«ՅՈԺԻԿԸ» ԿԱՇԱ՞ՌՔ Է ՏՎԵԼ Ընդդեմ սթրիփ բարի հայցադիմում ներկայացրած քաղաքացին բացահայտումներ է անում Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, շարունակվեց Թումանյան 13 հասցեի բնակիչների հայցի քննությունն ընդդեմ «Յոժիկ» ստրիպտիզ-բարի։ Հայցվորներից մեկը՝ Լեւոն Չուքասզյանը, հանդես եկավ պատասխանողի բացատրության վերաբերյալ 7 համակարգչային էջից բաղկացած առարկություններով։ Հայցվորը հետաքրքիր բացահայտումներ արեց, մասնավորապես, մեղադրելով «Յոժիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Աղաջանյանին՝ կաշառք տալու միջոցով Կենտրոն թաղապետարանից թույլտվություն ստանալու մեջ։ Որպես ապացույց՝ նա վկայակոչեց Երեւանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Գյանջումյանի տված երեք փաստաթղթերը։ 2003թ. նոյեմբերի 24-ի փաստաթղթում փոխթաղապետն ասում է, թե Կենտրոն համայնքը ոչ մի տեղեկություն չունի, թե ում թույլտվությամբ է բացվել «Յոժիկ» գիշերային ակումբը։ Երկրորդ փաստաթղթում՝ 2004թ. ապրիլի 9-ի, փոխթաղապետը, ըստ հայցվորի, առանց «Յոժիկ» բարի անունը նշելու, գրել է, որ Կենտրոն թաղային համայնքը նրա գործունեության հետ չի առնչվում։ Իսկ 2004-ի մայիսի 5-ի փաստաթղթում հայտնել է ժամը 24-ից հետո «Յոժիկ» բարի գործելու թույլտվությունը չերկարացնելու թաղապետարանի որոշման մասին, որը թելադրված է բնակիչների բողոքներով, ընթացող դատավարությամբ։ «Խնդրում եմ դատարանին՝ դատավարությանը հրավիրել փոխթաղապետին՝ անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար, թե ինչու է ամիսներ շարունակ կոծկել այն հանգամանքը, որ «Յոժիկ» ՍՊԸ տնօրենին ժամը 24-ից հետո աշխատելու համար Երեւանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գ. Բեգլարյանի կողմից տրված է եղել թիվ 019 թույլտվությունը։ Այդ սուտ փաստաթղթերի պատճառով բնակիչներից շատերը օրեր շարունակ տարբեր հիմնարկներ են դիմել՝ պարզելու, թե ով է իրականում իրավասու գիշերային բարի իրենց պատճառած անհանգստության համար»,-ասում էր հայցվորը։ Ի դեպ, հայցվորը դատարանին ներկայացրեց նաեւ Երեւանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դասախոս Ս. Մխիթարյանի գրած մասնագիտական կարծիքը։ Պատասխանողը հայտարարել էր, որ 2003թ. օգոստոսին «Յոժիկ» ՍՊԸ տնօրինությունը բարում կատարել է կրկնակի շինարարական աշխատանքներ՝ առաստաղի ձայնամեկուսացման համար, սակայն բնակիչներին հետաքրքիր էր, թե ինչ տեխնոլոգիայով է արվել ձայնամեկուսացման աշխատանքը եւ արդյոք գիշերային ակումբի ներկայացուցիչները գիտեն, թե Թումանյան 13 շենքի պատերը, խողովակաշարերը, պատուհանների խոռոչները որոշակի ազդեցություն գործո՞ւմ են ձայնի տարածման եւ ուժի վերաբաշխման վրա։ Ի դեպ, այս ծանր հարցադրման պահին դատարանը երեք ամբաստանյալներ ընդունեց՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Քանի որ դատարանը չունի ամբաստանյալներին պահելու նախատեսված տեղ, ուստի այլ գործով անցնող քրեական հանցագործները իբրեւ անկախ դիտորդ ներգրավվեցին վերոհիշյալ դատավարությանը։ Գիշերային ակումբի ներկայացուցիչ, փաստաբան Ն. Չիքիլիջյանը կաշառքի մասին հայցվորի արած հայտարարությունը համարեց հերյուրանք, ասաց, որ այն միտում ունի իր վստահորդին վարկաբեկելու։ Նա հերքեց այն մեղադրանքները, թե հարբած հաճախորդների հայհոյանքները, ծեծկռտուքները «մարդակերներին վայել երաժշտություն կոչվածը» խանգարում է իրենց, քանի որ «կենդանի երաժիշտներ եւ կենդանի երաժշտություն բարում չես գտնի», եւ «քրեածին արարքի նկատմամբ որեւէ նյութ բացառվում է, որ չհարուցվեր ոստիկանության կողմից»,- հավելեց նա։ Դատավարության ժամանակ հնչեց նաեւ, որ բարում արգելվել է ժամը 24-ից հետո ոգելից խմիչքներ եւ ծխախոտ վաճառել, ինչը չի կատարվել։ «Յոժիկ» բարը հիմա էլ զբաղված է չարտոնված գործունեությամբ, իսկ նրա օրինազանց տնօրենը ոչ միայն արհամարհում է բնակիչների մեկ տարի տեւող զանգվածային բողոքները, այլ նաեւ գործող օրենքները»,- ասում էին հայցվորները։ Գիշերային ակումբի պատճառած աղմուկի հետ կապված՝ դատական աղմուկը շարունակվում է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ