Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաթեթով» բռնում եւ ազատում են

Հունիս 03,2004 00:00

Երեկ փոխվել է Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը

Միացյալ ընդդիմության հանրահավաքի նախօրեին արդեն սովորական դարձած նոր ձերբակալություններին զուգահեռ 2-3 օր է, ինչ տեղի են ունենում ոչ միայն այդ ձերբակալվածների դատավարությունները, այլեւ՝ ավելի վաղ կալանավորվածների ազատ արձակումը: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Արամազդ Զաքարյանի եւ Ժորա Սափեյանի ազատ արձակմանը երեկ հաջորդել է նույն կուսակցության քաղխորհրդի անդամ, «Հանրապետություն» էլեկտրոնային թերթի խմբագիր Սուրեն Սուրենյանցի ազատ արձակումը: Նրա երկամսյա կալանքի սանկցիայի ժամկետը լրանալու էր հունիսի 4-ին եւ նախապես հայտնի էր, որ Գլխավոր դատախազությունը երեկ դատարանում միջնորդելու էր եւս երկու ամսով այդ ժամկետը երկարաձգել: Սակայն դատը տեղի չի ունեցել: Ս.Սուրենյանցն ազատ էր արձակվել քննիչի որոշմամբ՝ նախ նրա «գործուն զղջումը», ապա նրա պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի եւ ՀՀ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջնորդությունները, նաեւ ծանր առողջական վիճակը նկատի առնելով: «Գործուն զղջում» ասելն էլ պետք է հասկանալ, որ Ս.Սուրենյանցը խոստացել է հանրահավաքների ժամանակ այլեւս ելույթ չունենալ: Միաժամանակ, ի տարբերություն Ա.Զաքարյանի, Ս.Սուրենյանցի մասով քրգործը տակավին կարճված չէ: Փոխվել է միայն խափանման միջոցը. ստորագրություն՝ չհեռանալու մասին:

ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների դեմ հարուցված քրգործի շրջանակներում, ինչն, ի դեպ, ՀՀ-ում քաղաքական հետապնդումների լավագույն օրինակն է, դեռեւս կալանքի տակ է նաեւ ԵԿՄ Գյումրիի կառույցի ղեկավար եւ «Հանրապետություն» կուսակցության տեղի մասնաճյուղի նախագահ Աշոտ Զաքարյանը: Այս ուրբաթ, հունիսի 4-ին, նրան «Երեւան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկից կտեղափոխեն Գյումրի, որտեղ կսկսվի նաեւ նրա դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Գյումրիում փետրվարի 28-ին կայացած հանրահավաքում, իբր, խուլիգանություն անելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ:

Երեկ ի պաշտպանություն մեկ այլ քաղբանտարկյալի՝ ոստիկանի գլխին պլաստիկե դատարկ շշով հարվածելու համար 1 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի, Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբը հանդես է եկել հայտարարությամբ, ուր անդրադառնալով դատավարությանն արձանագրված է, որ նա «ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանրահավաքը ցրելու ընթացքում, որի արդյունքում մահակով ստացած հարվածից ջարդվել են նրա ատամները» եւ ինքնապաշտպանական բնազդով նա ոստիկաններից մեկի վրա է նետել ձեռքն ընկած պոլիէթիլենի դատարկ շիշը, որն էլ նրա ազատազրկման դատավճռի հիմքն է հանդիսանում: Ձերբակալությունից հետո եւս Է.Առաքելյանը դաժան ծեծի է ենթարկվել Երեւանի Էրեբունու ոստիկանությունում, Երեւանի ոստիկանության քաղաքային վարչությունում: «Հետագայում ՀՀ գլխավոր դատախազությունում քննիչների կողմից հայհոյանքների եւ սպառնալիքների միջոցով նրանից կորզվել են ցուցմունքներ: Դատարանը հաշվի չառավ Էդգար Առաքելյանի նկատմամբ կիրառված վերոհիշյալ խոշտանգումները, թեպետ՝ համաձայն «Խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 11, 12, 13-րդ հոդվածների, դատարանը պարտավոր էր անհապաղ անաչառ հետաքննություն անցկացնել խոշտանգումների փաստի կապակցությամբ:

Սույն դատավճռով եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանում արդարադատության բացակայությունը: Քրեական օրենսգիրքը իշխանությունների ձեռքին ծառայում է որպես մահակ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել