Օպերային
թատրոնի մեներգչուհի Նունե Բադալյանը հունիսի 6-ին հանդես կգա Անուշի դերով
«Առավոտն» անդրադարձել է երկար սպասված «Անուշ» օպերայի պրեմիերային, որ կայացավ մայիսի 15-ին: Ինչպես տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնի տնօրինությունը, հունիսի 6-ին օպերան հանդիսատեսի դատին կհանձնվի Անուշի նոր կատարումով: Այս անգամ դերերգով հանդես կգա Նունե Բադալյանը:
Ն. Բադալյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո իրեն կամերայի՞ն, թե՞ օպերային երգչուհի է համարում: Առիթը մասնագետների շրջանում երգչուհու ձայնի մասին պտտվող տարակարծություններն են:
«Իմ դիպլոմի մեջ գրված է՝ կամերային-օպերային երգչուհի: Իսկ թե ինչն է ինձ մոտ ավելի լավ ստացվում, չեմ կարող ասել: Մանավանդ կամերային եւ օպերային երգեցողությունը սերտորեն կապված են միմյանց հետ: Ճիշտ է, կամերային երգեցողությունը ասես մեկ դերասանի թատրոն լինի, բայց բարդությամբ ամենեւին չի զիջում օպերայինին: Նույնիսկ ավելի դժվար է իմ կարծիքով: Օպերային եւ կամերային ձայնային տվյալներն էլ տարբեր են: Կամերայինում դու ավելի մերկ ես կանգնած բեմում, որովհետեւ քո ամբողջ ձայնատարությունը հանդիսատեսի առջեւ է: Իսկ օպերային արվեստում քո պարտնյորները, խաղը եւ ամեն ինչ փոխադարձաբար լրացնում են միմյանց»,- պատասխանեց երգչուհին:
Ն. Բադալյանի կարծիքով, իրեն հավանաբար կամերային երգչուհի են համարում այն պատճառով, որ ավելի հաճախ հանդես է գալիս մենահամերգներով՝ մասնավորապես Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Դրանից են կամերային երգչուհու պիտակ դրել վրաս: Ես պարզապես երգչուհի եմ՝ ազգային օպերային թատրոնի մեներգչուհի: Խաղացել եմ Միքայելլա՝ «Կարմենում», Ադալջիզա՝ «Նորմայում»: Վերջին դերերգով հանդես եմ եկել Մոսկվայի Մեծ թատրոնում: «Տիգրան Մեծում» կատարել եմ տղամարդու դերերգ, արդեն պատրաստ է նաեւ Անուշը: Առաջին երեք ներկայացումներում մեր գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի որոշմամբ Անուշ երգել է Անահիտ Մխիթարյանը: Ամեն մարդ ունի իր հերթը: Իմ հերթը հասնում է հունիսի 6-ին: Այդ օրը կծնվի իմ Անուշը»,- ասաց երգչուհին:
Նա խոստովանեց, որ երկյուղածությամբ է վերաբերվում Անուշի դերերգին, որը իր խոսքերով՝ «այնքան հայկական է, այնքան ժողովրդական ու ճանաչված, որ ամեն հայ երգում է՝ թեկուզ կտոր- կտոր»: Հոր՝ Հովհաննես Բադալյանի երազանքն է եղել դստերը տեսնել Անուշի կերպարում:
Ի դեպ, 90-ականների սկզբներից 7 տարի երգչուհին ուժերը փորձել է Մոսկվայում, համերգներ ունեցել, մասնակցել բարձրագույն վարպետության դասընթացների՝ Իրինա Արխիպովայի, Զառա Դոլուխանովայի մոտ, «լսվել բոլոր թատրոններում՝ Մեծ թատրոնից սկսած, «Նեմիրովիչ-Դանչենկոյով» ավարտած»: Այդ տարիները նրան կարեւոր եզրահանգումների առիթ են տվել: «Դրսում քեզ ոչ ոք չի սպասում: Ավելին՝ հայկական ազգանունդ քեզ խանգարում է: Զուր չէր ասում դասախոսս՝ Տաթեւիկ Սազանդարյանը, որ ամեն արվեստագետ կարիերան պետք է սկսի իր հողից: Գենետիկորեն, հայրիկիցս եկած արմատներս շատ են խոր այս հողում: Չնայած Հայաստանում էդ բաները չեն էլ արժեւորում: Տխուր ավանդույթ է ձեւավորվել. պիտի անպայման գնաս արտերկիր ու փաթեթով հետ գաս՝ ի հավաստումն այն բանի, որ երգել ես մի շարք անվանի թատրոններում: Էստեղ միայն էդպես են մարդուն կարեւորում ու գնահատում»,-փաստեց երգչուհին: Նրա կարծիքով, այսօր արվեստում «ավելի հաճախ երեւում են ու հաջողության հասնում նրանք, ովքեր պնդերես են, հավակնոտ ու դռներ ջարդող»:
Ապրիլին Ն. Բադալյանը 4 երգիչների (Սուրեն Մկրտչյան,Վահան Մակվեցյան, Քրիստինե Սահակյան) թվում եղել է Սալոնիկում, Հայոց եղեռնին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունեցել տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երգչուհու հավաստմամբ, համերգը փայլուն է անցել, իսկ 2000 տեղանոց «Մեհարոն» դահլիճում ասեղ գցելու տեղ չի եղել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ