Լրահոս
Օրվա լրահոսը

Հերքելը լավ չստացվեց

Հունիս 02,2004 00:00

Հերքելը լավ չստացվեց Թեեւ ասուլիսի նպատակը հենց այդ էր «Ինձ ներկայացված՝ ՀՀ ՔՕ-ի 318 հոդվածի, 2-րդ մասի մեղադրանքի շրջանակներում եմ ցանկանում այժմ ցուցմունք տալ, մասնավորապես՝ 2004թ. փետրվարի 28-ին Երեւանի Շենգավիթ համայնքում մեր կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ իմ ելույթում Ռոբերտ Քոչարյանին՝ «շնչավոր առարկա», իսկ իշխանության ներկայացուցիչներին՝ «իշխանությունը բռնազավթած ավազակախումբ» անվանելով, ես վրդովված եւ ջղայնացած լինելով կոշտ եմ արտահայտվել եւ նման վիրավորական արտահայտություններ թույլ տվել, վերը նշված անձի եւ իշխանությունների հասցեին, արարքը իմ կողմից պատշաճ չէ, որի համար զխճում եմ: Ցուցմունքը գրեցի անձամբ, ճիշտ է»: Մայիսի 4-ին այս բովանդակությամբ ցուցմունքի տակ եղած ստորագրություններից մեկը պատկանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանին, մյուսը՝ նրա պաշտպան Սեդա Սաֆարյանին: Հիշյալ ցուցմունքը անցյալ շաբաթ հրապարակվել էր թերթերից մեկում՝ ի պատասխան Ա.Զաքարյանի՝ ազատ արձակվելու հաջորդ օրը մի քանի լրագրողների հետ ունեցած հարցազրույցի: Հիշեցնենք, որ Ա.Զաքարյանը հերքել էր իր զղջման մասին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը՝ նաեւ բացառել, թե իր մասով քրգործը կարճվել է հենց այդ զղջման մասին հայտարարության հիման վրա: Երեկ Ա.Զաքարյանն ու նրա պաշտպանը մամլո ասուլիս էին հրավիրել՝ հերքելու անհերքելին: Համենայն դեպս նման անհաջող փորձեր Ա.Զաքարյանն ու նրա պաշտպանն արեցին ամբողջ ասուլիսի ընթացքում: Դատելով քաղաքական գործչի ասելիքից՝ «.. ինչ մեթոդներ են կիրառում, ինչպես են նենգափոխում մարդկանց կարծիքն ու տեսակետները, կամ՝ տրված ցուցմունքները: Դա ուղղակի զավեշտի է վերածվում», պետք էր եզրակացնել, թե նրա ցուցմունքները դատախազությունում կեղծվել են: Այս տպավորությունը ճշտելու համար էին Ա.Զաքարյանին ուղղված լրագրողների բազմաթիվ ու ամենատարբեր ձեւակերպումներով հարցադրումները՝ «այնուամենայնիվ, այն, ինչ թերթում տպագրվել է՝ դա ձե՞ր ձեռագիրն է եւ դո՞ւք էիք գրել, որ զղջում եք», «այսինքն՝ «զխճալ» բառը ձե՞ր ձեռագիրն է», «բայց դուք ստորագրե՞լ եք այդ ցուցմունքի տակ: Ցուցմունքի մի մասը դուք եք գրել, մի մասը՝ ո՞չ, թե՞ դուք չեք գրել, այլ՝ պարզապես ստորագրել եք»: Հիշյալ հարցերին պարոն Զաքարյանն այդպես էլ, ըստ էության, չպատասխանեց: Նա միայն իրենն էր պնդում. «Եթե զղջալու բան ունեմ, միայն զղջում եմ ցածր մակարդակի լեզվաոճի համար, որով խոսել եմ հասարակության հետ»: Նրա միակ հստակ պատասխանն այն էր, որ գրված «զխճալ» բառն ինքը չի գրել, թեեւ իր ասելով, հիշյալ ցուցմունքի տակ ստորագրել է կարդալուց հետո: Պաշտպանը ավելի շատ ծանրացավ ցուցմունքը թերթում հրապարակելու նպատակահարմարության վրա. «Եթե ինչ-որ բան ուզում էին տպագրել, ես կողմ եմ, որ տպագրվեր ամբողջ ցուցմունքը եւ սկիզբը՝ «ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»-ից միչեւ դրա պատճառաբանությունը: Այլ ոչ թե՝ թերթին տրամադրվեր պատառիկներ՝ չգիտեմ ինչ ճանապարհով»: Ըստ նրա, դա Ա.Զաքարյանի «վրա սեւ բիծ շպրտելու համար է: Առաջին անգամ չէ, որ այդ թերթն ինչ ուզել՝ գրել է»: Բայց անկախ այն բանից, թե ինչպես են դատախազությունից քրգործի նյութեր դուրս բերվում կամ՝ տրամադրվում կոնկրետ թերթին, որն առանձին խոսակցության առարկա է, փաստն, այդուհանդերձ, այն է, որ Ա.Զաքարյանը փորձում էր հրաժարվել մի բանից, որ ինքը գրել եւ, որի տակ ստորագրել է: Ա.Զաքարյանի արած միակ հայտարարությունը, որի հետ չի կարելի չհամաձայնել այն էր, որ «մեր դեմ հարուցված քրգործը հենց իր վերնագրով ցույց է տալիս, որ սա քաղաքական որոշում է «Արդարություն» դաշինքի եւ նրան հարող ակտիվ անդամների նկատմամբ: Մեր դեմ կատարվածն ամբողջությամբ քաղաքական հալածանք էր, քաղաքական հետապնդում՝ մեր արտահայտած կարծիքների համար»: Երեկ պաշտպան Ս.Սաֆարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրգործի կարճման որոշումը ստանալուց հետո չի բացառվում, որ նա դա բողոքարկի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել