որ փուլ հասավ իր տրամաբանական ավարտին»՝ արձանագրում է Վ. Մանուկյանը։ Իսկ նոր փուլում կարեւորում է երկխոսությունը եւ ոչ միայն իշխանափոխության հարցում։ Այստեղ խոչընդոտը, սակայն, անօրինական կալանքի տակ գտնվող մարդիկ են։ Հունիսի վերջին-հուլիսի սկզբին կգումարվի կոնֆերանս, որտեղ ԱԺՄ-ն կառաջարկի իրավիճակից ելքի իր ուղին։ Ի դեպ, պարոն Մանուկյանի առաջարկած երկու տարվա անցումային ծրագիրը օրակարգից հանված չէ։ Բացի այդ, Վազգեն Մանուկյանը գտնում է, որ ժամանակն է դաշինքից դուրս գտնվող կուսակցությունների հետ գալ որոշակի համաձայնությունների։ «Գուցե վաղ է այդ մասին խոսելը, բայց վարչությունում մենք քննարկում ենք նաեւ, որ արժեր մեկ անգամ հավաքվել Հայաստանի բոլոր կուսակցություններով՝ իշխանական թե ընդդիմադիր, մեծ թե փոքր, ԱԺ-ում ներկայացված կամ ոչ, եւ միասին մշակել խաղի կանոններ։ Որպեսզի քաղաքական պայքարն այնպիսին լինի, որ հաղթողներ ու պարտվողներ չլինեն։ Այդ տեսակետից դաշինքի հետ քայլելով՝ ԱԺՄ-ն իր ինքնուրույն դեմքն ու ճանապարհը ցույց կտա հասարակությանը»,- ասում է Վ. Մանուկյանը։ Մեր հաջորդ դիտարկմանը՝ թե ԱԺՄ նախագահն ինչպե՞ս է պատկերացնում երկխոսությունը, երբ դրան ուղղված բազմաթիվ նախաձեռնություններն անպտուղ մնացին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մինչեւ Եվրախորհրդի նոր բանաձեւը իշխանությունները որոշակի ջանքեր կգործադրեն քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ, ինչն էլ հոգեբանորեն հնարավորություն կտա երկխոսելու»։ «Երկու կողմերն էլ պիտի հասկանան, որ հասել են պատի եւ միայն խոսելով այն կարելի է կոտրել»։ Այն, որ ժողովրդի մեծ մասը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ըստ Վ. Մանուկյանի նշանակում է, որ չի վստահում երկրի ապագային։ «Մոտ երկու միլիոն մարդ Հայաստանից դուրս է եկել։ Առաջիկա երկխոսության եւ զարգացման հիմնական խնդիրը պետք է լինի անել ամեն ինչ՝ նրանց վերադարձնելու համար, թե չէ կխեղդվենք այս սակավ թվով եւ հիասթափությամբ»,- ասաց Վ. Մանուկյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ