Լրահոս
Օրվա լրահոսը

Անցանկալի անձը

Հունիս 02,2004 00:00

Անցանկալի անձը Վտարում Կրասնոդարից Լուսանկարում պատկերված Հայաստանի քաղաքացի Ռիտա Էդուարդի Երիցյանին հինգ օր պահել են Կրասնոդարի Սադովայա փողոցում գտնվող մեկուսարանում։ Եվ պահել են թմրամոլի հետ։ Ռ. Երիցյանին չէին պատասխանում, թե ինչո՞ւ է հայտնվել անազատության մեջ, իսկ երբ նա ներկայացրել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հանդիպելու եւ պաշտպան ունենալու պահանջ, չէին արձագանքել։ «16-ամյա աղջկաս, հարազատներիս չէին զգուշացրել, որ ես գտնվում եմ մեկուսարանում»,- պատմում է տիկին Ռիտան։ Ի դեպ, ոստիկանները հայտնել էին, թե իրենց բաժիններում այդպիսի մարդ չկա, իսկ մեկուսարանում էլ պահանջել էին 3000 ռուսական ռուբլի (մոտ 100 դոլար), որպեսզի ասեն, թե որտեղ է գտնվում քաղաքացին։ Մեկուսարանում էլ, ի զարմանս Երիցյանի, նրան տրվել է հանուն Ռուսաստանի Դաշնության կայացրած դատավճիռը։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ դատավճռի մասին է խոսքը։ 2001թ. նոյեմբերի 9-ին առքուվաճառքի պայմանագրով Կրասնոդարի երկրամասի Դինսկի շրջանի Նովովելիչկովսկայա կայանի Սադովայա փողոցի 44 տունն ու հարակից հողամասը գնելով, Ռ. Երիցյանը դարձավ սեփականատեր։ Այդ ընթացքում հաշվառվեց ներքին գործերի բաժնում, երազում էր ՌԴ-ում իր գտնվելու ժամկետը երկարացնելու մասին։ 2002թ. հոկտեմբերի 24-ից 2003թ. ապրիլի 28-ը, իսկ այնուհետեւ 2003թ. մայիսի 1-ից 2004թ. մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է Դինսկի շրջանի «Կոլոս» գյուղատնտեսական ֆերմայում, որի վերաբերյալ կա համապատասխան գրառում Երիցյանի աշխատանքային գրքույկում։ Ի դեպ, Կրասնոդարի դպրոցում են սովորել Ռիտայի երկու երեխաները՝ Գագիկը (1991թ.) եւ Կարենը (1988թ.)։ «Ունեի ՌԴ քաղաքացու կացություն ստանալու համար անհրաժեշտ տվյալներ, սակայն Կրասնոդարի երկրամասի ներգաղթի հսկողության հանձնաժողովը մերժեց այն, չտալով որեւէ գրավոր հիմնավորում մերժման կապակցությամբ»,- շարունակում է Ռ. Երիցյանը։ Մայիսի 7-ին Ռ. Երիցյանի նկատմամբ դատավոր Ա. Կլինկովը կայացրեց վտարման դատավճիռ։ Իսկ սեփական տո՞ւնը, իսկ երեխանե՞րը, իսկ աշխատա՞նքը… Ռ. Երիցյանը մեկուսարանից «ուղեկցվել» է օդանավակայան եւ հիմա գտնվում է Հայաստանում։ Նա դիմել է Հայաստանում ՌԴ հյուպատոս Վ. Յու. Իվանովին, խնդրելով նրա աջակցությունը իր կացության հարցը կարգավորելու ուղղությամբ. «Որպեսզի ես կարողանամ առանց որեւէ խոչընդոտի տնօրինել, տիրապետել եւ օգտագործել վերոնշյալ իմ սեփականությունը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել