Երրորդ ուժ՝ չի լինելու Դատելով ընդդիմության հանրահավաքներին մասնակցողների օրեցօր նոսրացող շարքերից պետք է ենթադրել, որ ընդդիմության առաջ քաշած իշխանափոխության պահանջն այնքան էլ հասարակական պահանջին համահունչ չէ: Ավելին, կարելի՞ է ենթադրել, որ դա ամենեւին էլ հասարակական պահանջ չէ: Մեր այս հարցադրման հետ քաղաքագետ Հրաչ Գալստյանը չհամաձայնեց: Ըստ նրա՝ որ իշխանափոխության հասարակական պահանջ կա՝ հստակ է, եւ դրա վկայությունը ոչ միայն այսօր ծավալվող իրադարձություններն են, այլեւ՝ վերջին երկու տարվա զարգացումները: «Այսինքն, երբ բողոքի իրական առիթ է լինում՝ ժողովուրդն իր բողոքն արտահայտում է: Դա երեւաց դեռ անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, նաեւ դրանից հետո՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո սկսված շարժման ժամանակ, նաեւ այս տարի, երբ ընդդիմությունը որոշակի հույսեր ներշնչեց, թե ինչ-որ բան կարող է փոփոխվել: Այլ խնդիր է, որ իշխանափոխության սուբյեկտը, ըստ էության, առայժմ չի կարողանում այդ պահանջը ձեւակերպել՝ հասարակական լայն շարժման վերածվելու համար: Այսինքն՝ «խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ՝ ընդդիմության մեջ է»,- կարծիք հայտնեց Հ.Գալստյանը: Իր այս գնահատականը պարզաբանելու համար նա նաեւ հավելեց, թե «ընդդիմությունն, ըստ երեւույթին, իշխանափոխությունն այլ կերպ է պատկերացնում, քան՝ ժողովրդի միջոցով»: Արդյո՞ք դա նշանակում է, որ ընդդիմությունն իշխանափոխություն անելու հույսերը կապում է ավելի շատ արտաքին գործոնների, քան՝ ժողովրդի հետ: «Նաեւ»,- մասամբ համաձայնեց քաղաքագետը: Այդուհանդերձ, ըստ նրա, «ժողովուրդն ինքը, անկախ ընդդիմության առաջնորդների կամքից, պետք է ձեւակերպումներ տա իշխանափոխության իր պահանջին, ինչպես դա եղավ 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբներին՝ քաղաքական եւ կազմակերպչական ինքնուրույն խմբեր ձեւավորելով եւ ինքնուրույն գործառույթներ ստանձնելով: Այսօր դա առաջնորդների ֆորմատով է արվում, որի հետ հասարակությունը կապ չունի: Իսկ դա չի ստացվում նաեւ ընդդիմության պատճառով»: Մյուս կողմից, նրա ասելով, ընդդիմության ներսում կազմակերպչական, միջանձնային եւ քաղաքական-գաղափարական խնդիրներ կան, որոնք առայժմ ավելի արդյունավետ գործելուն խոչընդոտում են: Միաժամանակ նա չհամաձայնեց այն կարծիքին, թե ընդդիմության հանրահավաքային նախաձեռնությունը աստիճանաբար մարում է: «Ավելի շուտ իշխանություններն ու ընդդիմությունը փոխադարձ հյուծման պրոցես են սկսել: Բայց եթե ընդդիմության ռեսուրսը դեռ վերականգնվող է, ապա իշխանությանը՝ վերականգնվող չէ»: Ինչ վերաբերում է երրորդ ուժի ի հայտ գալու մասին խոսակցություններին, ապա՝ «Այդ երրորդ ուժի մասին խոսակցություններն օդից են վերցրած: Դրանք ավելի շատ «PR» ակցիաներ են: Մինչդեռ երրորդ ուժի մասին խոսում են այն մարդիկ, ովքեր այսօր քաղաքական դաշտում մարգինալ են եւ ովքեր ուզում են քաղաքական դաշտում իրենց համար «նիշա» ստեղծել»: Սեփ. լր.