ԵԿԵՂԵՑԻ ԿԳՆԱ՞ ԳԱՎԱՌԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ Թեեւ դեռ մայիսի 26-ին էր «ԱՄ»-ն դիմել Գավառի քաղաքապետին՝ տեղեկացնելով ընտրողների հետ հանդիպման մասին, Գավառի ոստիկանապետը երեկ խոչընդոտեց հանդիպման անցկացումը՝ ազդարարելով, թե այն թույլատրված չէ ըստ ցույցերի մասին օրենքի: Մինչդեռ ընտրողների հետ հանդիպումները կանոնակարգվում են ոչ թե այդ՝ իբրեւ ոստիկանական մահակ ծառայող օրենքով, այլ ԱԺ կանոնակարգով, որի 7-րդ հոդվածի համապատասխան՝ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր տարածք հատկացնել նրան՝ քաղաքացիների հետ հանդիպման համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի հենց այս դրույթն էլ Գավառի քաղաքապետին ուղղված գրության մեջ մատնանշել էր «Ազգային միաբանությունը»: Սակայն գրության մեջ նշված ժամին ու տեղում՝ Գավառի մշակույթի պալատին հարող հրապարակում Արտաշես Գեղամյանին ու խմբակցության անդամ Կորյուն Առաքելյանին դիմավորեցին Գավառի ոստիկանապետ Մանվել Շահինյանը, բազմաթիվ ոստիկաններ ու Ազգային անվտանգության ծառայության քաղաքացիական հագուստով աշխատակիցներ: Վերջին հանգամանքի մասին վկայեցին տեղի բնակիչները, որոնք նաեւ պատմեցին, թե դեռ առավոտից էին ոստիկանները ցրում հավաքվողներին: Ոստիկանապետը հաղորդեց, թե հանդիպումը թույլատրված չէ: ԱՄ առաջնորդն էլ տեղեկացրեց նրան. «Ձեր գործողությունները հակասում են «ԱԺ կանոնակարգ» օրենքին: Մեծագույն նվեր եք անում մեզ, քանի որ Ձեր գործողություններով հերթական անգամ ոտնահարում եք ՀՀ Սահմանադրությունը»: «Ազգային ժողովի ապրիլի 28-ին ընդունված որոշման համաձայն՝ 10-րդ կետով, չի թույլատրվում»,- ի պատասխան ասաց Մանվել Շահինյանը: Հետո պարզ դարձավ, որ օրենքի այս պաշտպանը չի տարբերում ԱԺ որոշումները օրենքներից, եւ իրականում նկատի ունի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը: «Առավոտի» հիշեցմանը, որ այդ օրենքում չկա «թույլատրում» հասկացությունը եւ հենց 10-րդ հոդվածի համաձայն՝ զանգվածային միջոցառումների մասին պետք է միայն իրազեկվի՝ ոստիկանապետն արձագանքեց անվստահությամբ. «Էտի ձեր տրյուկն ա»: Սա դեռ ամբողջը չէ: Գեղամյանին քաղաքի մատույցներում դիմավորեց Հենրիկ Ամիրխանյանը, որն ԱՄ Գավառի տարածքային կազմակերպության ղեկավար Սիմոն Ամիրխանյանի հայրն է: Հիշեցնենք, որ Սիմոն Ամիրխանյանը ձերբակալվել էր եւ 10-օրյա վարչական կալանքի էր արժանացել, երբ փորձել էր քաղաքացիներին իրազեկել «ԱՄ» խմբակցության հանդիպման մասին, ավելին՝ նրա հետ վարչական 5-օրյա կալանքի էր արժանացել նաեւ տաքսու այն վարորդը՝ Կճոզյան Ռազմիկը, որի մեքենայում երթեւեկել էր Սիմոն Ամիրխանյանը: Վերջինիս հայրը պատմեց, որ երեկ առավոտյան, երբ ԱՄ այլ աջակիցների հետ պայմանավորվել են Գեղամյանին դիմավորելու մասին եւ գնացել տաքսի վարձելու՝ նրան իրենց մոտ էին կանչել 5 հոգի: Նրանք լսել էին պայմանավորվածության մասին ու, ըստ Հենրիկ Ամիրխանյանի, հայհոյանքներ էին տեղացել ե՛ւ իր, ե՛ւ «ԱՄ» առաջնորդների հասցեին. «Ասացին՝ հիմա ոտուձեռդ կկապենք, կքցենք մաշինեն, կտանենք, եթե ուզում ես՝ երեխեքիդ վնաս չլինի, ամեն ինչ լավ լինի՝ թող գնա, սպիտակ մազերդ ենք հարգում»: Այս սպառնալիքները տեղացողները չէին ներկայացել. հայտնի է միայն, որ նրանք «Նիվա» մեքենայով էին՝ 67-660 համարանիշով: Եվ սա էլ դեռ ամբողջը չէր: Գավառի մշակույթի պալատին հարող հրապարակում բերել-կանգնեցրել էին ասֆալտ անող մեքենա, ու աշխատեցնում՝ աղմուկ էին հանում: Բնակիչները ծիծաղում էին. «Մի 20 տարի կլինի՝ ասֆալտ չեն արել, մի ժամ առաջ սկսին»: Նշենք նաեւ, որ Գեղամյանը լավ կաներ՝ ավելի երկար հանդիպում անցկացներ. սույնով Քրքորյանից ոչ պակաս կնպաստեր Գավառի ասֆալտապատմանը: Քանզի հանդիպման ավարտից ընդամենը 10 րոպե անց, երբ լրագրողներս դարձյալ անցանք մշակույթի պալատի մոտով՝ տեսանք, որ արդեն իսկ չքացել է ճանապարհաշինարարական տեխնիկան: Չնայած հարուցված խոչընդոտներին՝ բոլոր բնակավայրերում էլ մարդիկ հյուրընկալ ընդունելություն էին ցույց տալիս Արտաշես Գեղամյանին՝ դիմավորելով աղուհացով ու Քյավառի համար ոչ հատկանշական՝ գինով: «Օրաղն էլ ա պրծել»,- բացականչեց Կարմիր գյուղի մի բնակիչ, երբ «ԱՄ» նախագահը շարադրում էր տարբեր ոլորտներում այն ետընթացը, որ արձանագրել է մեր երկիրը: Ի դեպ, Կարմիրում հյուրասիրած գինուց պրն Գեղամյանը հրաժարվեց օգտվել՝ պատճառաբանելով. «Կասեն՝ քեֆը լավ էր, դրա համար էր քննադատում»: «Արխային խմա՜, համ էլ քննադատա՛»,- խորհուրդ տվեց մի քյավառցի: Արտաշես Գեղամյանն այս անգամ իր քննադատական ելույթներում անդրադարձավ նաեւ նախօրեին Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, մասնավորապես՝ ընդդիմության «իքիբիր մասշտաբների» վերաբերյալ: «Եթե երկրի ղեկավարը ղումարբազ նախարարների հետ է ընկերություն անում՝ բնականաբար, «իքիբիրի» լեզվով պիտի խոսի»,- ասաց նա: Սակայն քյավառցիներն առավել կոշտ որակումներով էին արձագանքում այն փաստին, որ Հայաստանի նախագահն իր ելույթներում օգտագործում է թուրքերեն բառեր: «Իքիբիրով խոսողները պիտի հեռանա՛ն Հայաստանից»,- ասաց Կարմիրի գյուղացի Վեմիր Մարտիրոսյանը: Սարուխանի գյուղացիներն անգամ առաջարկեցին դատի տալ Քոչարյանին՝ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար: Մեկնաբանելով Քոչարյանի մեկ այլ արտահայտություն՝ «Կարո՞ղ եք պատկերացնել Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին Ստրասբուրգում, այսպես ասենք՝ սեփական երկրի դեմ աշխատելու գործի մեջ», պրն Գեղամյանը հեռակա դիմեց նրան. «Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը երկրի իրական ղեկավարներ էին, իսկ դու իսկի Անգլիայի թագուհու կարգավիճակ էլ նրանց ժամանակ չունեիր: Ո՞նց ես նրանց անունն առանց անհարմար զգալու տալիս: Ո՞նց է լեզուդ պտտվում այդ անունները տաս այն պայմաններում, երբ Վազգենի եղբորը բանտ ես նետել, մայրն էլ գալիս էր նախագահական պալատի մոտ՝ ներս չէիր թողնում: Կարեն Սերոբիչի անունն ես տալիս, երբ քո գզիրներին ուղարկել էիր նրանց տուն՝ խուզարկության»: Նշենք, որ բոլոր բնակավայրերում էլ ընտրողները՝ օգտվելով հարց տալու հնարավորությունից, բողոքում էին, որ ճանապարհները փակում են, եւ իրենք չեն կարողանում մասնակցել հանրահավաքների: ԱՄ նախագահն ի պատասխան ասաց, թե ամեն հանրահավաքից հետո բազմաթիվ իրավապահներ ներողություն են խնդրում, եւ խոստովանում, թե հարկադրված են կիրառում նման միջոցներ՝ գործից չազատվելու համար. «Հանրահավաքների մյուս օրը գնացեք Երեւանի եկեղեցիներ եւ կտեսնեք՝ մեծ մասն օրգանի աշխատողներ են, որ Աստծուց մեղքերի թողություն են խնդրում»: Թեեւ դժվար է հավատալ, որ ոստիկաններն իրոք աստվածավախ են, այնուամենայնիվ հետաքրքիր է՝ երեկ կատարվածից հետո եկեղեցի կգնա՞ Գավառի ոստիկանապետը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ