Մեր
տնտեսության տարբեր ճյուղերի մի շարք խնդիրների վերահսկողության մակարդակը
խիստ ցածր է:
Օրինակ, արտադրանքի որակի խնդիրները, սննդամթերքի վաճառքին ներկայացվող սանիտարական անգամ նվազագույն պահանջների կատարումը, սննդամթերքում՝ մարդու առողջությանն սպառնացող նյութերի քանակը, պիտանելության ժամկետի նշումը եւ այլն: Ապացույցը՝ սպառողական տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաեւ պետական մարմինների բացահայտումներն են:
Այնպես է ստացվել, որ այս խնդիրների բացառման նպատակով ստեղծված, սահմանված չափանիշների պահպանությունը վերահսկող մարմինների հիմնական մասը գործում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայության տակ: Եվ ստացվում է, որ նրանք տապալում են տնտեսության կարեւոր մի ոլորտ:
Վրիպումներ կան նաեւ չափագրող սարքերի սերտիֆիկացման ոլորտում, որոնք, ի դեպ, պարտադիր սերտիֆիկացման ենթակա են: Մեր աղբյուրների հաղորդած տվյալներով, չնայած գործունեության «պատկառելի տարիքին», մինչ օրս սերտիֆիկացված չեն կազինոների ու խաղատների սարքերը: Արդյունքում՝ հայտնի չէ, թե կազինոյում խաղարկվող գումարի որ մասը պետք է շահի հաճախորդը, թե այդ մեքենաներն ու իրենց տերերն իրականում ինչ ծավալի գումար են թաքցնում պետությունից ու հաճախորդից: Մոտավորապես նույնպիսի վիճակ է լոտոների բնագավառում. հայտնի չէ՝ արդյոք սահմանված շահումային ֆոնդն ամբողջությա՞մբ է հասնում խաղացողին, թե՞ ոչ, կամ որքա՞ն մասն է հասնում, կամ լոտոյի, խաղատան տերը ի՞նչ շրջանառություն է թաքցնում պետությունից ու իր սպառողներից: Այս բոլորը մի ընդհանուր «տանիք» ունեն՝ վերահսկողության բացակայություն, ինչն, ի դեպ, ձեռնտու է՝ հաճախորդից ու պետությունից բացի, բոլորին: Եվ վերահսկողին, եւ սպասարկողին: Չնայած հյուրանոցների «աստղերի» խնդիրը կառավարությունը փորձում է կարգավորել, բայց այս սեզոնին էլ զբոսաշրջիկները անորոշ ծառայության համար ստիպված կլինեն վճարել, որովհետեւ այստեղ էլ գործը կառավարության որոշումից այն կողմ դեռեւս չի անցել:
Փաստորեն, ժամանակին, երբ հիմնվում էին արտադրություններ, աչքաթող արվեցին ծառայության մակարդակի, արտադրանքի որակի եւ մյուս պարտադիր չափանիշների պահպանության խնդիրները:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, պարտադիր սերտիֆիկացման
ենթակա ապրանքների ցանկն ինքնին կոռուպցիոն երեւույթներ ծնող հանգամանք է:
Իրականում ազատական տնտեսությունը ենթադրում է, որ հենց արտադրողը, վաճառողը,
ծառայություն մատուցողն են շահագրգռված, որ իրենց ապրանքը սերտիֆիկացված
լինի: Ինչով, ի դեպ, անորակ ապրանքի պատասխանատվությունը վաճառողն իրենից
հեռացնում է: Հայաստանում սերտիֆիկացված ապրանքի պահանջի կուլտուրա սպառողը
դեռեւս չունի: