Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակբաշխումն ավարտվե՞լ է

Հունիս 08,2004 00:00

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների հավաստիացումներով, Գյումրիում բնակբաշխման գործընթացը վերջնականապես ավարտված է:

Սակայն մարզպետարանի միջանցքներում, ավելին՝ մարզպետի ընդունարանում նույն ոգեւորությամբ շարունակվում են բնակարանների համար մղվող կռիվները: Ըստ բողոքավորների, վերջին շրջանում իրենց չի հաջողվում տեսնել ոչ նախագահի ուղարկած բնակբաշխմանն օժանդակող, ոչ էլ մարզային հանձնաժողովի նախագահին: Մեր տեղեկություններով, արդեն մեկ ամիս է՝ հիշյալ պաշտոնը մնացել է թափուր. փոխմարզպետ Արծրունի Աղաջանյանը հրաժարվել է հանձնաժողով նախագահելուց: Ի դեպ, այս հարցի շուրջ տարբեր վարկածներ կան. մի մասը հրաժարականն կապում է բնակբաշխման գործընթացի ավարտի, հետեւաբար եւ «անիմաստ զբաղմունք լինելու», մյուսներն էլ՝ «ուրիշներից ժառանգած գործից գլուխ չհանելու» հետ: Հիշեցնենք, որ պրն Աղաջանյանը նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովից ժառանգեց ոչ միայն նրա կաբինետը, այլեւ հիշյալ պաշտոնը: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ իր հերթին վստահեցնում է, որ հանձնաժողովը «անգլուխ» չէ. ներկայումս այն նախագահում է անձամբ: Իմիջիայլոց, հանձնաժողովի 15 անդամից այժմ մնացել է 5-ը, որոնց գործը բնակիչների հետ պայմանագրեր կնքելն ու լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելն է:

Եթե պաշտոնյաների հայտարարությամբ «Լինսիի» բոլոր բնակարանները հարյուր տոկոսով բաշխված են, այդ դեպքում որո՞նք են դժգոհությունների պատճառները: Հիշյալ հարցը ճշտելու նպատակով դիմեցինք բնակբաշխման մարզային հանձնաժողովին: Այստեղից պարզաբանեցին, որ ստեղծված խառնաշփոթի պատճառը քաղաքապետարանի կատարած նախնական հատկացումներն են, որոնք «կրակն» են գցել թե իրենց, թե բնակիչներին: Քաղաքացիները ժամանակից շուտ են ոգեւորվել ու «մտել» իրենց հատկացված բնակարանները, սակայն բնակարանին նոր տերեր են հայտնվել: Բնակբաշխման հանձնաժողովի անդամների ասելով, «Լինսիի» շենքերում կան 20–ից ավելի ապօրինի բնակվող ընտանիքներ: Անգամ դժգոհեցին, որ հասարակ բնակիչների համար օրինակ են ծառայել քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, որոնք ապօրինաբար վաղուց տեր են դարձել քաղաքի կենտրոնական մասում՝ Գորկու այգու հարեւանությամբ՝ Շիրակացի 205 ա հասցեում կառուցված «Լինսիի» շենքին: Պարզվում է, վերջիններիս տներից հանելը այնքան էլ հեշտ գործ չէ: Այժմ մեծ քաշքշուկներ են ստեղծվել նաեւ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, ուր բնակարանների օրինական տերերը եւ մարզպետարանը ներկայացել են վտարման հայցերով: Սա մարզպետարանի՝ «բնակարաններն ապօրինի զավթած» բնակիչներին դատի տալու առաջին փորձը չէ. քաղաքապետարանի որոշակի նախատեսումներ (հատկացումներ) դատական կարգով հիմք չեն ընդունվել եւ հարցը լուծվել է հօգուտ մարզպետարանի: Որոշ գործեր ուղարկված են նաեւ Շիրակի մարզի դատախազություն:

Բնակիչներին դատի տալը, իհարկե, մարզային հանձնաժողովի միակ գործը չէ. այն զբաղվում է նաեւ կիսատ մնացած այլ հարցերով, օրինակ, 2002-ից պետական աջակցությամբ կառուցված եւ Կարմիր խաչի բնակարանների սեփականաշնորհման գործընթացով: Այժմ ավելի քան 440 պայմանագրեր են կնքվել, որոնք ներկայացվել են պետական գրանցման՝ անհատույց սեփականության իրավունքով: Իսկ թե գյումրեցիներից ով ի՛նչ ճանապարհով է սեփականություն ձեռք բերել՝ արդար, թե անարդար. յուրաքանչյուրը մեկնաբանում է իր անձնական փորձով:

Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել