Խոզ գողացողը Ավետարան էլ կգողանա
1999-ի օգոստոսի 5-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, դռնբաց նիստում, գողության համար տարբեր պատժաչափեր ստացան Գեւորգ Ալեքսանյանը, նրա կինը՝ թաթարուհի Գյուլնարա Ալեքսանյանը, Արմեն Մազմանյանը եւ անչափահաս Էդգար Մկրտչյանը։ Գ. Ալեքսանյանը նախկինում դատապարտվել էր մի քանի անգամ՝ 1976-ին, 78-ին, 81-ին, 88-ին, 96-ին։ Գ. Ալեքսանյանը մինչ մեր պատմության հերոս դառնալը հայտնի էր նրանով, որ գողացել էր երկու գլուխ խոզ, մորթել եւ 12000 դրամով վաճառել Գյումրիի շուկայում։ Խոզերով նա չբավարարվեց: Հանցակիցների հետ գնալով Հայկաձոր գյուղի 985թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի որոշել են գողանալ այնտեղ գտնվող կրոնական գրքերն ու խաչերը։ Բարձրանալով տանիք, քանդել են հողածածկը, մտել ներս եւ գողացել երեք խաչ, Աղոթագիրք, 1804թ. մի մագաղաթ, Ղուկասի ավետարանը, որը ժողովրդի մեջ երբեմն անվանվում է «Կարմիր ավետարան»։ Դրանք, ինչպես դատաքննության ժամանակ ներկայացրին, վաճառել են շուկայում չնչին գնով, իսկ Ավետարանը հոկտեմբերի 22-ին 50 դոլարով վաճառվում է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտին։ Ներկայանալով իբրեւ Միշա Ներսիսյան, գողը կարողանում է 80 ԱՄՆ դոլարով վաճառել 1740թ. ավետարանը։ «Առավոտին» դիմած իրական Միշա Ներսիսյանը պատմեց, որ այդ արժեքավոր մասունքները իրեն է փոխանցել պապը՝ Համբարենց Կարապետը։ Դրանք 1918-20թթ. գաղթի ժամանակ պապը կարողացել է փրկել եւ պարտավորեցրել է թոռանը, որպեսզի Հայկաձոր եկեղեցու վերանորոգումից հետո այդ գրքերը պահպանվեն այնտեղ։ Շիրակի տարածաշրջանի ՆԳ աշխատակիցները կարողացել էին վերադարձնել Մ. Ներսիսյանին խաչերը, արձանիկ մոմակալը, բացառությամբ Ղուկասի ավետարանի։
Հենվելով հանցագործների ինքնախոստովանական ցուցմունքների վրա, նրանք դիմել էին Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանին, որպեսզի գիրքը վերադարձվի որպես իրեղեն ապացույց, սակայն, ըստ Միշա Ներսիսյանի, Ս. Արեւշատյանը հայտնել է, որ «այն գտել է իր տեղը»։ Մ. Ներսիսյանը դիմել է նաեւ Շիրակի թեմի առաջնորդին, սակայն ապարդյուն։ Հոգեւոր-կրոնական մասունքների ընդհանուր արժեքը կազմում էր 215 հազար դրամ։ Գյումրիի դատարանը գլխավոր հերոսին՝ Գ. Ալեքսանյանին դատապարտել էր 4 տարի ազատազրկման, Մ. Ներսիսյանին իրավունք վերապահելով վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնել։ Քաղհայցը լսվում է առանց հայցվորի եւ վճռում նշվում է. «Ավետարանը թողնել Մատենադարանի տնօրինությանը»։ Մ. Ներսիսյանը ասվում էր, որ մինչ օրս Ղուկասի ավետարանը չի ստացել եւ բոլոր փաստաթղթերը «տվել դատարանին, որպեսզի իմ հարցը լուծվի դրական»։ Գալով խմբագրություն, նա ասաց, որ Ավետարանը իրեն հուշում է, որ «ինքը չհեռանա իր պապի պատվիրաններից»։
Հետաքրքիր է, որ դատարանը պատիժ սահմանելիս հաշվի էր առել այն, որ Ալեքսանյանը անկեղծորեն զղջացել է։ «Անկեղծորեն զղջալը դատարանը դիտում է պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք եւ գտնում է, որ հաշվի առնելով կատարած արարքի կոնկրետ հանգամանքները, նրան չպետք է ճանաչել առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ»։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը հավանաբար «կատարած արարքի կոնկրետ հանգամանք» ասելով՝ նկատի էր ունեցել, որ մինչ գողությունը հանցագործները մոմ են վառել, ապա Աստծուց «թույլտվություն» են խնդրել մոմերի դիմաց շարած հոգեւոր արժեքները «ցրելու»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ