Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Հունիս 09,2004 00:00

ՄԱԿ
խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը վաղօրոք կանխատեսել էր, թե ընդդիմության
ծրագրած՝ պատկերավոր ասած, «պայթյունը» չի ստացվելու, եւ ամեն ինչ ավարտվելու
է գոլորշու բաց թողնմամբ՝ «փշիկ»-ով: Ձախողումը նա համարում է օրինաչափ:

– Սակայն արդյոք ընդդիմության այս ամիսների պայքարի հաջողությունը չէ՞, որ Եվրախորհուրդը պնդեց Հայաստանի 2003-ի ընտրությունների խախտումների վերաբերյալ գնահատականները:

– Մեկ տարի առաջ էլ էր ԵԽԽՎ սեպտեմբերյան բանաձեւում փաստված, որ եղել են խախտումներ: Ամբողջատիրությունից անցել ենք մեկ այլ՝ ժողովրդավարական համակարգ, եւ ուղղակի ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը մեզ համար դեռ անսովոր է: Չմոռանանք նաեւ, որ ցանկացած իշխանություն ավելի շատ հնարավորություններ եւ ներուժ ունի վարչական ճնշում գործադրելու եւ մեխանիկական ազդեցություն ունենալու ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա: Եվ չառանձնացնենք, թե Քոչարյանի իշխանությունն է միայն այդպիսին՝ անցումային շրջանում գտնվող բոլոր երկրների իշխանություններին է բնորոշ սա:

– Որպես ընդդիմության անխուսափելի պարտության նախապայմաններից մեկը՝ նաեւ պնդում էիք, թե որեւէ պետություն կամ միջազգային լուրջ կազմակերպություն չկա մեր ընդդիմության ետեւում: Չե՞ք կարծում, թե սա հաճոյախոսություն է ընդդիմության հասցեին՝ այլապես կարող էին մեղադրվել Հայաստանի օրենքները խախտելու ու դրսից ֆինանսավորվելու մեջ:

– Արգելվում է ֆինանսավորել քաղաքական կառույցներին, սակայն հանրահավաքային գործառույթները քաղաքական կառույցի կենսագործունեության ոլորտից չեն: Չէ՞ որ ցանկացած քաղաքացի, ով համակրում է ընդդիմության գաղափարներին ու նպատակներին՝ կարող է տրամադրել միջոցներ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ լուծելու համար:

Մնում եմ այն տեսակետին, թե ընդդիմության իրականացրած գործառույթները նաեւ հրահրված էին մոսկովյան առեւտրային կառույցների կողմից:

– Ի՞նչ շահագրգռություն ունեին նրանք Հայաստանում իշխանափոխության մեջ: Ինչո՞վ գործող իշխանությունը, որ զանազան ձեռնարկություններ է փեշով հանձնում Ռուսաստանին՝ չի գոհացնում այդ կառույցներին:

– Խոսքն այն կառույցների մասին է, որոնք չեն ներկայացնում Ռուսաստանի իշխանությունը եւ գործում են հայկական շահերի շրջանակում: Մոսկովյան այդ կառույցներն ունեն բիզնեսի որոշակի ծավալ, որն իրենց գայթակղության առջեւ է կանգնեցնում Հայաստանում ունենալ նաեւ պետական իշխանություն:

Այլ խնդիր էլ կա. մոտեցել է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ակտիվ փուլը: Եվ մոսկովյան կառույցների հեռահար նպատակներից մեկն էլ այն է, որ բանակցային գործընթացի կողմ դառնան՝ թուլացնելով հայկական իշխանությունը ներսում: Իսկ ղարաբաղյան բանակցությունների որեւէ ձեւով ավարտն իր մեջ պարունակում է նաեւ ֆինանսական, աշխարհաքաղաքական եւ հաղորդակցային բաղադրիչներ:

– Ուշագրավ տեսակետ է, եթե հաշվի առնենք, որ մինչ այժմ ներկայացվում է, թե կարգավորման գործընթացում մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է: Իսկ Դուք պնդում եք, թե ՌԴ որոշակի կառույցներ շահագրգռված են թուլացնե՞լ Հայաստանի դիրքերն այդ բանակցություններում:

– Այո՛, վերահաստատում եմ պնդումս: Իմիջիայլոց՝ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում սպասարկում է սեփական խնդիրները եւ ոչ Հայաստանի: Այդ համատեքստում նաեւ չենք բացառում, որ ՌԴ-ն որդեգրի այլ դիրքորոշում՝ ոչ հայամետ, եթե իր խնդիրների սպասարկման արդյունավետությունն ավելի բարձր լինի այդ պարագայում:

– Փոքր-ինչ անհեթեթ չէ՞ աշխարհաքաղաքական շահերի, քաղաքական տեխնոլոգիաների մասին խոսելը, երբ ակնհայտ է, որ առնվազն վերջիններս չեն գործում Հայաստանում: Երբ մի ասուլիսում «ԱՄ» առաջնորդին մեղադրեցին, թե ընդդիմությունը չի տիրապետում քաղաքական պայքարի նրբություններին՝ հիշեցրեց ռուսական ասացվածքը, թե լոմի դեմ հնարքներ գործադրել հնարավոր չէ: Իսկ չեք վիճարկի չէ՞, որ իշխանությունն ընդդիմության դեմ գործում է իրոք լոմով:

– Գործում է գործիքների այն հավաքածուով, որոնք միշտ կան ցանկացած իշխանության տրամադրության ներքո, այդ թվում եւ՝ նշված գործիքով: Սակայն ճիշտ չէ «անհեթեթ» բնորոշումը՝ ոչինչ երբեք տեղի չի ունենում հենց այնպես: Օրինակ, բնավ պատահական չէր, որ մեր ներպետական գործընթացների կիզակետին հաջորդեց ապրիլի 25-ին Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե պատրաստ են վերականգնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, եթե հայկական զինված ուժերն ազատեն «գրավյալ» հինգ շրջանները: Ներհայկական գործընթացները ուղղակիորե՛ն են փոխկապակցված աշխարհաքաղաքական ազդեցություններին:

– Ավելի վաղ էիք հայտարարել, թե մեր երեխաները չպետք է տեսնեն, որ մի քաղաքացին մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում՝ անկախ զբաղեցրած դիրքից: Եթե անգամ չհիշատակենք ապրիլի 12-ի գիշերվա գործողությունները՝ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հանրահավաքների ընթացքում: Քանի որ Ձեր կանխատեսումներն իրականանում են՝ կանխատեսեք նաեւ, թե որքա՞ն իշխանությունը դեռ կարող է պաշտոնավարել բռնությունների միջոցով:

– Մնում ենք նույն տեսակետին՝ կողմնակիցը չենք նման մեթոդների եւ չենք ողջունում իրականացված գործողությունները: Սակայն իրատես լինելով հասկանում ենք, որ ցանկացած հասարակությունում, որտեղ չեն կայացել քաղաքացիական ինստիտուտները՝ բացառված չեն նման երեւույթները:

Հայաստանին սա չի վերաբերում, բայց տեսական առումով՝ կարող եմ տարբեր երկրներ մատնանշել, որտեղ վարչակարգերն ինչ-ինչ մեխանիզմների օգնությամբ գոյատեւել են շատ երկար, մինչեւ չեն սպառել իրենց ողջ ներուժը:

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել