ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ Երեկ մեդալի հավակնող շրջանավարտները կենտրոնացված կարգով հանձնեցին երկրորդ քննությունը՝ մաթեմատիկա առարկայից: Նրանց թիվն, ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանի, 122 էր, սակայն միայն 114-ն էր առաջին քննությունից ստացել առավելագույն՝ 19 եւ 20 միավորներ: Պարզապես նրանց մեջ կային շրջանավարտներ մարզերից, որոնք չեն հասցրել հետ վերադառնալ իրենց հայրենի դպրոցները: Հայոց լեզվի քննության արդյունքները բողոքարկել են 42 հոգի, որից միայն 2-ի միավորներն են փոփոխության ենթարկվել: Մեկը 17-ից բարձրացվել է 18-ի, մյուսը՝ 18-ից 19-ի: Արդյունքում ստացվել է 114 առավելագույն գնահատական, 49-ը ստացել է 18 եւ ավելի ցածր, իսկ նվազագույն միավորը գրանցվել է 12-ը (մեկը՝ Երեւանից, մյուսը՝ Գեղարքունիքից): Ն. Ղուկասյանը տրամաբանությունից դուրս է համարում վերջին փաստը, քանի որ մեդալի հավակնողը պարզապես իրավունք չունի այդքան ցածր ստանալ, եւ այստեղ խիստ կասկածի տակ է առնվում տվյալ դպրոցի օբյեկտիվությունը՝ այդ աշակերտի գնահատման եւ երաշխավորման հարցում: Ինչ վերաբերում է մաթեմատիկայի քննությանը, ապա երեկ առարկայական հանձնաժողովի նախագահ Համլետ Միքայելյանը մեզ հետ զրույցում նորություն չհայտնեց, կրկնեց այն, ինչ ամեն տարի ասում են բոլոր հանձնաժողովների նախագահները. «Այս տարի հարցաթերթիկները կազմվել են հետեւյալ սկզբունքով. անցման շեմը հեշտ լինի, պարզ լինի, որպեսզի երեխաները ոչ թե արտագրությամբ կամ ուսուցչի հուշելով ստանան, այլ իրենք կարողանան լուծել: Իսկ վերջին 1-2 վարժությունը համեմատաբար բարդ է, որպեսզի մեդալ ստանալու համար դա էլ հաղթահարեն, նաեւ դպրոցում՝ բարձր ստանալու համար: Աստղանիշով եւ պարամետրերով վարժություն չկա»: Միաժամանակ նշելով, որ անցյալ տարվա հարցաթերթիկները չի նայել եւ ընդհանրապես դրանց ծանոթ չի, պրն Միքայելյանը այնուամենայնիվ հարկ համարեց շեշտել. «Չեմ տեսել, բայց կարծում եմ, որ այս տարվա տեստերը մի քիչ ավելի պարզ են»: Հանձնաժողովի նախագահը գուշակեց նաեւ, որ երեխաները կդժվարանան տարածաչափական խնդիրներից. «Երկրաչափությունից ավանդաբար դժվարանում են»: Ի դեպ, Հ. Միքայելյանը նաեւ ասաց, որ հանձնաժողովի կազմը հավաքել է ինքը՝ միանձնյա եւ ելնելով իր իսկ սկզբունքներից: Հանձնաժողովի անդամներից 3-ը դպրոցների ուսուցիչներ են: Մեր հարցին, թե արդյո՞ք միայն իր կարծիքը խիստ սուբյեկտիվ չէ, պրն Միքայելյանը պատասխանեց. «Սուբյեկտիվ է, ես ընտրել եմ՝ ելնելով իմ սկզբունքներից»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ