Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստություն

Հունիս 04,2004 00:00

Նախապատրաստություն Միխայիլ Սահակաշվիլին, ըստ ամենայնի, որոշել է աբխազական խնդրով լրջորեն զբաղվելուց առաջ «գլխավոր փորձ» կատարել Հարավային Օսիայում: Արդեն երեք շաբաթ է, ինչ վրաց-հարավօսական հակամարտության գոտում որոշակի պարբերականությամբ կրքեր են բորբոքվում: Բնականաբար, աբխազական «ուղղությամբ» ծրագրվելիք քայլերը մեծ չափով պայմանավորված են լինելու Ցխինվալին կենտրոնին ենթարկեցնելու՝ Թբիլիսիի գործադրած ջանքերի արդյունավետությամբ: Առայժմ դժվար է ասել, թե իրադարձություններն այնտեղ ինչ զարգացում կունենան: Սակայն մի բան պարզ է. Սահակաշվիլին պինդ է կպել այս գործից: Իսկ թե դա ինչ է նշանակում, թերեւս ավելորդ բացատրությունների կարիք չունի. Վրաստանի նախագահն իր պաշտոնավարության կարճ շրջանին արդեն հասցրել է ապացուցել, որ իր խոսքն ու գործը միմյանցից շատ չեն տարբերվում: Հարավային Օսիան Վրաստանի համար, բնականաբար, չունի քաղաքական եւ ռազմավարական այն արժեքը, որն ունի Աջարիան՝ Վրաստանը ծովով եւ ցամաքով Թուրքիայի հետ կապող իր սահմանային հզոր հանգույցներով: Ռուսաստանի հետ սահմանակցող Հարավային Օսիան հարաբերականորեն փոքր տարածք ունի եւ տեղաբաշխված է Վրաստանի հյուսիսային դժվարանցանելի բարձր լեռնային շրջաններում: Ու թեեւ Ցխինվալը վերահսկում է Ռուսաստան-Վրաստան կարեւոր ավտոմայրուղիներից մեկը, Թբիլիսիի համար հիմա դա այնքան էլ էական չէ: Հարավային Օսիայի վերադարձն այս պահին շատ ավելի հոգեբանական, քան ռազմավարական նշանակություն ունի: Անմիջապես Աբխազիայով զբաղվելը Սահակաշվիլու համար այնքան էլ նպատակահարմար չէր լինի. չափազանց մեծ է Մոսկվայի հակազդեցությունը: Անհամեմատ մեծ է նաեւ հենց բուն Աբխազիայի դիմադրությունը: Բացի այդ, Վրաստանի նոր ղեկավարները չեն կարող նման հակամարտությունների մեջ տեւականորեն ներքաշված լինելու «շքեղություն» թույլ տալ իրենց. կառավարությանն օդ ու ջրի պես ժամանակ ու էներգիա է հարկավոր նաեւ տնտեսական բարեփոխումներով, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներով զբաղվելու համար: Ուստի, իր ներկայիս հնարավորությունները փորձարկելու, զուգահեռաբար նաեւ՝ հավանական հետեւանքներն ուսումնասիրելու առումով Հարավային Օսիային հնազանդեցնելու ծրագիրն այժմ հենց այն է, ինչ պետք է Սահակաշվիլուն: Ընդ որում, վերջինս գործադրում է ոչ միայն հարկադրման, այլեւ բոլոր հնարավոր լծակները՝ փորձում է սիրաշահել օսերին, տեղի ռուսներին, շարժման մեջ է դնում դիվանագիտական մեխանիզմները: Այս ամենի արդյունքում առաջացող կողմնակի քաղաքական էֆեկտներն առայժմ կանխատեսելիության տիրույթում են. ԱՄՆ-ն քաջալերում է Թբիլիսիին եւ դարձյալ խոսում ռուսական ռազմակայանների Վրաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Մոսկվան իր սովորության համաձայն նեղսրտում է, Վրաստանի ղեկավարությանը հիշեցնում նախկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների մասին ու զարմանում ԱՄՆ-ի կեցվածքից: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել