Լրահոս
Օրվա լրահոսը

666-ՐԴ ԺՈՂՈՎՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ

Հունիս 04,2004 00:00

666-ՐԴ ԺՈՂՈՎՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ Երեկ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը եւ մի շարք ՀԿ-ներ Կինոյի տանը կազմակերպել էին համաժողով, որին մասնակցում էին հոգեւոր, քաղաքական, մշակութային գործիչներ եւ բազմաթիվ հավատացյալներ։ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է իշխանություններին ցույց տալ, որ հանրությունն իսկապես անհանգստացած է, որովհետեւ ասուլիսների տեսքով իշխանությունները այդքան էլ մեծ տպավորություն չեն ստանում։ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը ՀՀ եւ ԱԺ նախագահներին, կաթողիկոսին հանձնել է 75 հազար ստորագրություն՝ ընդդեմ համարակալման եւ շուտով կհանձնի եւս 25 հազար։ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման անդամ Խաչիկ Ստամբոլցյանը նշեց. «Մենք ստորագրություններ ենք հավաքում նաեւ պատգամավորներից, որպեսզի մտնենք Սահմանադրական դատարան եւ այնտեղ կարողանանք լուծարել այդ օրենքը, որը Սահմանադրության 9 հոդվածների հետ հակասության մեջ է»։ Արդեն 16 պատգամավոր, ի թիվս Ալբերտ Բազեյանի, Մանուկ Գասպարյանի, Թաթուլ Մանասերյանի, Հրանտ Խաչատրյանի եւ այլոց, ստորագրել են։ Ինչպես նշեց Ա. Ավետիսյանը, բանակցություններ են ընթանում եւս 10 պատգամավորի հետ եւ նրանք հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 44-ի։ Խ. Ստամբոլցյանը նշեց, որ ստորագրությունների մեծ մասը ընդդիմությանն է պատկանում. «Ոչ ընդդիմադիրների հետ հանդիպել եմ, խոսել եմ, բայց նրանք ասում են՝ քանի որ սկզբում կողմ ենք քվեարկել, այժմ իրենց իմիջին դեմ է եւ պրեստիժ չէ ստորագրել։ Նրանք խոստացել են լոբբինգ անել՝ օրենքը փոխելու համար, բայց այժմ նրանց վայել չէ դեմ լինել օրենքին»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել