Յուրաքանչյուր տարի պետությունը կոնկրետ գին է սահմանում ծննդօգնության
դիմաց, թե մասնավոր, թե պետական ծննդատներում տեղադրում պետական պատվեր։
Ծննդատներն էլ պարտավորվում են իրականացնել պետպատվերը եւ ծննդալուծման դիմաց
ոչինչ չգանձել։
Սակայն բոլորին է հայտնի, որ մեր ծննդատներում բացահայտորեն յուրաքանչյուր ծննդի դիմաց գանձվում է պետության հատկացրած գումարի կրկնապատիկն ու եռապատիկը։ Դա այն դեպքում, երբ 2003թ. պետությունը յուրաքանչյուր ծննդի դիմաց վճարել է 34000 դրամ, կեսարյան հատման դեպքում՝ 55000։ 2004-ին վճարը բարձրացել է։ Առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը վերահսկողության մասին հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ինչպե՞ս պետք է վերահսկողություն սահմանվի։ Ի՞նչ է՝ առողջապահության նախարարության աշխատակիցները բուժհիմնարկների միջանցքներում պետք է պահակությա՞մբ զբաղվեն։ Նախարարությունը գուշակությամբ չի զբաղվում, որպեսզի կռահի, թե որ բուժհիմնարկի բժիշկն է ապօրինությամբ զբաղվում»։ Փաստորեն, կառավարությունը հատկացնում է, բայց չի սահմանում անհրաժեշտ վերահսկողություն, որպեսզի հատկացումները ծառայեն իրենց նպատակին։ Արդյունքում, ծննդատները տարեցտարի թանկացնում են մատուցած ծառայությունների գինը, չմուծել համարձակվողներին էլ, ընդունված տարբերակի համաձայն, «լավ չեն նայում»։
Խոսելով բարձրացված հարցի շուրջ՝ առողջապահության նախարարության բուժօգնության վարչության մոր եւ մանկան բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը չի ժխտում, որ ծննդատներում այսօր անվերահսկելի վիճակ է։
– Ծննդօգնության հետ կապված բժշկական սպասարկումն իրականացվում է անվճար,- պատասխանեց Կարինե Սարիբեկյանը եւ ավելացրեց,- բայց քանի որ պետության կողմից երաշխավորվող գները որակական արժեքին չեն համապատասխանում, որոշ ծննդատներ փորձեցին համավճարի ներդրում իրականացնել։ Շուտով որոշումն օրակարգից հանվեց։ Հիմա արդեն պետության կողմից սահմանված գների աճ կա։ Եթե բժիշկների աշխատավարձն այնքան բարձր լինի, որ կարողանան ինքնաբավ ապրել, լրացուցիչ գանձումների խնդիր չի առաջանա։ Աղքատության ծրագրով ամրագրված է, որ մինչեւ 2009թ. 10 անգամ պետք է ավելանա հղիության հսկողության համար պետության կողմից վճարվող գները։
Առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետ Վ. Պողոսյանն իր հերթին չի գտնում, թե կարելի է մոտ ժամանակներում հարցին լուծում տալ եւ առաջ է քաշում այն գաղափարը, որ եթե մասնավոր ծննդատներում կան լրացուցիչ վճարումներ, դա զուտ այդ ծննդատների հիմնադիրների ու տնօրենների խնդիրն է։ Վ. Պողոսյանը նաեւ ամենայն պատասխանատվությամբ նշեց, որ առողջապահության նախարարությունը պարտավոր չէ զբաղվել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ծննդատների հարցով։ Այդուհանդերձ, անդրադառնալով մասնավոր ծննդատների խնդրին՝ Վ. Պողոսյանը նշում է.
– Բաժնետիրական ընկերություն (մասնավոր) համարվող ծննդատները կարող են իրենց հիմնադիրների հետ համաձայնեցնել եւ վճարովի ծառայություններ ունենալ։ «Բաժնետիրական ընկերության մասին» օրենքով հիշյալ ծննդատները շահույթ հետապնդելու նպատակով իրավունք ունեն զբաղվել նույնիսկ տնտեսական գործունեությամբ։ Սակայն բուն ծննդօգնության մասով ոչ մասնավոր, ոչ պետական ծննդատները իրավունք չունեն փող գանձել։ Ծննդկանը պետք է անվճար սպասարկվի։ Եթե կնշվի դեպք, որտեղ գրված կլինի, որ ծննդալուծման համար կոնկրետ գին է վճարվել, առողջապահության նախարարությունը անմիջապես ձեռնամուխ կլինի եւ կպատժի այդ հիմնարկի ղեկավարին։ Մեզ կոնկրետ փաստ է պետք։
Այդ փաստերն առկա են հանրապետության գրեթե բոլոր ծննդատներում։ Թե ինչ գումարներ են շորթվում այստեղ եւ ինչ նպատակով՝ կներկայացնենք առաջիկա համարներից մեկում։
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ