Լրահոս
Օրվա լրահոսը

Գողթան գավառի տարեգիրը

Հունիս 04,2004 00:00

Արգամ Այվազյանի 14-րդ գիրքը, որտեղ զետեղված են բացառիկ լուսանկարներ

Նախիջեւանի մասին պատմող փաստավավերագրական բացառիկ կադրեր պարունակող «Բանտված հայաշխարհ» տեսաֆիլմաշարի առաջին՝ «Խզված մեղեդի՝ Ջուղա» ֆիլմից հետո վերջապես լույս տեսավ հայագետ Արգամ Այվազյանի «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» գիրքը:

Երեկ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հեղինակի գրքի շնորհանդեսը:

Ա. Այվազյանը 1965-ից զբաղվում է ներկայիս Նախիջեւանի Հանրապետության կազմում ապօրինաբար ընդգրկված Գողթն, Երնջակ, Նախճավան, Շարուր, Ճահուկ-Շահապոնք գավառների պատմաճարտարապետական ժառանգության, վիմագրության ու մշակույթի ուսումնասիրությամբ:

«Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» մատենաշարի առաջին հատորը նվիրված է Ջուղային: Գիրքն ընդգրկում է շուրջ 1200 վիմագրական արձանագրություններ, որոնցից 900-ը հայագիտության մեջ շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: «Վերջին տարիներին, մասնավորապես 2002-ին Ջուղայի հռչակավոր գերեզմանատունը հիմնովին ավերվեց ադրբեջանցիների կողմից, այնպես որ, այս հատորը, գիտականից բացի, ունի պատմական եւ քաղաքական նշանակություն: Պետական այրերն ու քաղաքական գործիչները գիրքը կարող են որպես փաստաթուղթ ներկայացնել նախիջեւանյան մշակութային արժեքների ոճրագործության, եղեռնի փաստը միջազգային ատյաններում համապատասխան կարգով լուծում տալու համար»,- ասաց հեղինակը: Նա ափսոսանքով նշեց, որ գրքի լույսընծայմանը պետական որեէ մարմին չի աջակցել, հետեւաբար գիրքը միայն իր եւ մի խումբ նախիջեւանահայերի միջոցներով, մեծ դժվարությամբ, 200 օրինակով է տպագրվել:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւս կարեւորելով հեղինակի կատարած աշխատանքը, նշեց. «Արգամ Այվազյանը դեռեւս սովետական իշխանության դժվարին տարիներին հուշարձան առ հուշարձան կարողացավ փրկել անդառնալի կորստից: Ես հիշում եմ՝ ինչ արգելքներով, անվտանգության մարմիններ հետ ինչպիսի բախումներով Արգամը կարողացավ պահել ժողովրդի հոգեւոր հարստությունը: Այն աշխատությունները, որոնք ստեղծել է Արգամը, ուղղակի կունենային բանահյուսական արժեք, եթե նա այս հիշատակությունները չթողներ՝ յուրաքանչյուր հուշարձան չափագրելով, լուսանկարելով եւ ապացուցելով, որ վերջին 100-ամյակին ոչ միայն եղել է դարասկզբի ցեղասպանությունը, այլեւ մշակութային արժեքների ցեղասպանություն»:

Ակադեմիկոս Ալեքսանդր Կիրակոսյանը ոչ միայն խոսեց Ա. Այվազյանի վաստակի ու Գողթան գավառի ճարտարապետական կոթողների ոչնչացման, այլեւ Երեւանի հուշարձանների անմխիթար վիճակի, նույնիսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասին:

«Մեր ճարտարապետը հանցագործ է, էս ինչ օրի է հասցրել էս քաղաքը, օպերայի շրջակայքը, բա մեր տիեզերական բանաստեղծ Իսահակյանի հուշարձանը ոնց են շրջափակել սրճարաններով»,- բեմից հայտարարեց նա: Դահլիճը արձագանքեց բուռն ծափահարություններով:

«Ղարաբաղցիները ուշքի եկան, երբ տեսան հայաթափված Նախիջեւանը: Նախիջեւանցիներն էլ պիտի կրկնեն Արցախի պատմությունը: Եվ գուցե մի օր ստեղծվի երրորդ հայկական պետությունը՝ Նախիջեւանը»,- հույս հայտնեց ներկաներից մեկը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել