Լրահոս
Օրվա լրահոսը

«50 տարի հետո՝ նույն տնտեսական համակարգում»

Հունիս 03,2004 00:00

«50 տարի հետո՝ նույն տնտեսական համակարգում» Հայ լրագրողները Ստամբուլում հարցազրույց են տվել «CNN Turk» հեռուստաալիքին եւ իրենց կարծիքն արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Երեկ Ստամբուլում ավարտվեց Թերթերի միջազգային ասոցիացիայի 57-րդ կոնգրեսը եւ Խմբագիրների 11-րդ համաշխարհային ֆորումը: Այդ համաժողովին Հայաստանից մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթի խմբագիր Վարդան Ալոյանը եւ ես: Քննարկվող թեմաները զուտ մասնագիտական էին եւ ընթերցողների լայն շրջանակի համար անհետաքրքիր: Բոլոր քիչ թե շատ հիշարժան իրադարձությունների մասին արդեն պատմել եմ նախորդ ռեպորտաժներում: Միակ հետաքրքիրը, թերեւս, «CNN-Turk» հեռուստաընկերությանը տված մեր հարցազրույցն էր: Այդ հարցազրույցին մասնակցում էինք Բորիս Նավասարդյանն ու ես: Խոսք գնաց թուրք-հայկական սահմանի վերաբացման մասին: Նրանք հետաքրքրվում էին, թե ինչպիսի՞ն են հայ հասարակության տրամադրվածությունները: Ես ասացի, որ երբ թուրք պաշտոնյաները սկսում են դրա մասին խոսել, ադրբեջանցի պաշտոնյաների մոտ խանդի նոպաներ են առաջանում, եւ նրանք ասում են՝ «մինչեւ հայերը դուրս չգան Ղարաբաղից, սահմանը չբացեք»: Այնինչ մեր պետությունը ասում է, որ դա պետք է լինի առանց որեւէ նախապայմանի եւ որ երկու երկրների հարաբերությունները չպետք է պայմանավորվեն այլ երկրի հետ հարաբերությամբ: Ես ասացի, որ տվյալ դեպքում մեր կառավարությունը ճիշտ մոտեցում ունի: Խոսք գնաց նաեւ Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման մասին: Մենք ասացինք, որ դրական ենք մոտենում դրան: Ես ավելացրի նաեւ, որ իմ կարծիքով, մի 50 տարի հետո Հայաստանը եւ Թուրքիան կլինեն նույն տնտեսական համակարգի մեջ: Հարց եղավ նաեւ, թե ինչպես ենք վերաբերվում հայ-թուրքական շփումներին՝ հասարակական կազմակերպությունների, ուսանողների, երիտասարդության, գործարարների եւ այլ մակարդակով: Ես ասացի, որ լավ ենք վերաբերվում, եւ վստահ եմ, որ մեր հասարակության հիմնական մասը նույնպես դրական մոտեցում ունի, սակայն նշեցի, որ «մեր եւ ձեր հասարակությունները այնքան էլ զարգացած չեն, այնքան էլ եվրոպական չեն, եւ, իհարկե, կան խմբեր երկու երկրներում էլ, որ դեմ են այդ շփումներին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ստամբուլ Հ. Գ. Մեր մասնակցությունը ստամբուլյան համաժողովին հնարավոր դարձավ Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի «Հանուն գլոբալ խաղաղության կենտրոնի» եւ Երեւանի մամուլի ակումբի սիրալիր աջակցությամբ, որոնց հայտնում ենք մեր երախտիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել