Ինչպես խուսափել անխուսափելիից
«Առավոտի» 10-ամյակի կապակցությամբ շարունակում են տպագրել մեր ընթերցողների կարծիքները թերթի մասին:
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյան- «10 տարին, հատկապես13 -ամյա պետության մեջ,թերթի համար պատկառելի տարիք է, եւ լավ առիթ է հիշելու անցած ճանապարհը, բացթողումներն ու ձեռքբերումները: 10 տարվա կապակցությամբ կարելի է շատ մանրամասն խոսել, բայց ես հակիրճ կլինեմ:
Այսօր հավանաբար քչերն են հիշում «Առավոտի» պատանեկությունը, երբ թերթն ուներ փոքր տպաքանակ, սակայն մի քանի լրագրողներ՝ Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը, Վահե Հովհաննիսյանը եւ այլոք: Նրանք փորձում էին ձեւավորել վերլուծական նյութերով հարուստ թերթ: Հետագայում թերթը կորցրեց այդ գիծը, բայց Արամ Աբրահամյանը՝ թերթ գալով, էապես մեծացրեց տպաքանակը եւ այն դարձրեց փնտրված:
«Առավոտը» այս տարիների ընթացքում փորձում էր պահպանել հավասարակշռությունը, նյութերի բազմազանությունը եւ հրատապությունը: Եթե գործուն մեխանիզմներ ստեղծելու շնորհիվ վերջինները հաճախ հաջողվում են, ապա հավասարակշռությունը, ինչն, ընդհանրապես հայ մամուլի աքիլլեսյան գարշապարն է, միշտ չէ, որ հաջողվում է: Ցավոք, վերջին շրջանում նկատելի է նաեւ ինչ-ինչ սկզբունքներից ընկրկում, օրինակ, նյութեր են տպվում առանց ստորագրության:
Միգուցե այնքան էլ հոբելյանական խոսք չստացվեց, բայց հաստատ անկեղծ էր, եւ, հուսով եմ, օգտակար: Շնորհավորում եմ «Առավոտին», եւ նրանց, ովքեր ստեղծում են թերթը՝ տարելիցի կապակցությամբ, եւ մաղթում եմ այնպիսի հետաքրքիր հոդվածներ, որոնց շնորհիվ թերթը կկարողանա խուսափել օրաթերթերի համար անխուսափելիից՝ երեկոյան արդեն հնացած լինելուց»:
Նախկին բանտարկյալների «Օրբել» հասարակական կազմակերպություն- «Ձեր թերթն իսկական առավոտ է, որովհետեւ ամեն մարդ բացվող առավոտի հետ ակնկալում է նոր լիցք՝ դիմակայելու, նոր թափ ստանալու համար: Մեր կազմակերպությունը ստեղծվել է նախկին բանտարկյալներից: Ձեր թերթը նաեւ ճաղերից այն կողմ գտնվողների սիրած թերթն է, իսկ Ռուզան Մինասյանը՝ մեր քույրը: Մեր կազմակերպությունը «Առավոտի» բոլոր աշխատողներին ցանկանում է երջանիկ կյանք»:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ