Թեկուզ՝ արգելված
«Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ Հայաստանի կոմկուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Օրենքի համընդհանուր ոտնահարումների պայմաններում երկրում մոլեգնում է քաղաքական հաշվեհարդարների եւ բռնությունների ալիքը։ Ի հեճուկս ԵԽ ԽՎ-ի հայտնի բանաձեւով ՀՀ իշխանություններին ուղղված անհապաղ կատարման ենթակա պահանջների, առայսօր կալանքի տակ են ընդդիմության մեկ տասնյակից ավելի գործիչներ։ Ոտնահարված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, ինչպես նաեւ հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու սահմանադրական իրավունքը։ Չեն վերադարձվել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներից ապօրինաբար առգրավված գույքն ու փաստաթղթերը»։
Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ դաշինքի ներկայացուցիչներ Ալբերտ Բազեյանը («Հանրապետություն»), Գրիգոր Հարությունյանը եւ Ռուզան Խաչատրյանը (ՀԺԿ), Կորյուն Առաքելյանը («ԱՄ») եւ Թաթուլ Մանասերյանը ներկայացրին այս հայտարարությունը, նաեւ՝ ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքի մասին տեղեկություն տրվեց։ Ասվեց, որ անկախ այն հանգամանքից, որ քաղաքապետարանը արգելել է այսօրվա հանրահավաքի անցկացումը, իսկ դատարանը մերժել է դաշինքի հայցը՝ ընդդեմ քաղաքապետարանի արգելող որոշման, միեւնույն է, հանրահավաքը տեղի է ունենալու։
Գրիգոր Հարությունյանն ասաց, որ, ըստ օրենքի, հանրահավաքի անցկացման կամ դրա մերժման մասին պատասխանը իշխանության կողմից պետք է տրվեր 24 ժամվա ընթացքում, սակայն 24 ժամ հետո է միայն սկսվել դաշինքի հայցի քննարկումը եւ փաստորեն մերժողական վճիռ է կայացվել օրենքի խախտումով՝ չի պահպանվել ժամանակի մասին օրենքի պահանջը։ Գրիգոր Հարությունյանի եզրակացությունը միանշանակ էր. «Այսինքն՝ մեր այսօրվա հանրահավաքը օրենքով արգելված չէ»։ Ալբերտ Բազեյանն ասաց, թե քաղաքապետի արգելման որոշումը որեւէ իրավական հիմնավորում չունի. «Մեր գնահատմամբ, քաղաքապետը առաջնորդվել է նախագահի նստավայրից եկող թելադրանքով եւ կայացրել է ապօրինի որոշում ու դատարանն էլ նույն այդ թելադրանքով կայացրել է քաղաքական որոշում»։ Ի դեպ, դատարանը որոշման օրինակը դեռեւս չի հանձնել հայտատուին, որպեսզի վերջինս այն բողոքարկելու հնարավորություն ստանա։
ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը ասաց, որ բոլորովին անհիմն են հանրահավաքի մերժման համար քաղաքապետարանի ներկայացրած պատճառները, քանի որ Գյումրիում է միջադեպ եղել, քանի որ Երեւանում է միջադեպ եղել եւ այլն, ուրեմն հունիսի 4-ի հանրահավաքը պետք է արգելե՞լ. «Ստիպված ենք հնչեցնել՝ քանի որ «Առագաստ» սրճարանում ջազ լսելիս մարդ է սպանվել թիկնապահի կողմից, ուրեմն պետք է արգելվի ընդհանրապես ջազ հնչեցնել եւ արգելել նաեւ Ռ. Քոչարյանին՝ այցելել «Առագաստ» սրճարան։ Եթե պետք է առաջնորդվենք նախադեպերի տրամաբանությամբ»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ԱԺ-ն բոյկոտած պատգամավորներից մի քանիսը շարունակում ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գործուղումներին. «Մենք բոյկոտել ենք ԱԺ-ի աշխատանքները, բոյկոտել ենք որոշումների ու քվեարկությունների մասով։ Մյուս աշխատանքներին մասնակցելու ենք։ Դա չի մտնում մեր բոյկոտի ծրագրի մեջ»։ Ալբերտ Բազեյանը իր մասով ասաց, որ 98 թվականից ի վեր ինքը ԱԺ-ի հաշվին արտասահմանյան որեւէ ուղեւորության չի մեկնել, այդ ընթացքում լինելով ԱԺ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար։
Պրն Բազեյանը համաձայն չէր նաեւ լրագրողի այն պնդմանը, թե Սուրեն Սուրենյանցը եւ Արամազդ Զաքարյանը «գործուն զղջացել են». «Վաղը-մյուս օրը մենք կհամոզվենք իրենց քաղաքական վարքագծից։ Իսկ գործուն զղջացել են ոմանք, նաեւ ձեր կողմից հարգված քաղաքական գործիչներ, որոնք շատ գործուն փախել են Հայաստանից եւ դա բացատրում են վարչախմբի ճնշումներով»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ