Կարծում է նախկին այլախոհ Վարդան Հարությունյանը
«1987թ. գարնանը ինձ այցելեցին Մագադանի մարզի Սուսումանի շրջանային դատախազության աշխատակիցները: Առաջարկեցին գրավոր խոստում տալ այն մասին, որ ապագայում կապրեմ խորհրդային օրենքների համաձայն՝ չխախտելով դրանք, եւ արդյունքում՝ ազատություն ստանալ: Ինչու՞ հրաժարվեցի գրել: Որովհետեւ իմ քաղաքական հայացքները հակախորհրդային են, հետեւաբար, շարունակելով ապրել ԽՍՀՄ-ում, չեմ կարող լռել եւ կատարել խորհրդային բոլոր օրենքները՝ լինելով դրանցից շատերին դեմ: Քանի դեռ ապրում եմ ԽՍՀՄ-ում, տարաձայնություն եմ ունենալու իշխանության ու օրենքների հետ: Խոստանալ լռել՝ ես չեմ կարող, իսկ կեղծ խոստում տալ եւ, ստանալով ազատություն, շարունակել պայքարը՝ համարում եմ անպատվաբեր արարք»,- դեռ 1987թ-ին «Գլաստնոստ» սամիզդատին տված հարցազրույցում ասել էր դատախազության այդ եւ հաջորդ եւս երկու առաջարկները մերժած այլախոհ Վարդան Հարությունյանը: Մինչդեռ անցած մի քանի օրերի ընթացքում իրենց քաղաքական հայացքների եւ հայտնած կարծիքների համար կալանավորված քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամազդ Զաքարյանը, Ժորա Սափեյանը, Սուրեն Սուրենյանցը, նաեւ թռուցիկներ փակցրած Արտակ Գաբրիելյանը հաջորդաբար ազատ արձակվեցին հենց իրենց արածի եւ հայտնած կարծիքի համար նաեւ զղջալու, ափսոսալու հիմքով:
Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը ՀՀ վարչապետ, նախկին այլախոհ Անդրանիկ Մարգարյանին հորդորում էր հանդես չգալ իբրեւ այլախոհ, որովհետեւ նա եւս ժամանակին իր պատիժը ամբողջությամբ չէր կրել զղջալու եւ ներման դիմում գրելու արդյունքում: Իսկ նորօրյա քաղբանտարկյալների զղջման մասին ի՞նչ կարելի է ասել, առավել եւս, որ, ինչպես Վ.Հարությունյանն ասաց, որ հասարակության տարբեր շրջանակներ շարունակում են ակտիվորեն քննարկել հենց այդ թեման՝ «զղջացին», «հրաժարվեցին քաղաքական պայքարից» եւ այլն: «Հավատացած եմ, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է՝ ոչ ազատ, կամ՝ դեպի բռնապետություն գնացող, քաղաքական պայքարն ինքնին արդեն ձերբակալություններ է ենթադրում, «խոստանում» է, որ քաղաքական պայքարի ելած մարդը կարող է բանտում հայտնվել, ինչի մասին նա նախապես պետք է իմանա: Իմ խորին համոզմամբ, ամենակարեւորն այն է, որ նման երկրում քաղաքական գործչին ձերբակալելն ինքնին քաղաքական պայքարի շարունակություն է: Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ բանտից դուրս գան: Բանտից միշտ կարելի է դուրս գալ, բայց քաղաքական գործիչները բանտից պետք է դուրս գան ոչ թե ընկրկած, այլ՝ հպարտ ու հաղթած: Իսկ հաղթած մարդիկ բանտից դուրս են գալիս երեք դեպքում՝ պատժաչափի ավարտից հետո, հանցակազմի բացակայության, կամ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում: Այլ տարբերակ ես չգիտեմ: Այս օրերին տեղի ունեցածը տխուր երեւույթ է: Մարդիկ երեւի չեն հասկանում, թե քաղաքական գործչի համար «զղջալն» ինչ է՝ դատապարտել սեփական քաղաքական գործունեությունը: Այս դեպքում մեր ժողովրդին մնում է միայն նրանց ետեւից գնալու հարցը լուծել, թեեւ կարծում եմ, որ նա մինչեւ հիմա գնում էր ոչ թե նրանց ետեւից, այլ՝ իշխանության դեմ՝ հստակ իմանալով՝ ինչի համար եւ ուր է գնում: Կարծում եմ, այդ զղջումներն այնքան էլ շատ չեն ազդի մեր ժողովրդի ըմբոստ ոգու վրա»,- երեկ ասաց Վ.Հարությունյանը:
Նրա ասելով, խորհրդային անվտանգության մարմիններն էլ քաղաքական շարժառիթով ձերբակալվածների հետ հենց առաջին պահից սկսած մինչեւ պատժաչափի ավարտը անընդհատ եւ տարբեր մեթոդներով աշխատանքներ էին տանում նրանցից գրավոր զղջում կորզելու համար: Մեր այն հարցին, թե դա ինչի՞ համար էր պետք, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դա նշանակում էր, որ դու հրաժարվում ես քո քաղաքական պայքարից, եւ փակում ես բոլոր նրանց բերանը, ովքեր քեզ պաշտպանում են: Միակ խաբվածները պետք է լինեն, իմ կարծիքով, զղջացողների կուսակից ընկերները եւ նրանք, ովքեր այդ մարդկանց կոչերով հայտնվել են բանտերում: Բոլորը չէ, իհարկե, որ դիմանում էին այդ ճնշումներին: Ես կիսում եմ Հայրիկյանի կարծիքը, եւ այդ կարգի մարդկանց համարում եմ թույլ, բայցեւ ինձ իրավունք չեմ վերապահում բոլորից քաջություն պահանջել: Եթե նրանք թուլություն են դրսեւորել, բանտից դուրս գալուց հետո հեռանում են ասպարեզից: Ամենատարբեր մեկնաբանություններ եւ բացատրություններ ամեն մեկն ունի, բայց դրանք բոլորն էլ ինձ համար անընդունելի են եղել եւ այն ժամանակ, եւ հիմա»: Նախկին քաղկալանավորը համեմատելով խորհրդային հզոր կայսրության պայմաններում եւ հիմա գաղափարների համար ազատազրկվածների վիճակը նկատեց, թե դրանք նույնիսկ համեմատության եզրեր չունեն. «խորհրդային հսկա կայսրությունում մենք շատ քիչ էինք՝ 100-200 հոգի, մարդիկ մեզ նույնիսկ չէին ճանաչում, ԵԽ-ն մեր մասին չէր խոսում եւ ազատ արձակել չէր պահանջում: Մեզ դատում էին, իսկ դրա մասին կարող էին տեղյակ լինել առավելագույնը մեր ծնողները: Մենակության պահը շատ ճնշող էր, եւ չի կարելի նույնիսկ այն ժամանակ ներում խնդրածին համեմատել այսօրվա զղջացողի հետ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ