Վերջին հայտարարությունները
ԱԺ ամբիոնից դարձյալ հայտարարություններ անելու հնարավորություն
պատգամավորները կունենան մեկ էլ աշնանը: Իսկ այս նստաշրջանում երեկ վերջին
անգամ ընձեռվեց այդ առիթը: Էմմա Խուդաբաշյանն ասաց. «Իշխանություն-ընդդիմություն
հարատեւ այս պայքարից երկու կողմերն էլ աշխատում են դուրս գալ յուրաքանչյուրը
քաղաքական միավորներ շահած եւ ակնհայտ է, որ կողմերի այս հակամարտության
պատճառով, ինչպես միշտ, տուժում է հասարակ ժողովուրդը»: Պլաստիկե շշով հարվածելու
համար ազատազրկված Էդգար Առաքելյանի օրինակը բերեց, եւ Ռոբերտ Քոչարյանին
կոչ արեց ներողամտություն հանդես բերել նրա նկատմամբ:
Արշակ Սադոյանը հայտարարեց, թե ընդդիմությունը թեւակոխել է նոր՝ մոտեցումների եւ ընդհանրացումների վերագնահատման փուլ. «Ցավոք, չնայած ընդդիմության որոշ գործողություններին անձամբ ես համակարծիք չէի՝ չէի ուզում, եւ հնարավորություն էլ չունեի պարտադրել այլ մոտեցումներ: Բայց վաղ թե ուշ՝ կլինեն որակական փոփոխություններ»: Հմայակ Հովհաննիսյանը մեջբերեց Միգրացիայի եւ փախստականների գործերով վարչության հրապարակած տվյալները՝ ըստ որոնց 2004-ի առաջին 3 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնածները 25455-ով գերազանցում են ժամանածներին, եւ հեգնեց, «Հաշվի առնելով, որ ընդդիմության առաջնորդները հենց 2004-ի հունվար-մարտ ամիսներին էին շուտափույթ նախագահափոխության մասին խոստումներ շռայլում՝ կարելի է եզրակացնել, որ հազարավոր քաղաքացիներ կա՛մ չեն հավատացել նախագահափոխության հնարավորությանը, կամ էլ առհասարակ որեւէ հույս չեն կապում դրա հետ: Ահա սա, այլ ոչ թե վարչակազմի թվացյալ հզորությունն է պատճառը, թե ինչու մեզանում ձախողվեց «վարդերի հեղափոխությունը»: Վիկտոր Դալլաքյանը նշելով, թե հումորով է վերաբերվում այս պնդումների հեղինակին, նաեւ ասաց. «Չընտրված նախագահի հեռացման համաժողովրդական պահանջը միանշանա՛կ պետք է տեղի ունենա, եւ որեւէ մեկը ոչ մեկին չի խոստացել «վարդերի հեղափոխություն»: Գրիգոր Հարությունյանն էլ անդրադառնալով երեկ ԱԺ նիստերի դահլիճում կառավարության ու խորհրդարանի աշխատանքների գովաբանությանը՝ տարակուսեց. «Մեր ժողովուրդն այդքան չի՞ հասկանում, որ այս տարի 25 հազարը թողել-հեռացել են, եւ հարցումների արդյունքներն էլ ցույց են տալիս, թե 84 %-ն էլ ցանկանում է հեռանալ»:
Ա. Ի.
Հ. Գ. Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը, որը պարզվեց՝ դատապարտված
է եղել կաթի փոշու յուրացման համար, երեկ հայտարարում էր, թե ՕԵԿ-ը շարունակելու
է իր «կերտողական քաղաքականությունը», եւ «կարծում եմ՝ մենք ծանրություն
չենք մայր հողի համար»: