Մինչ աշխարհը հայերի համար ամենաճակատագրական հարցերից մեկի՝ Ղարաբաղյան խնդրի լուծման հնարավոր ուղիներ է փնտրում, ազատագրված տարածքներում անխռով իրենց օրվա հացն են վաստակում մեր հայրենակիցները՝ աշխարհի «դարդին» անտեղյակ:
Շահումյանի շրջան (նախկին Քարվաճառ) մեր այցելություններն ամեն անգամ անակնկալներով են ուղեկցվում: 2-3 տարի առաջ հիմնադրված գյուղերն անգամ լիովին կենսական հունի մեջ են ընկել: Պետք է միայն մի փոքր աշխատասիրություն, եւ քո հողը քեզ երբեք հուսախաբ չի անի: Դե, գրեթե երբեք: Միակ վտանգը տարերային աղետներն են, որոնց դեմ ոչ մի երկիր չի կարող պայքարել: Իսկ նման իրավիճակներում այստեղ ժողովուրդը հայտնվել է ոչ մեկ անգամ: Մի տարի առաջ, օգոստոսին, օրինակ, մի քանի գյուղերում կարկուտը կոտրեց բերքառատ ծառերը, հողի երես հանեց գյուղացու ցանած բանջարեղենը: Սակայն այստեղ գյուղացու եկամտի աղբյուրը միայն հողագործությունն ու այգեգործությունը չեն: Անասնապահության համար այստեղ գյուղացին տառացիորեն ոչ մի լումա չի ծախսում: Մեզ հետ զրույցում շահումյանցիներն ասում էին, որ մեղմ ձմեռը եւ առատ բուսականությունը թույլ չեն տա, որ իրենց անասունը ամենախստաշունչ ձմռանն անգամ 20 օրից ավելի գոմում մնա: Իսկ այնտեղ վերաբնակություն հաստատել ցանկացող յուրաքանչյուր անձ նախնական անասնավարկով ապահովվում է պետության կողմից: Այս շրջանում կան գյուղեր, որտեղ դեռ էլեկտրականություն էլ չկա: Չկա ռադիո եւ հեռախոսակապ: Իսկ դա նշանակում է, որ չկա որեւէ լրատվության մուտք: Սակայն հոսանքագծերն արդեն գյուղ են հասել, եւ մոտ 2 ամսից այս հարցն էլ կլուծվի: Այս պահին գյուղացուն մտահոգում է միայն գյուղում դպրոց ունենալը, որպեսզի երեխաներն ստիպված չլինեն ամեն օր 5-6 կիլոմետր անտառի միջով կտրել-անցնել՝ հարեւան գյուղի դպրոցը հասնելու համար: Կամ էլ վերջիններս ստիպված են լինում ամբողջ շաբաթը մնալ հարեւան գյուղի ծանոթի տանը:
Մոտ 2 ամիս առաջ ավարտին հասցվեց այս շրջանի ամենահեռավոր գյուղերից մեկի՝ Նոր Մանաշիդի դպրոցը: Այն կառուցվեց ԱՄՆ «Հայ կրթական հիմնարկություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ջանքերով եւ Մինա ու Հակոբ Շիրվանյանների հովանավորությամբ: Ճիշտ է, դպրոցը դեռեւս անհրաժեշտ կահույքով ապահովված չէ, սակայն այսօր դա մի տեսակ ետին պլան է մղված, քանի որ այս գյուղի բնակիչների շրջանում չկան մանկավարժներ, որոնք կարող են դպրոցահասակ երեխաներին գոնե նվազագույն գիտելիքներ տալ: Վերջերս մեզ հետ զրույցում ԿԳ նախարար Սերգո Երիցյանը համոզված ասաց, որ շատ մանկավարժներ կան, որոնք կցանկանան բնակվել ու աշխատել Արցախում: Եվ խոստացավ հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր սկսել: Իսկ մինչ այդ, նախարարը Քարվաճառի երեխաների համար գնդակներ ու այլ խաղալիքներ է պատրաստել: Սակայն, ընդհանրապես, վերաբնակեցման փորձը ցույց է տալիս, որ «աշխարհից կտրված» այսպիսի գյուղերում քաղաքաբնակները չեն հարմարվում: Այստեղ պետք են, այսպես ասած, հողի գինն իմացող ու աշխատասեր մարդիկ: Եթե դրանք միայն գյուղացիներն են, ապա պետք է հիշել վերջերս պաշտոնապես ֆիքսված փաստը, թե Հայաստանի շրջաններում դեռեւս 12 հազար ուսուցիչ չունի համապատասխան բարձրագույն կրթություն: Այսինքն՝ այստեղ եւս կադրերի պակաս կա: Իսկ եթե նախարարի հույսերը կապված են թոշակի անցած ուսուցիչների հետ, որոնք ուզում են խաղաղ ծերություն վայելել իրենց պապերի հողում, այս դեպքում արդեն նշմարվում է ազատագրված տարածքներում բնակվող սերունդների ապագան:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ