Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Հունիս 02,2004 00:00

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ Երեկ հանրապետության 48 հազար շրջանավարտներից զատ, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, կենտրոնացված կարգով, հայոց լեզվի քննություն էր հանձնում մեդալի հավակնող 162 շրջանավարտ: Վերջիններիս ընդհանուր թիվն այս տարի 215 էր՝ անցյալ տարվա 267-ի փոխարեն: Սակայն երեկ քննության չէին ներկայացել 53 հոգի, որից 42-ը մարզերից մեդալի հայտ ներկայացրած շրջանավարտներ են: Ինչպես նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը, դեռեւս մարտին ոսկե մեդալի համար հայտ է ներկայացրել 407 շրջանավարտ: Փաստաթղթերի համապատասխանությունն ստուգելուց հետո նրանց թիվն իջել է 287-ի: Իսկ տարեկան գնահատականներից հետո՝ 215-ի: Հայոց լեզվի քննական հանձնաժողովի նախագահ, Պետական լեզվաբանական համալսարանի դոցենտ Դավիթ Գյուրջինյանի կարծիքով, հայոց լեզվի դպրոցական քննական հարցաշարում շարադրությունն անհամատեղելի է հարցաշարի մյուս կետերի հետ, քանի որ վերջինս իր մեջ պարունակում է ստեղծագործական տարր: Մի փաստ, որ ամեն տարի քննական հանձնաժողովների տարբեր նախագահների կողմից քննադատվում է, այս էլ որերորդ տարին, սակայն այդպես էլ հարցաթերթիկներից չի հանվում, քանի որ գնահատման ժամանակ դրսեւորվող սուբյեկտիվիզմը՝ տվյալ դեպքում ստեղծագործական շարադրության հարցում, միշտ կարող է «օգնել» գնահատողին՝ ցանկալի գնահատական նշանակելու համար: Դ. Գյուրջինյանը նշեց նաեւ, որ այս տարի հանձնաժողովի անդամները հարցաշարը հնարավորինս բեռնաթափել են երկակիություն ունեցող եւ դժվար լուծելի առաջադրանքներից: «Թե որքանով է դա մեզ հաջողվել, ցույց կտա քննության ընթացքը»,- նշեց հանձնաժողովի նախագահը: Այստեղ էլ պետք է հիշենք, որ ամեն տարի հանձնաժողովի նախագահները կրկնում են միեւնույն բառերը՝ «հանվել են երկակիություն ունեցող առաջադրանքները»: Փաստորեն, ստացվում է, որ գոնե նախորդները մինչեւ հիմա ստել են, որովհետեւ այս տարի էլ են հանելու ենթակա առաջադրանքներ եղել: Բուհերի եւ դպրոցների հայոց լեզվի մասնագետներից կազմված հանձնաժողովն այսօր կամփոփի գրավոր աշխատանքների արդյունքները: Իսկ հայոց լեզվի կենտրոնացված քննությունից առավելագույն` 19 եւ 20, միավորներ վաստակած հավակնորդները կմասնակցեն վաղվա մաթեմատիկայի կենտրոնացված քննությանը: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել