Հարաբերական անդորր՝ Թբիլիսի եւ Ցխինվալի միջեւ Վերջին օրերին արձանագրված վրաց-հարավօսական լարվածությունն աստիճանաբար մեղմանում է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում տված մամլո ասուլիսին հայտարարել է, թե պատրաստ է անհապաղ բացել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ: «Ես պատրաստ եմ անհապաղ կարգադրություն անել եւ մեկ շաբաթ անց վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ցխինվալի տարածաշրջանի միջեւ»,- ասել է Սահակաշվիլին: «Ես գիտեմ, որ Ցխինվալի տարածաշրջանի վրացական եւ օսական բնակչությունը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում: Նրանց մի մասը կենսաթոշակ է ստանում Ռուսաստանից: Ես կարգադրել եմ հունիս ամսից վրացական կենսաթոշակներ տալ Ցխինվալի տարածաշրջանի բոլոր քաղաքացիներին»,- նշել է Վրաստանի նախագահը, ավելացնելով, թե Թբիլիսին պատրաստ է բանակցություններ վարել վրացական իրավասության վերականգնման ուղղությամբ: «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ` վրացիներին, օսերին, ռուսներին, որոնք ապրում են Ցխինվալի տարածաշրջանի տարածքում»,- ասել է Սահակաշվիլին: «Մեզ անհրաժեշտ է երկխոսություն սկսել: Իսկ այն խոսակցությունները, որ բանակցություններ չեն կարող կայանալ, մեզ հետ չեն անցնի: Ես այս աշխատասենյակում եմ նստում, որպեսզի վերականգնեմ Վրաստանը, եւ մինչեւ վերջ կմարտնչեմ դրա համար»,- նաեւ ասել է նա: Բացի դրանից, նախագահը լրագրողներին հայտնել է, որ հունիսի 1-ից Գորի քաղաքի հեռուստատեսությունը եւ Վրացական պետական հեռուստատեսության առաջին ալիքը սկսում են լրատվական թողարկումներ հեռարձակել օսերենով: Միեւնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Հարավային Օսիա վրացական զինված ստորաբաժանումներ մտցնելը «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների խախտում է»: Երեկ հեռախոսազրույց է կայացել երկու երկրների արտգործնախարարների միջեւ, որի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային հավաստել է, թե իրենք մտադիր չեն հարավօսեթական խնդիրը լուծել ուժային տարբերակով: