Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Հունիս 05,2004 00:00

Դատապարտյալների
մեծ մասը բանտից դուրս է գալիս կիսահիվանդ՝ չնայած այնտեղ նրանք իրավունք
ունեն բժշկական ամեն տեսակի ծառայությունից ձրի օգտվել:
Սակայն նրանցից շատերը չգիտեն, որ բանտում կարող են անվճար բուժվել: «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային լիգայի» եւ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» կողմից 2002-2003 թթ. Նուբարաշենի մեկուսարանում եւ դատապարտյալների հիվանդանոցում իրականացված հարցումներից պարզվել է, որ կալանավորների 18,2 եւ դատապարտյալների 13,8 տոկոսն ընդհանրապես տեղյակ չեն իրենց նշյալ իրավունքի մասին:

Հիվանդ դատապարտյալները բժշկական օգնություն ստանում են դատապարտյալների հիվանդանոցում, գաղութների բուժկետերում, իսկ կալանավորները՝ մեկուսարանի բժշկական բաժանմունքում:

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բժշկական երկհարկանի բաժանմունքը ոչնչով չէր տարբերվում մյուս մասնաշենքերից: Նեղ, կիսամութ միջանցք, փոքրիկ կողպեքներով երկաթյա դռներ եւ միջանցքի լայնքը չափող հսկիչներ: Կալանավորների խցերի դիմաց բժիշկների փայտե դռներով սենյակներն են: Ատամնաբույժի, թերապեւտի, մաշկավեներոլոգի սենյակների եւ թոքերի հետազոտման (ֆլյուրոգրաֆիայի) կաբինետի հետ ծանոթությունը սահմանափակվեց դռների վրայի ցուցանակներով:

Մեկուսարանում ընթացող շինարարության պատճառով բժիշկների սենյակները փակ էին, իսկ բժիշկները հավաքվել էին մի տեղ: Հիվանդներին ընդունում էին գրասենյակ հիշեցնող այդ սենյակում, իսկ հիվանդների զննումը կատարում միակ մաշված բազմոցի վրա: «Մեկուսարան մտած յուրաքանչյուր կալանավոր պարտադիր միայն թոքերի հետազոտություն է անցնում, իսկ ռիսկային խմբի մեջ մտնողներից (արվամոլներ, թմրամոլներ, անօթեւաններ, ալկոհոլիկներ, արտասահմանյան բանտերից տեղափոխված հայ բանտարկյալներ) նաեւ արյան անալիզ են վերցնում»,- նշեց Հայաստանի բանտային բժշկության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր կատարած հարցումները ցույց են տվել, որ կալանավորների 68.2%-ի տվյալներով պարտադիր բժշկական հետազոտություն (արյան, մեզի եւ այլն) չի կատարվում, իսկ 32.8%-ը նույնիսկ չգիտի այդ մասին:

– 1986 թվականից մեկուսարանի վիրահատարանում լուրջ վիրահատություններ չեն կատարվել,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը,- կարիքի դեպքում նրանց տեղափոխում ենք դատապարտյալների հիվանդանոց:

«Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժարանը, որտեղ եւս շինարարական աշխատանքներ էին ընթանում, 170 տարի առաջ եղել է հոգեւորականի կացարան:

– Անհրաժեշտության դեպքում այժմ դատապարտյալներին վիրահատելու համար տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց,-ասում է ՔԿՀ-ի պետ Սամվել Ղազարյանը: -Սովորաբար տարեկան 20-30 հիվանդ ենք ուղարկում: Հայտեր ենք ներկայացնում առողջապահության նախարարությանը եւ ընդառաջում են:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, որտեղ 5 ստացիոնար եւ 50 դիսպանսեր հիվանդ է բուժվում, ոչ մի ախտորոշիչ սարքավորում չի աշխատում:

– 60-ական թվականներից ընդեղ մի բան ա գցված, ռենտգենի ապարատ ա: Ում ա պետք էդ ողնաշարը, ջանդակի պես գցած ա: Մի բան ա լինում, պետք ա ավտո ճարեն տանեն բանտարկյալների հիվանդանոց,- ասում է բուժկետում բուժվող 73-ամյա Ռաֆիկ Սահակյանը:

– Իմ գործը 10-15 անգամ դժվարանում է գործիքներ չլինելուց,- ավելացնում է բուժկետի միակ բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Բաղդասարյանը: – Գաղութը քաղաքից հեռու է, հարմար չէ օրական էդքան ճանապարհ կտրել ու հասնել էստեղ: Մեր ստացած աշխատավարձը իսկի ճամփի ծախսը չի փակում: Էստեղից դուրս չեմ գալիս, որ գործազուրկ չլինեմ: Հարմար գործ գտնեմ, դուրս կգամ:

Բուժկետում այժմ աշխատում են մեկ թերապեւտ-բժիշկ, ատամնաբույժ եւ բուժակ, իսկ հոգեբանի եւ վիրաբույժի հաստիքները թափուր են: Գաղութում սանիտարահիգիենիկ պայմաններին հետեւում է Աշտարակի սանէպիդկայանը: Չնայած վերահսկողությանը՝ միջանցքի վերջում հիվանդների համար նախատեսված զուգարանն ու բաղնիքը կեղտի ու ժանգի մեջ էին: Իսկ պատերից պոկված խողովակներն անփութորեն ընկած էին հենց զուգարանի կենտրոնում: Բուժկետում գտնվող միակ ինֆեկցիոն հիվանդը եւս օգտվում է այստեղից: Հիմնարկում կան դատապարտյալներ, որոնք կարիքի դեպքում չեն դիմում բժշկի օգնությանը, ինչը Բաղդասարյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց.

– Մեզ չեն դիմում, որովհետեւ չեն հավատում բժշկությանը:

ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՆԻ ԱԶԱՏՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՉԱԿԱՐՅԱՆ
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել