Ռոբերտ Քոչարյանը հունիսի 1-ին այցելեց Գյումրի։ Ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցների լուսաբանմամբ, գյումրեցիները գոհ են, ուրախ եւ շնորհակալ իշխանություններից։
Մենք Գյումրի այցելեցինք հունիսի 2-ին։ Ոչ ընտրյալ գյումրեցիների հետ զրույցից պարզ դարձավ, որ քաղաքի բնակիչների մեծ մասը ոչ գոհ է, ոչ ուրախ, ոչ էլ՝ շնորհակալ իշխանություններից։
«Տասը հոգուց բացի, Հայաստանում բոլորը մուրացկան են»,- ինչպե՞ս եք ապրում հարցին պատասխանում է մի գյումրեցի ու հավաստիացնում, որ մուրացկաններ շատ կան հատկապես նորակառույց Անի թաղամասում։ Ժամը 12-13-ի մատույցներում նշված թաղամասում մուրացկաններ չկային, բայց բազմաթիվ դժգոհողներ կային։ Նախագահն ասում է, թե լավ է ձեր վիճակը, զարգանում եք՝ մեր դիտարկմանը մի երիտասարդ պատասխանեց. «Նախագահը ձեւ կբռնե»։ «Մենք կուզենք, որ մեր մարզպետին խփած եղնինք»,- համարյա բղավում է Անահիտ Հարությունյանը, որ զրկվել է տնակից եւ այժմ էլ ստացած բնակարանից զրկվելու վտանգի առաջ է։ Նա հինգ ամիս արդեն նորակառույց բնակարանում է, բայց դեռ որոշումը չի ստացել ու լսել է, որ այդ բնակարանը ուրիշի են տալիս։ «Ես կյանքս որոշ չափով ապրել եմ, երկու թոռներիս մասին եմ մտածում»,- վթարային շենքում ապրող տատիկն է ասում՝ բնակարան ստանալու հույսով։ Սակայն ըստ նրա, Գյումրին մի քիչ գեղեցկացել է, նախկին սգավոր տեսքը էլ չունի։
«Նախագահը եկավ հերթական խաբեության։ Խոստումներ տվեց, այնպես, ինչպես խոստումներ տվեց, թե շաքարի եւ ապակու գործարաններ կկառուցվեն, բայց չեն արվել»,- հայտարարում է ժամանակին Բայանդուրի թռչնաֆաբրիկայի տնօրեն Խ. Խաչատրյանը։ Այս ձեռնարկությունն էլ չի գործում եւ, ըստ նախկին ղեկավարի, «քաղաքի 90%-ը կարիքավորներ են, 10-ը՝ թալանին մասնակցող մարդիկ»։ «Նախագահը իրանից բաներ կհնարե։ Ոչ մի բան էլ չի փոխվե, աշխատանք չկա, էրեխեքս ստեղ չեն։ Լողավազան է կառուցում։ Ժողովուրդը սոված փորին էրթան-լողնան՝ ջրից մեռնեն»,- սա էլ Ա. Հարությունյանն է ասում։ Մեր զրուցակիցներից ընդամենը երկուսն էին, որ չդժգոհեցին Ռոբերտ Քոչարյանից։ Երկրաշարժի ժամանակ ընտանիքի 4 անդամներին կորցրած եւ մինչ օրս տնակում ապրող տիկին Ռ. Վարդիկյանը հույս ու հավատ ունի Ռ. Քոչարյանի նկատմամբ ու թեեւ կարծում է, որ քաղաքի մեծ մասը լավ չի ապրում, բայց «երեւի մեր ամբողջ քաղաքն է հավատում նրան։ Մենք հույս ունենք, որ մեր թագավորը մի լավ բան կանի»։
Կոշիկ վերանորոգող վարպետ Հարությունն էլ է գոհ. «Հալալ էղնի։ Մարդը կուզե մի լավ բան էնե գյումրեցոց համար»։ Վարպետ Հարությունի գործը լավ է, քանի որ «Գյումրիում բլած կոշիկ շատ կա»՝ անբարեկարգ ճանապարհների պատճառով։ Ըստ նրա, ընդդիմությունը խանգարում է նախագահին, չի թողնում, որ աշխատի, չարչարվում է իր գրպանի համար։
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ