Ինֆորմացիա՝ առաջին ձեռքից
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում Ախալքալաքի հեռուստաընկերության տնօրեն Վալիկ Քթոյանը ռուսախառը հայերենով պատմում էր, թե ինչ կարծիքի է տեղի հայ բնակչությունը իր համար անցկացվող հատուկ ծրագրի մասին: Այդ ծրագրի շրջանակներում վրացական երկու հեռուստաընկերությունների երեկոյան լրատվական թողարկումները թարգմանվում են հայերեն եւ հեռարձակվում Վրաստանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում: Ծրագիրն իրականացնում է «Ինտերնյուս» կազմակերպությունը, որի համակարգող Էկա Բերիձեն հայտնեց, որ այս երկու շրջանների ընտրությունը պատահական չէ: Դրանք հիմնականում բնակեցված են հայերով, որոնք վրացերեն չգիտեն: «Մենք մտածեցինք, որ ավելի լավ կլինի՝ նրանք իրենց երկրի մասին ինֆորմացիա ստանան ոչ թե ռուսական հեռուստաընկերություններից, այլ՝ առաջին ձեռքից»,- ասաց Բերիձեն: Նրանք ընտրել են մասնավոր Ռուսթավի-2 եւ Վրաստանի պետական հեռուստաընկերությունները: Վերջինի լուրերը հաղորդվում են Ախալքալաք եւ Նինոծմինդա, որտեղ դրանք թարգմանվում են, իսկ Ռուսթավի-2-ից դրանք շրջաններ են հաղորդվում արդեն թարգմանված:
«Մի զրկեք մեզ ինֆորմացիայի աղբյուրից»
Ծրագիրը մեկնարկել է 2003 թ. մայիսին, իսկ հեռարձակումը՝ նույն տարվա սեպտեմբերից: Այն ֆինանսավորում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարը:
Բերիձեն ասաց, որ վերոնշյալ շրջաններում բնակչությունը դժգոհ է հաղորդումների թարգմանության որակից, սակայն միեւնույն է, պնդում է, որ դրանք պետք է շարունակել: «Ինտերնյուսը» ուսումնասիրություն չի կատարել՝ պարզելու ծրագրի արդյունավետությունը, սակայն Բերիձեն ասում է, որ կազմակերպությունը դա պատրաստ է անել, եթե ֆինանսավորողը պահանջի: Այստեղ առանց հատուկ ուսումնասիրության էլ համոզված են, որ ծրագիրը հայկական շրջաններում մեծ պահանջարկ ունի:
Ծրագիրը պետք է ավարտվի հունիսին, սակայն դրա բոլոր մասնակիցները վստահ են, որ այն շարունակվելու է: «Դա հայկական համայնքի սրտով է, ձեռնտու՝ շրջանային, եւ եկամտաբեր՝ մայրաքաղաքի հեռուստաընկերությունների համար»,- ասում է Բերիձեն:
«Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ եւ բողոքում հաղորդումների թարգմանության որակից, մենք ասում ենք՝ շատ լավ, ուրեմն փակենք այդ հաղորդումները: Նրանք ուղղակի հարձակվում են մեզ վրա. «Չէ, հանկարծ մեզ չզրկեք ինֆորմացիայի աղբյուրից»,-պատմում է Վալիկ Քթոյանը:
Արդեն մեկ ամիս է՝ ծրագրի թարգմանիչ եւ հաղորդավար Զոյա Մխիթարյանը եւ Սուսաննա Խաչատրյանը Ռուսթավի-2 հեռուստաընկերությունում աշխատում են փոքրիկ խցում, քանի որ իրենց սովորական աշխատասենյակները այժմ վերանորոգվում են: Զոյա Մխիթարյանը վերջերս Իսպանիայում թարգմանչի եւ հաղորդավարի վերապատրաստման դասընթացներ է անցել՝ դարձյալ ԵԱՀԿ ֆինանսավորմամբ: Իսկ սա նշանակում է, որ ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի:
«Մեկ շաբաթաթերթը բավարար չէ»
Թբիլիսիում տպագրվող հայալեզու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանն ասում է, որ համարյա 10% հայ բնակչություն ունեցող Վրաստանի համար մեկ շաբաթաթերթը բավարար չէ: Ըստ նրա, հայ համայնքն ի վիճակի չէ թերթ պահել, իսկ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով պետությունն այլեւս չի կարող իր թերթն ունենալ: Այնպես որ, «Վրաստանը» եւս ստիպված էր անկախանալ, թեեւ ունի նաեւ պետական ֆինանսավորում: 2003 թ. երբ թերակատարվեց Վրաստանի բյուջեն, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆինանսավորեց թերթի տպագրության մի քանի ամսվա ծախսը:
«Վրաստանը» երկու անգամ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ է ստացել, որով տպագրել է վրաստանյան առավել կարեւոր օրենքները:
«Վրաստանի» տպաքանակը 3000 է, գինը՝ 25 թեթրի: Վան Բայբուրդյանն ասում է, որ շրջաններում մարդիկ նույնիսկ դա չեն կարող իրենց թույլ տալ: Ըստ Բայբուրդյանի, այս թերթը ջավախահայության ինֆորմացիայի միակ աղբյուրն է: Սակայն, ինչպես տեղեկացանք Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում, շուտով լույս կտեսնի հայալեզու մեկ այլ թերթ՝ «Հարավային դարպասներ» անունով: Ծրագրի համակարգող Դմիտրի Ավալիանին ասաց, որ դա եռամյա ծրագիր է, որը ֆինանսավորում են Եվրամիությունը եւ Ֆինլանդիայի կառավարությունը: Ծրագրի շրջանակներում ընտրվել է արդեն իսկ գոյություն ունեցող վրացալեզու հինգ անկախ թերթ, որոնց ցույց կտրվի ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական, ուսուցողական աջակցություն:
Միակ նոր հիմնադրվողը կլինի երկլեզու «Հարավային դարպասներ» շաբաթաթերթը, որը լույս կտեսնի Սամցխե-Ջավախեթիում: Հայերեն եւ վրացերեն տարբերակները լույս կտեսնեն միասին՝ 1000 օրինակ տպաքանակով:
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թբիլիսի