ԿԱ՛Մ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ, ԿԱ՛Մ «ՂԱՐԱԲԱՂ ԿՈՄԻՏԵ» Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ նման առաջնորդներ են մեր ընդդիմությանը պակասում հաջողության հասնելու համար: – Ընդդիմադիր մի շարք գործիչներ, որոնք դժգոհություններ ունեն «Արդարությունից» եւ «ԱՄ»-ից, պնդում են, թե քանի դեռ նրանք են զբաղեցրել ասպարեզը, մյուսների համար ծավալվելու տեղ չկա: Մինչդեռ Հասարակական կազմակերպությունների ֆորումի գործունեությունը (շարունակական պիկետները դատախազության դիմաց եւ այլն) կարծես ապացույց դարձավ, որ եթե ասելիք կամ անելիք ունես, կարող ես նվաճել սեփական ասպարեզը: – Քաղաքացիական այդ նախաձեռնության առնչությամբ նշեմ, որ բողոքի գործողություններին մասնակցողներից շատ-շատերը նույնպես մեծ հիացմունք չունեն ընդդիմության նկատմամբ: Եվ սա ավելի շուտ խղճի հարց է, որ անկախ քաղաքական ուժերի նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից՝ ասես քո խոսքը, բողոքես երկրում տիրող անարդարությունների դեմ: Կարծում եմ՝ հասարակությունը չպետք է սպասի լավ թագավորի կամ թագավորի թեկնածուի, ի՛նքը պետք է սեփական գործունեությամբ հասնի նրան, որ ցանկացած իշխանություն էլ զգուշանա կատարել այն ամենը, ինչ կատարվում է այժմ: – Ընդդիմության նկատմամբ նրա համակիր ընտրազանգվածի մոտ այժմ հասունանում է խուլ դժգոհություն: Պատճառն արդյոք այն չէ՞, որ ընդդիմությունն այս էլ որերորդ անգամ շարժումը տանում է դեպի մարում: – Իհարկե, անշնորհակալ գործ է ընդդիմությանը քննադատելը: Բայց ասեմ, որ Հայաստանում 1995-ից, երբ սկսեցին կեղծվել ընտրությունները եւ դա դարձավ առօրյա, ընդդիմությունը գաղափարական ասպարեզից տեղափոխվեց ցանկացած ձեւով իշխանությանը տիրանալու հարթություն: Իշխանությունները գաղափարական ցանկացած շղարշով փորձում են պահել իշխանությունը, իսկ ընդդիմությունն էլ նույնպես ցանկացած գաղափարական շղարշով փորձում է տիրել իշխանությանը: Այս տեսանկյունից՝ հասարակությունը շատ հաճախ է զգում, որ առանձնապես մեծ տարբերություն չկա երկուսի միջեւ: Սակայն եթե իշխանության նկատմամբ չկա մեծ համակրանք, ընդդիմությունից շատ ավելի մեծ են պահանջները: Եվ կամաց-կամաց հիասթափություն է առաջանում, երբ ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունն էլ չունի առանձնապես ասելիք: Իմ տեսակետն այլ է, որ ընդդիմության հաջողության չհասնելու հիմնական պատճառն այն է, որ կա՛մ պիտի ունենային, պայմանականորեն ասած, Սահակաշվիլի՝ հստակ առաջնորդ, որին ընդունեին բոլորը, կա՛մ էլ պիտի ունենային, դարձյալ պայմանականորեն ասած, «Ղարաբաղ կոմիտե», այսինքն՝ համախոհների մի թիմ, որն առանց ներքին հակասությունների է գնում որոշակի քայլերի: Ցավոք, մեր ընդդիմությունում բացակայում են թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս առումով տպավորություն ունեմ, թե ընդդիմության հիմնական դերակատարները, եթե իրենք չեն դառնալու նախագահ, ապա ավելի շատ կցանկանային, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ նախագահ: Եվ 2003-ի ընտրությունների առաջին փուլից հետո դերակատարներից մեկը մյուսին չմիացավ այն պատճառով, քանի որ այդ մեկը կարող էր դառնալ նախագահ: Իսկ այսպես նա գուցե դեռ պահպանում է հնարավորությունը նախագահ դառնալու համար: – Սահակաշվիլու հետ համեմատությունները ցավագին են ընդունում անգամ իշխանության ներկայացուցիչները: Ասենք՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, թե Վրաստանն այդ ամենի հետեւանքով դարձել է ԱՄՆ նահանգներից մեկը: Սակայն չե՞ք կարծում, թե Հայաստանն էլ այսօր կարծես Ռուսաստանի գավառներից մեկն է, եւ ոչ միայն իշխանությունն է այդ փոսը գցել երկիրը, այլ ընդդիմությունն էլ առանձնակի ցանկություն չունի փոխել այդ վիճակը: – Իմ կարծիքով, ոչ թե Ամերիկան փոխեց Վրաստանում իրավիճակը, այլ տեսնելով, որ այն փոխվում է՝ օգտվեց դրանից, եւ իր խաղաքարտերը ներմուծեց այդ խաղում: Եթե Հայաստանում էլ լինի որեւէ լուրջ շարժում, եւ արտերկիրն արձանագրի դա, Եվրոպան կամ մեկ ուրիշն անպայման կփորձեն պոտենցիալ իշխանության եկողի հետ պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ: Սա կլինի միայն աջակցող, այլ ոչ թե հիմնական գործոն: Իսկ Հայաստանն ամեն մի կեղծված ընտրությամբ իշխանությունը պահելու գնով ավելի շատ անկախություն է նվիրում Ռուսաստանին: Եվ ցավում եմ, որ նաեւ ներկա ընդդիմությունն է իշխանության հետ առավել վիճում ոչ թե նրա շուրջ, որ երկիրը վերադարձնի բնականոն հուն, այլ նրա, թե ով է լինելու Հայաստանի վերակացուն՝ նշանակված Ռուսաստանի կողմից, ընդհուպ մինչեւ հանրահավաքի հարթակից ՌԴ նախագահին ռուսերեն խնդրագիր ներկայացնելը: Այս տեսակետից՝ գուցե Ռուսաստանի համար էլ միանգամայն միեւնույն է, թե ով է լինելու, քանի որ նրանք բոլորը վիճում են, թե ով է ավելի ռուսամետ: Իհարկե, ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնք այդպես չեն մտածում, բայց վախենում են անկեղծորեն ասել իրենց կարծիքը, քանի որ կարծում են, թե ժողովրդի մեծամասնությունն ունի ռուսական կողմնորոշում: Հայաստանի համար ամենամեծ ցավն այս է: – Ընդդիմությունը հույս ունի, թե իր շարունակական հանրահավաքներով կկարողանա մաշեցնել իշխանության ներուժը եւ պահել մշտական լարվածության մեջ: Ձեր կարծիքով, կհաջողվի՞ այդ, թե՞ կմաշվի միայն ընդդիմության համակիրների զանգվածը: – Տեսակետս մոտ ապագայի վերաբերյալ մի փոքր այլ է: Թեեւ 2003-ի ընտրություններից հետո կարողացան պահել իշխանությունը, բայց ամեն դեպքում մարդկանց ուղեղներում Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չէ: Ուժային մեթոդներով իշխանությունը պահելու այս փորձերը գուցե ժամանակավորապես արդյունավետ լինեն, բայց չեն կարող վերջնական լինել, եւ անպայմա՛ն կլինի հանգուցալուծում: Չի կարող երկար շարունակվել այս անբնական վիճակը: Իսկ թե ինչպես կլինի հանգուցալուծումը, դժվարանում եմ կանխատեսել. հնարավոր է՝ ներսից լինի, գուցե դրսից, չեն բացառվում անգամ ահաբեկչական երեւույթները: Քանի որ այնտեղ, ուր չի գործում արդարադատությունը (իսկ Հայաստանում ուղղակի չկա արդարադատություն) փոխարենը գործում են այլ մեխանիզմներ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ