Լուրերը պիտի տրվեն որպես փաստ
«Առավոտի» 10-ամյակի կապակցությամբ շարունակում ենք տպագրել մեր մշտական ընթերցողների կարծիքները թերթի մասին:
Այսօր խոսքը տալիս ենք ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին:
«Ուրախ եմ, որ «Առավոտն» արդեն 10 տարի գոյատեւում է մեր նորանկախ Հայաստանում, նույնիսկ կարելի է ասել՝ նրա հասակակիցն է: Այս տարիների ընթացքում «Առավոտը» դարձավ շատ փնտրված թերթ: Եվ արդեն սովորույթի ուժով ամեն առավոտյան բոլորը ձեռք են մեկնում հենց «Առավոտին»: Ես նույնպես, վերցնելով թերթերի փաթեթը, առաջինը միջից հանում եմ «Առավոտը», աչքի անցկացնում, նոր անցնում մյուս թերթերին: Սիրում եմ հատկապես 1-ին եւ 2-րդ էջերի փոքրիկ լուրերը ընթերցել:
Կարծում եմ, որ «Առավոտը» նաեւ մեր ժողովրդավարության նվաճումներից է, որովհետեւ եթե երկրում հաստատվում է ժողովրդավարություն, պետք է անպայման լինի մամուլի, խոսքի ազատություն: Դրա վառ օրինակը «Առավոտ» թերթն է: «Առավոտի» ամենաաչքի զարնող հատկանիշը, որն ուզում եմ ընդգծել, նրա անկախ եւ ազատ գործունեությունն է: Ինչ խոսք, թերթում կարելի է նաեւ ծայրահեղ կարծիքների հանդիպել, սակայն եթե ամեն հարցում անխտիր թերթը դրսեւորեր հավասարակշիռ պահվածք, կնշանակեր՝ ազատ չէր լինի: Այնպես որ, որոշ հարցերում ծայրահեղական մոտեցումներն էլ են ընդունելի:
«Առավոտում» աճել է նաեւ լուրջ եւ փնտրված լրագրողների մի լավ սերունդ: Այդ սերնդի ներկայացուցիչներից ոմանք հետագայում տեղափոխվել են այլ լրատվամիջոցներ: Բայց ես համարում եմ, որ «Առավոտի» նվաճումներից է նաեւ այն, որ աճեցրել է նման մասնագետների, ունի իր «դպրոցը»:
Կցանկանայի, որ «Առավոտում», եւ դա վերաբերում է նաեւ մյուս լրատվամիջոցներին, գոնե լուրերը տրվեն որպես փաստ, օբյեկտիվ, մերկ փաստ, եւ չմեկնաբանվեն: Այլ խնդիր է հոդվածը, որտեղ կարող են լինել մեկնաբանություններ եւ վերլուծություններ, բայց լուրերում դրանք ցանկալի է, որ չլինեն: Եվս մի ցանկություն ունեմ կապված «Առավոտի» աշխատանքների հետ. երբ բարձրացվում է որեւէ հիմնահարց, լավ կլիներ, որ մինչեւ վերջ հետամուտ լինեք այդ խնդրին, փորձեք լուծումներ փնտրել, ցույց տալ զարգացումները:
Շնորհավորում եմ թերթին եւ նրա բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ հոբելյանի առթիվ, ցանկանում եմ, որ «Առավոտը» մեր երկրի հետ միասին հավերժ քայլեր եւ լիներ այնքան, ինչքան մեր ժողովուրդը»:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ