ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը վաղօրոք կանխատեսել էր, թե ընդդիմության ծրագրած՝ պատկերավոր ասած, «պայթյունը» չի ստացվելու, եւ ամեն ինչ ավարտվելու է գոլորշու բաց թողնմամբ՝ «փշիկ»-ով: Ձախողումը նա համարում է օրինաչափ: – Սակայն արդյոք ընդդիմության այս ամիսների պայքարի հաջողությունը չէ՞, որ Եվրախորհուրդը պնդեց Հայաստանի 2003-ի ընտրությունների խախտումների վերաբերյալ գնահատականները: – Մեկ տարի առաջ էլ էր ԵԽԽՎ սեպտեմբերյան բանաձեւում փաստված, որ եղել են խախտումներ: Ամբողջատիրությունից անցել ենք մեկ այլ՝ ժողովրդավարական համակարգ, եւ ուղղակի ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը մեզ համար դեռ անսովոր է: Չմոռանանք նաեւ, որ ցանկացած իշխանություն ավելի շատ հնարավորություններ եւ ներուժ ունի վարչական ճնշում գործադրելու եւ մեխանիկական ազդեցություն ունենալու ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա: Եվ չառանձնացնենք, թե Քոչարյանի իշխանությունն է միայն այդպիսին՝ անցումային շրջանում գտնվող բոլոր երկրների իշխանություններին է բնորոշ սա: – Որպես ընդդիմության անխուսափելի պարտության նախապայմաններից մեկը՝ նաեւ պնդում էիք, թե որեւէ պետություն կամ միջազգային լուրջ կազմակերպություն չկա մեր ընդդիմության ետեւում: Չե՞ք կարծում, թե սա հաճոյախոսություն է ընդդիմության հասցեին՝ այլապես կարող էին մեղադրվել Հայաստանի օրենքները խախտելու ու դրսից ֆինանսավորվելու մեջ: – Արգելվում է ֆինանսավորել քաղաքական կառույցներին, սակայն հանրահավաքային գործառույթները քաղաքական կառույցի կենսագործունեության ոլորտից չեն: Չէ՞ որ ցանկացած քաղաքացի, ով համակրում է ընդդիմության գաղափարներին ու նպատակներին՝ կարող է տրամադրել միջոցներ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ լուծելու համար: Մնում եմ այն տեսակետին, թե ընդդիմության իրականացրած գործառույթները նաեւ հրահրված էին մոսկովյան առեւտրային կառույցների կողմից: – Ի՞նչ շահագրգռություն ունեին նրանք Հայաստանում իշխանափոխության մեջ: Ինչո՞վ գործող իշխանությունը, որ զանազան ձեռնարկություններ է փեշով հանձնում Ռուսաստանին՝ չի գոհացնում այդ կառույցներին: – Խոսքն այն կառույցների մասին է, որոնք չեն ներկայացնում Ռուսաստանի իշխանությունը եւ գործում են հայկական շահերի շրջանակում: Մոսկովյան այդ կառույցներն ունեն բիզնեսի որոշակի ծավալ, որն իրենց գայթակղության առջեւ է կանգնեցնում Հայաստանում ունենալ նաեւ պետական իշխանություն: Այլ խնդիր էլ կա. մոտեցել է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ակտիվ փուլը: Եվ մոսկովյան կառույցների հեռահար նպատակներից մեկն էլ այն է, որ բանակցային գործընթացի կողմ դառնան՝ թուլացնելով հայկական իշխանությունը ներսում: Իսկ ղարաբաղյան բանակցությունների որեւէ ձեւով ավարտն իր մեջ պարունակում է նաեւ ֆինանսական, աշխարհաքաղաքական եւ հաղորդակցային բաղադրիչներ: – Ուշագրավ տեսակետ է, եթե հաշվի առնենք, որ մինչ այժմ ներկայացվում է, թե կարգավորման գործընթացում մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է: Իսկ Դուք պնդում եք, թե ՌԴ որոշակի կառույցներ շահագրգռված են թուլացնե՞լ Հայաստանի դիրքերն այդ բանակցություններում: – Այո՛, վերահաստատում եմ պնդումս: Իմիջիայլոց՝ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում սպասարկում է սեփական խնդիրները եւ ոչ Հայաստանի: Այդ համատեքստում նաեւ չենք բացառում, որ ՌԴ-ն որդեգրի այլ դիրքորոշում՝ ոչ հայամետ, եթե իր խնդիրների սպասարկման արդյունավետությունն ավելի բարձր լինի այդ պարագայում: – Փոքր-ինչ անհեթեթ չէ՞ աշխարհաքաղաքական շահերի, քաղաքական տեխնոլոգիաների մասին խոսելը, երբ ակնհայտ է, որ առնվազն վերջիններս չեն գործում Հայաստանում: Երբ մի ասուլիսում «ԱՄ» առաջնորդին մեղադրեցին, թե ընդդիմությունը չի տիրապետում քաղաքական պայքարի նրբություններին՝ հիշեցրեց ռուսական ասացվածքը, թե լոմի դեմ հնարքներ գործադրել հնարավոր չէ: Իսկ չեք վիճարկի չէ՞, որ իշխանությունն ընդդիմության դեմ գործում է իրոք լոմով: – Գործում է գործիքների այն հավաքածուով, որոնք միշտ կան ցանկացած իշխանության տրամադրության ներքո, այդ թվում եւ՝ նշված գործիքով: Սակայն ճիշտ չէ «անհեթեթ» բնորոշումը՝ ոչինչ երբեք տեղի չի ունենում հենց այնպես: Օրինակ, բնավ պատահական չէր, որ մեր ներպետական գործընթացների կիզակետին հաջորդեց ապրիլի 25-ին Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե պատրաստ են վերականգնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, եթե հայկական զինված ուժերն ազատեն «գրավյալ» հինգ շրջանները: Ներհայկական գործընթացները ուղղակիորե՛ն են փոխկապակցված աշխարհաքաղաքական ազդեցություններին: – Ավելի վաղ էիք հայտարարել, թե մեր երեխաները չպետք է տեսնեն, որ մի քաղաքացին մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում՝ անկախ զբաղեցրած դիրքից: Եթե անգամ չհիշատակենք ապրիլի 12-ի գիշերվա գործողությունները՝ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հանրահավաքների ընթացքում: Քանի որ Ձեր կանխատեսումներն իրականանում են՝ կանխատեսեք նաեւ, թե որքա՞ն իշխանությունը դեռ կարող է պաշտոնավարել բռնությունների միջոցով: – Մնում ենք նույն տեսակետին՝ կողմնակիցը չենք նման մեթոդների եւ չենք ողջունում իրականացված գործողությունները: Սակայն իրատես լինելով հասկանում ենք, որ ցանկացած հասարակությունում, որտեղ չեն կայացել քաղաքացիական ինստիտուտները՝ բացառված չեն նման երեւույթները: Հայաստանին սա չի վերաբերում, բայց տեսական առումով՝ կարող եմ տարբեր երկրներ մատնանշել, որտեղ վարչակարգերն ինչ-ինչ մեխանիզմների օգնությամբ գոյատեւել են շատ երկար, մինչեւ չեն սպառել իրենց ողջ ներուժը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ