Մեկն ընդդեմ բոլորի՞ Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց ՀԺԿ-ական Տիգրան Տեր-Մարգարյանի եւ անկուսակցական Կարեն Մարգարյանի դատավարությունը։ Վերջիններիս մարտի 28-ին, Գյումրիում, հանրահավաքի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք է առաջադրված։ Տուժողներ Համլետ Հովհաննիսյանը, Հարություն Մկրտչյանը եւ Հովհաննես Ավագյանը ոստիկաններ են, Ռոզա Հովհաննիսյանը, իր խոսքերով՝ «պատահական անցորդ, որ տուժեցի»։ Ըստ տուժողների, երեքին հարվածել է Տիգրան Տեր-Մարգարյանը, միայն Հովհաննես Ավագյանին է հարվածել Կարեն Մարգարյանը։ Ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալները «մասնակցել են չարտոնագրված հանրահավաքի եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»։ Երեկ դատարանը հասցրեց լսել միայն տուժողներին, որոնց խոսքերում կային հակասություններ եւ ոչ այնքան տրամաբանական մտքեր։ Ասենք, Համլետ Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ ասել էր, թե իրենք գիտեին, որ հանրահավաք է լինելու ու նախօրոք իջել էին Թատերական հրապարակ՝ ծառայություն իրականացնելու։ Դատարանում էլ ասաց, որ ահազանգ ստացվեց, թե հրապարակում խուլիգանություն են անում՝ իջանք։ «Բայց ոստիկանապետը նախապես հայտարարել էր, թե հանրահավաքում հասարակական կարգը պահպանելու ուժեր ոստիկանությունը չունի, ինչո՞ւ իջաք»՝ դատապաշտպանի հարցին Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Բա ի՞նչ անեինք, թողնեինք իրար ուտեի՞ն»։ Հ. Հովհաննիսյանն ասում է, որ իրեն ծեծել են, երբ փորձել է օգնել Հ. Մկրտչյանին։ Սա էլ ասում է, որ իրեն ծեծել են, երբ փորձել է կարգի հրավիրել 20-30 հոգու, որ հայհոյում էին ժողովրդին։ Ի դեպ, ոչ այս ոստիկանների, ոչ էլ տուժող ոստիկան Հ. Ավագյանի խոսքերից միանշանակ պարզ չդարձավ, թե ոստիկանները տեղ են հասել խուլիգանական դրսեւորումներից առա՞ջ, թե՞ նրանց գալուց հետո է սկսվել խուլիգանությունը։ Դատարանում ոստիկաններ Հ. Մկրտչյանն ու Հ. Հովհաննիսյանը ճանաչեցին Տիգրանին, թեեւ նրանց խփողները մի քանիսն են եղել։ Բայց նախաքննության ժամանակ Հ. Մկրտչյանը չի ճանաչել Տիգրանին ու առերեսման ժամանակ ասել է. «Հարյուր տոկոսով ինքը չէ»։ Դատարանում Հ. Մկրտչյանն ասաց. «Առերեսման ժամանակ չճանաչեցի, բայց հետո վերլուծեցի ու հասկացա, որ ինքն է»։ Ոստիկան Հ. Ավագյանն էլ ճանաչեց Կարեն Մարգարյանին, բայց ասաց, որ նրան տեսել է միայն իրեն խփելիս։ Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, ոչ հայհոյելիս, ոչ որեւէ գործողություն անելիս, Մարգարյանին չի տեսել։ Ըստ այս ոստիկանի, ժողովուրդը չէր թողնում, որ իրենք բերման ենթարկեն մի օրինախախտի։ «Ստացվում է, որ ժողովուրդը պաշտպանում էր նրան՝ ով հայհոյո՞ւմ էր իրեն»,- ամբաստանյալ Տիգրան Տեր-Մարգարյանի այս դիտարկմանն ի պատասխան, Հովհաննես Ավագյանը փորձեց արդարանալ ժողովուրդ եւ ամբոխ բառախաղով։ Տուժող Ռոզա Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե իր մատն է կոտրվել, «չի ծալվի ու վերքն էլ հլը կաշխատի»։ Այս տուժողն էլ էր միայն Տիգրանին մտապահել, այլոց դեմքերը չէր հիշում։ «Ես չեմ ուզե ինքը դատվի,- հայտարարեց Ռոզա Հովհաննիսյանը ու քիչ անց հավելեց,- Տիգրանի վրա ո՞վ կարար որ։ Տիգրանը հերոսն էր»։ Ռ. Հովհաննիսյանը ժխտեց այն վարկածը, թե Տիգրանը փորձել է իրեն խանգարել ձու նետել։ «Քանի՞ ձու հանեցին վրիցս»,- տարակուսեց նա։ Այս տուժողի արտահայտած մտքերի վրա ծիծաղում էին անգամ մյուս տուժողներն ու դատավորը։ Ձու նետելուն իրենց մասնակցությունը բացառեցին նաեւ ոստիկանները, հավելելով, որ հնարավոր չէ ձուն շպրտել 30-40 մետր, իսկ իրենք մոտ այդքան էին հեռու հարթակից։ «Մեր ոստիկանները կարող են»,- հետեւեց ռեպլիկ դահլիճից։ Դատավարությունը կշարունակվի այսօր եւ հավանաբար հենց այսօր էլ կհրապարակվի դատավճիռը։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ