Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսը զբաղված է աշխարհիկ գործերով»

Հունիս 05,2004 00:00

«Կաթողիկոսը զբաղված է աշխարհիկ գործերով» Ամերիկյան հայկական ամսագրերից մեկը՝ «Առավոտը», վերջերս անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքի ճակատագրին՝ գրել է, որ «Ամենայն հայոց կաթողիկոսն աշխարհիկ գործերով է զբաղված»: Այս մասին երեկ հայտնեց Լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը: Գիտնականները հավաքվել էին հայտարարելու, որ թեպետ ակադեմիայի տնօրինությունից նամակ են ստացել՝ տարածքն անհապաղ ազատելու պահանջով, սակայն գիտնականները չեն պատրաստվում լքել շենքը՝ «թեկուզ իրենց վրա ջրցան մեքենաներ բաց թողնեն»: Գիտնականները պատրաստ են գնալ մինչեւ միջազգային դատարան, միայն թե շենքը չապամոնտաժվի: Իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին, թղթակից-անդամներին հղված նամակում, ի պատասխան վերջիններիս բողոքների, քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Դանիելյանը հայտնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով եւ ՀՀ կառավարության 02.10.03 որոշումով ՀՀ ԳԱԱ-ին թույլատրվել է Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքն ու արհեստանոցները, անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Պետը տեղեկացնում է նաեւ, որ շենքը պետք է ապամոնտաժվի՝ պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Կաթողիկե եկեղեցին Երեւանի Կենտրոնի քաղաքաշինական միջավայր ակտիվ ներգրավելու համար: Ապամոնտաժման հիմնավորման կապակցությամբ ակադեմիկոս Ջահուկյանը հիշեցրեց, որ ժամանակին, մետրոն կառուցելու ժամանակ, այդ նույն Կաթողիկե եկեղեցին ուզում էին քանդել, եւ միայն իր համառ պայքարի շնորհիվ այն չքանդվեց եւ պահպանվեց: Ինչ վերաբերում է ոմանց սեփականատիրական մոլուցքին, ապա մեջբերվեց 2000 թ. դեկտեմբերի 5-ի ԱԺ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող բաժնի 9-րդ կետը, որտեղ ասվում է. «ԳԱԱ-ի եւ նրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման»: Որոշումը կայացնելիս հաշվի չի առել նաեւ ինստիտուտների տնօրենների կարծիքները: Ավելին, ըստ Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանի, հարցի կապակցությամբ չի եղել նաեւ Ակադեմիայի նախագահության որոշումը. «հիմա գուցե հետին թվով արդեն կա»: Ամենայն հայոց կաթողիկոսն այս շենքի դիմաց պատրաստվում է 250 հազար դոլար տրամադրել Գրականության ինստիտուտին, որպեսզի այն վերանորոգվի եւ այդտեղ տեղափոխվեն այս երկու ինստիտուտները (ի դեպ, վերանորոգումը դեռ չի ավարտվել): Բացի այդ, կաթողիկոսը պետք է լուծի նաեւ կռվախնձոր շենքի նկուղային հարկում գործող ռեստորանների խնդիրը՝ փոխհատուցում տալով դրանցից յուրաքանչյուրին՝ 300-400 հազար դոլարի չափով: Ինչ վերաբերում է այս ռեստորաններին, ապա կաթողիկոսը գիտնականների հետ վիճաբանելով, չի հավատացել, որ այդ ռեստորանների վարձակալության հետ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների տնօրինությունները բոլորովին կապ չունեն, մինչեւ որ գիտնականների ասածը հաստատել է ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Սակայն վերջինս, պարզվում է, միայն այդ պահին է պաշտպանել գիտնականների շահերը: «Մնացած դեպքերում ԳԱԱ նախագահը կաթողիկոսի, երկրի նախագահի եւ ամենքի կողքին է, բացի մեզնից»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհ. Բարսեղյանը: «Մեր եկեղեցու սպասավորները շատ խիստ են տրամադրված Ակադեմիայի սպասավորների դեմ»,- ցավով նշում էր Գ. Ջահուկյանը: Ակադեմիկոս Ռ. Ղազարյանն էլ ներկաների պես կարծում էր, որ հետագայում շենքը իբրեւ վեհարան էլ չի ծառայի, այլ «կվաճառվի մի հաստափորի եւ գիշերային հաճույքների վայր կդառնա: Ամաչում եմ, որ Ակադեմիայի նախագահը հոժարակամ հանձնում է այս շենքը»: «Մենք նվաստացած ենք», «մեզ նսեմացնում են», «երկարաոտն քարտուղարուհիները գիտնականից բարձր աշխատավարձ են ստանում»,- բողոքում էին գիտնականները,- «իսկ կաթողիկոսը, որ իր փողերով մի ամբողջ մայրաքաղաք կարող է կառուցել, թող օգնի որբ մանուկներին՝ դառնալ հավատացյալ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել