ԽԱՐԱԶԱՆՈՂ ՀԱՐՑԵՐ
«Ես լիովին կիսում եմ Արտաշես Գեղամյանի կարծիքը, որ մենք տարբեր
կալիբրների քաղաքական գործիչներ ենք։ Քաղաքագիտության դոկտոր եւ մարդ, որը
բացի խորհրդային ժամանակների ինտրիգներից, այլ զբաղմունք չի ունեցել՝ իսկապես
կալիբրները տարբեր են»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄ առաջնորդի
մասին այսպես արտահայտվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը։
Այնուհետեւ, նոր ժամանակատերը, խոստացածի համաձայն, մի քանի հարցեր ուղղեց Գեղամյանին՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներում տեղեկացնում է, որ Ա. Գեղամյանը 3 մլն-ից տասն անգամ էժան է արժեցել։ Դա ի՞նչ է նշանակում։ Գեղամյանին փոխանցվե՞լ է 300 հազար դոլար։ Արբակ Խաչատրյանը Մոսկվայում ձերբակալվել է 180 հազար դոլար փոխանցելու համար։ Ճշմարտությո՞ւն է, որ Գեղամյանի համար է այդ գումարը փոխանցվել։ Իշխանամետության մեջ «Նոր ժամանակներին» մեղադրող Գագիկ Կոստանդյանի տղաներն աշխատո՞ւմ են Հայաստանի իրավապահ մարմիններում։ Գ. Կոստանդյանը «Գոռ» ՍՊԸ-ի միջոցով, արդյո՞ք ՊՆ-ի հետ կապեր է ունեցել, այնտեղից պատվերներ է ստացել եւ տարիների ընթացքում դրանք կատարել է։ Եվ վերջին ժամանակաշրջանում ՊՆ-ի կողմից նրա համագործակցության խնդրանքները մերժվե՞լ են, թե՞ ոչ։ Այնուհետեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջին շրջանում Գեղամյանը Մոսկվայում հանդիպել է քրեական հետապնդման մեջ գտնվող հայազգի որոշ գործարարների, արդյո՞ք նրանցից գումար է ստացել։ Հանդիպե՞լ է այլազգի կրիմինալ ներկայացուցիչների հետ։ Ա. Կարապետյանը պնդեց, որ ունի այդ բոլոր հարցերի պատասխանները։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ