Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է

Հունիս 03,2004 00:00

ԴԵՂԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է Այս տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է անդրադառնալ մենաշնորհային դիրք ունեցող պետական ձեռնարկությունների գործառույթներին։ Առողջապահության ոլորտում Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալությունն առաջին նշանակետն է։ Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը «Մեդինֆորմին» տրված հարցազրույցում մասնավորապես նշել է, որ եթե դեղգործակալությունը պետք է մեկը լինի, բայց դեղորայքի փորձաքննության եւ ներմուծման համար եզրակացություն տալու գործընթացին պետք է մասնակից լինեն այլ լաբորատորիաներ նույնպես։ Քանի որ այս կարծիքը հնչեց նաեւ նախագահ Քոչարյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Բագրատ Եսայանի կազմակերպած քննարկման ժամանակ, ուստի պետք է ենթադրել, որ հանձնաժողովի տեսակետի ենթատեքստը կապված է գործակալության՝ ըստ «իրավիճակի» կողմնորոշվելով կամայական որոշում կայացնելու հետ։ Դեղգործակալության փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը ներկրվող դեղերի փորձաքննության իրենց մենաշնորհային դիրքը գնահատեց ճիշտ. «Լաբորատորիան կառույցի մի օղակն է, եւ եթե գործակալությունը միակն է, ապա նրա ֆունկցիաների մեջ տարանջատված օղակ չի կարող լինել։ Բացի այդ, դեղերի գրանցման միակ կառույցը մեր գործակալությունն է եւ միայն մեզ մոտ է պահպանվում գրանցված դեղերի, այսպես կոչված, էտալոնային նմուշը, որով համեմատում ենք ներմուծվող խմբաքանակը։ Հետեւաբար, դա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ՝ հնարավոր էլ չէ, որեւէ այլ լաբորատորիա չունի դեղերի նմուշներ»։ Իսկ չի՞ կարելի գրանցման ժամանակ գրանցող կազմակերպությունից պահանջել դեղատեսակի ոչ թե մեկ, այլ այնքան նմուշ, ինչքան կունենանք փորձաքննություն անցկացնելու համար արտոնագրված լաբորատորիաներ։ «Դա նշանակում է, որ դեղերի գրանցմամբ պետք է զբաղվեն նաեւ այլ լաբորատորիաներ կամ կազմակերպություններ, ինչն աշխարհի որեւէ երկրում ընդունված չէ։ Այդ գործընթացն իրականացնում է մեկ մարմին»,- կրկին ընդդիմացավ մեր զրուցակիցը։ Ի լրումն՝ նա խորհուրդ տվեց ավելի լուրջ վերաբերվել դեղերի ստրատեգիական նշանակությանն ու չշփոթել այն սննդի ոլորտի հետ, որտեղ, ըստ մեր տվյալների, փորձաքննություն իրականացնող լաբորատորիան միակը չէ։ Ինչ վերաբերում է դեղգործակալության այս օղակին, ապա այն, ըստ պարոն Սահակյանի, հագեցած է տեխնիկայի վերջին խոսքով, եւ նույնիսկ հեռավոր աֆրիկյան Սիեռա-Լիոնե երկրից են դեղ ուղարկել՝ փորձաքննության։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաջորդ խնդիրը վերաբերում էր փորձաքննության համար սահմանված գների մեխանիզմին։ Դրանք կիրառվում են գործակալության տնօրենի հրամանով, գրանցված չեն թե՛ նորմատիվ ակտերով, թե՛ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում։ Այսինքն, ներմուծման թույլտվություն տալու համար գործակալությունը կիրառում է ուղղակի գներ։ Փոխտնօրենը համաձայնեց, որ այս խնդիրը կա. «Գները սահմանվել եւ կիրառվում են գործակալության տնօրենի հրամանով (Էմիլ Գաբրիելյան- Ռ. Ա.), որովհետեւ մինչեւ 2000 թիվը չի եղել այլ բան պահանջող նորմատիվային փաստաթուղթ»։ 2000-ին կառավարության 581 որոշմամբ հաստատվեց դեղերի ներմուծման եւ պահպանման կարգը, որտեղ առանձին կետով նշված էր. «Փորձաքննության ծախսերի գնացուցակը պետք է հաստատի կառավարությունը՝ առողջապահության նախարարի ներկայացմամբ։ Անցյալ տարի մենք մշակեցինք եւ նախարարի հաստատմանը ներկայացրինք գնային նախագիծը, բայց մինչ օրս նրանք ոչինչ չեն պատասխանել, ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Այդ պատճառով էլ առայժմ գործում ենք հին ձեւով»։ Ասենք, որ թեպետ նոր գնացանկը նկատելի բարձր է նախորդից, որովհետեւ «կյանքը թանկացել է, հետազոտման նյութերը՝ նույնպես»։ Բայց հին գներն էլ վատ չեն անդրադառնում գործակալության կյանքի վրա՝ կազմակերպությունն ամբողջությամբ ինքնաֆինանսավորվող է եւ ծախսածածկում ապահովում է։ Չնայած փոխտնօրենը հավաստիացրեց, որ դա լաբորատորիային չի վերաբերում՝ այն աշխատում է վնասով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել