Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ՝ Հայաստանը

Հունիս 09,2004 00:00

Հետո՝ Վիետնամը, Եգիպտոսը, Կամբոջան
Ֆրանսիայի կառավարությունը 2000 թ. որոշեց Հայաստանի կառավարության հետ համաձայնագրի շրջանակներում Հայաստանում ունենալ կրթօջախ, որն իր ձեւի մեջ ամենամեծ եւ առաջին ծրագիրն է, որ երբեւէ իրականացրել է Ֆրանսիան: Հետագայում նոր միայն նմանատիպ ծրագրերի առաջարկներ են մշակվել Վիետնամի, Եգիպտոսի, Կամբոջայի եւ մի քանի այլ երկրների կառավարությունների հետ: Այս եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պատմության այլ մանրամասներին անդրադարձան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն՝ երեկ հրավիրած իրենց համատեղ ասուլիսում՝ լայնորեն գովազդելով համալսարանը: Նրանք մանրակրկիտ ներկայացրին «պատասխանատվության կրթօջախի» հիմնադրման պատմությունը, անցած ճանապարհը, ապագա քայլերը, եկող ուսումնական տարվա ընդունելությունների ժամկետները:

Բայց նախ՝ լրագրողներին հետաքրքրող հարցի մասին. արդյոք սահմանափակվեցի՞ն Արթուր Բաղդասարյանի լիազորությունները, երբ հունվար ամսից բուհը բաժնետիրական ընկերությունից վերաձեւակերպվեց հիմնադրամի եւ ռեկտոր նշանակվեց ազգությամբ ֆրանսիացի Պոլ Ռուսեն: Ֆրանսիացիներն իրենց հատուկ քաղաքավարությամբ խուսափեցին նսեմացնել Ա. Բաղդասարյանի դերը, սակայն այնուամենայնիվ նշվեց, որ ընդհանուր կառավարումը ռեկտորի ձեռքին է, եւ որ ամեն ինչ եղել է Ա. Բաղդասարյանի համաձայնությամբ, եւ վերջապես՝ եղել է դերակատարությունների պարզեցում:

Նշվեց, որ համալսարան ընդունվելու համար բնավ պարտադիր չէ ֆրանսերենի իմացություն, դիմորդը կարող է իբրեւ երրորդ լեզու տիրապետել, ասենք, գերմաներենին կամ անգլերենին, սակայն բուհն ավարտելով նա հաստատ ֆրանկոֆոն կդառնա:

Իսկ ընդունելության համար, ըստ դեսպանի, բավական է դիմորդն ունենա շահագրգռություն ու պոտենցիալ հնարավորություններ: Ներկայացնենք, թե մոտավորապես հարցերի ինչ շրջանակ է տրվում, օրինակ, հումանիտար ֆակուլտետն ընտրած դիմորդներին. «Ի՞նչ էր սովխոզը նախկին ԽՍՀՄ-ում»: Եվ տրվում է հնարավոր պատասխանի տարբերակները. «ա. ռուս քաղաքականության հակառակորդների բանտարկության վայր, բ. պետությանը պատկանող գյուղատնտեսություն, գ. սովետական ընտրվածների ընդհանուր ժողով»:

Ի դեպ, տեստերում հարցեր են տրվում նաեւ ԶԼՄ-ներում հրապարակված հայտնի հոդվածների մասին՝ մշակութային ոլորտից մինչեւ քաղաքականություն: Մի ուրիշ հարց. «Ի՞նչ են լրատվական միջոցները», եւ հնարավոր պատասխանները՝ «ա. քաղաքական ճնշման խմբեր, բ. տեղեկատվության տարածման միջոցներ, գ. հեռուստատեսություն եւ ռադիո»: Տրամաբանությունից կարող է լինել հետեւյալ հարցը. «Կանոնավո՞ր (ճիշտ) է արդյոք հետեւյալ սահմանումը. ջերմաչափը չափիչ գործիք է, որն օգտագործվում է հիվանդի մարմնի ջերմաստիճանը որոշելու համար»:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել