Կարծիք
է հայտնում Շավարշ Քոչարյանը
Օրերս Երեւանում գտնվող ԵԽ ԽՎ ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնյան հայտարարել էր, թե հունիսի 14-17-ը Հայաստան ժամանող դիտորդական առաքելությունը մտադիր է հանդիպել իշխանության, ընդդիմության, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի հետ։ Պրն Յասկերնյան կարծիք էր հայտնել, թե ԵԽ ԽՎ-ում մինչեւ այժմ շատերը չեն հասկացել, թե, ի վերջո, նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված ի՞նչ է առաջարկել Սահմանադրական դատարանը, արդյոք դա առաջա՞րկ է, թե՞ որոշում։ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում փորձեցինք հստակեցնել՝ ի՞նչ կարող է ասել Եժի Յասկերնյային ՍԴ-ն, ինչպե՞ս պետք է ապացուցի իր այնքան աղմկահարույց որոշման «ինչ» լինելը։ Մանավանդ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այդ որոշումից հետո մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարել, թե դա պարզապես առաջարկ է։ Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, ԵԽ-ն, իրոք, ապակողմնորոշված է եւ դրանում մեղքի զգալի բաժին ունի ինքը՝ Եժի Յասկերնյան. «Նա հունվար ամսին քննարկված զեկույցում արդեն նշել էր, որ ՍԴ-ն վերանայել է իր որոշումը։ Սա գրավոր կա փաստաթղթում։ Այս անգամ էլ նա պնդում է, որ որեւէ որոշում չի եղել, եղել է ընդամենը առաջարկություն։ Ես բառացի մեջբերեմ նրա խոսքերը. «Ոչ ոք Հայաստանում իրավունք չունի պնդել, որ դա որոշում է։ Ակնհայտ է, որ սա արտահայտում է իշխանությունների տեսակետը։ Իրականում խնդիրն այն է, որ տեքստը մատուցելու փոխարեն, ներկայացնում են մեկնաբանությունը։ Ես բազմիցս պնդել եմ, որ ոչ թե ՍԴ որոշման մեկնաբանությունները ներկայացվեն ԵԽ ԽՎ-ին, այլ բուն որոշումը։ Ցավոք սրտի, այն ո՛չ մոնիտորինգի խմբին բաժանվեց, ոչ էլ վեհաժողովում»։ Մեր դիտարկմանը՝ «դուք բաժանեիք», պրն Քոչարյանը հակադարձեց. «Ես նման լիազորություններ չունեմ։ Ես փաստաթուղթը տվել եմ իրենց՝ բաժանելու համար»։
Անդրադառնալով ՍԴ որոշմանը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ որոշման ընդդիմախոսները կառչում են հետեւյալից. «Որոշման մեջ գրված է՝ առաջարկել հանրապետության նախագահին եւ ԱԺ-ին», ես չեմ կարծում, որ ՍԴ-ի կողմից պարկեշտ կլիներ գրել՝ «պարտադրել» կամ «պահանջել»։ Սա է էությունը։ Հիմա տվյալ պարագայում ակնհայտ է, որ դիտորդական առաքելությունը պարզապես չէր կարող կրկին չգալ Հայաստան, քանի որ այսպիսի իրավիճակ է։ Ավելին՝ բանաձեւում նշված է մոնիտորինգի խմբի այցելության անհրաժեշտության մասին։ Իմ գնահատմամբ՝ նրանք ավելի ուշ են գալիս։ Ինչո՞ւ են գալիս 14-17-ը, երբ կարելի էր գալ դեռեւս մայիսին եւ անմիջապես տեղում տեսնել, թե ինչ է կատարվում։ Մինչեւ հունիսի 21-ը իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն։ Դիտորդական առաքելությունը կարող էր իր առաջարկներով ազդել այդ պրոցեսի վրա։ Ամեն դեպքում՝ գալը դրական եմ գնահատում, բայց չեմ կարծում, որ ՍԴ-ի հետ հանդիպումը որեւէ բան կտա»։ Շավարշ Քոչարյանի կարծիքով, Եժի Յասկերնյան ԵԽ-ում ՍԴ-ի որոշումը երբեք չի կոչել «որոշում», մինչդեռ Հայաստանում գտնվելու օրերին նա շարունակ խոսում է «ՍԴ որոշման» մասին, «ուրեմն նա գիտի, որ այստեղ լսարանը ավելի տեղյակ է»։
Հունիսի 21-25-ը ԵԽ ԽՎ հերթական նիստի ժամանակ ի՞նչ անակնկալներ կարող են սպասվել Հայաստանին, մանավանդ՝ երկրի նախագահը նույնպես հրավիրված է այդ նիստին։ Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ որեւէ անակնկալ չի լինի, որովհետեւ մինչ 1374 բանաձեւի ընդունումը ԵԽ ԽՎ բյուրոն արդեն որոշել էր, որ հրավիրվելու է Հայաստանի նախագահը, «բնական է, որ կլինեն հարցեր՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին։ Եղել է բանաձեւ, կան անհապաղ կատարման կետեր, որոնք չեն կատարվել։ Այնպես որ, իշխանությունները գտնվում են կրկնակի հաշվետվության խնդրի առաջ՝ մեկը գրավոր, մյուսը՝ ըստ էության՝ բանավոր հարցեր»։
Անդրադառնալով նախորդ օրը Գյումրիում նախագահ Քոչարյանի՝ ընդդիմությանը ուղղված մի քանի գնահատականների («իքիբիրի», «օճառային օպերաների» եւ այլն մասով), Շավարշ Քոչարյանը նկատեց. «Մարդիկ արտահայտում են իրենց էությունը, այդ տեսակետից «իքիբիր» բառը արտահայտում է այն մարդու էությունը, որը դա ասել է։ Եվ ամբողջ ցավն ու ողբերգությունը այդ անձի եւ դրանով՝ մեր երկրի, այն է, որ ինքը չի հասկացել, թե ինչ է Ստրասբուրգը։ Ինքը չի հասկացել, որ եթե երկիրը միջազգային պարտավորություններ է ստորագրում, ապա այդ պարտավորությունները դառնում են քո օրենսդրության բաղկացուցիչ մասը եւ ունեն գերակայություն քո ներքին օրենսդրության նկատմամբ։ Այդ տեսակետից ոչ թե Ստրասբուրգը մեզ համար օտար է, այլ մենք դրա բաղկացուցիչ մասն ենք»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ