Լրահոս
Օրվա լրահոսը

HTB-Ի ՄՐՑՈՒՅԹԸ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ

Հունիս 02,2004 00:00

HTB-Ի ՄՐՑՈՒՅԹԸ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ Եվ սա գործադիր իշխանության միակ միջամտությունը չէ իբր անկախ ՀՌԱՀ աշխատանքներին: Օրերս էլ պաշտոնապես ազդարարվեց, թե Ռոբերտ Քոչարյանը հավանություն է տվել Հայաստանում «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակման հնարավորության գաղափարին: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանն էր հայտնել, որ վերջերս մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել էին Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով հնարավորություն ընձեռել Հայաստանում Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակման համար: Չհրապարակելով այդ մտավորականների անունները՝ նաեւ հաղորդվում էր, որ նման առաջարկով մշակութային գործիչները դիմել էին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դեռեւս ապրիլին ունեցած հանդիպման ժամանակ: Եվ Աշոտ Քոչարյանը հաղորդել էր, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հանձնարարական է տրվել այդ հարցով բանակցություններ վարել Ռուսաստանի պետական մարմինների հետ: Տեղեկությունը խիստ ուշագրավ է այն առումով, որ մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանը միշտ պնդում էր, թե չի միջամտում հեռուստաոլորտին առնչվող խնդիրներին՝ այդ դերը վերապահելով ձեւականորեն անկախ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանից, սակայն, նախ մեկնաբանություններ խնդրեցինք HTB-ի առնչությամբ, որի զբաղեցրած կապուղով էլ եթեր է հեռարձակվելու «Կուլտուրան»: HTB-ն չուներ հեռարձակման արտոնագիր, որը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման միակ օրինական հիմքն է: Սակայն ՀՌԱՀ-ն այնքան մրցույթ չանցկացրեց HTB-ի զբաղեցրած կապուղու համար՝ մինչեւ հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի այս հանձնարարականի մասին, որով էլի շրջանցվելու է մրցույթ անցկացնելու տարբերակը: «Հեռարձակման օրինական հիմքն իրոք արտոնագիրն է,- ասաց Գրիգոր Ամալյանը:- Բայց միաժամանակ՝ քանի որ մինչեւ հանձնաժողովի ձեւավորումն ու օրենքի ընդունումը հեռուստառադիոընկերությունները հեռարձակվել էին տարբեր հիմքերով՝ ոմանք կապի նախարարության տված արտոնագրերով, ոմանք պայմանագրային հիմունքներով, օրենքը հաշվի էր առել այդ առանձնահատկությունը եւ ապահովելով շարունակական գործունեության մեխանիզմը՝ սահմանել անցումային դրույթներ»: Խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 59 հոդվածի մասին է, ըստ որի՝ «Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը՝ մինչեւ համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթողի ճանաչվելը»: Անգամ այս դրույթը պիտի ՀՌԱՀ-ին պարտավորեցներ մրցույթ հայտարարել HTB-ի զբաղեցրած կապուղու համար, սակայն պրն Ամալյանը մատնանշում է այլ փաստարկներ եւս. «Եթե արտոնագրերով գործող հեռուստաընկերությունների համար հստակ ժամկետներ կային, թե երբ պիտի հայտարարվեն արտոնագրման մրցույթներ՝ պայմանագրային հիմունքներով գործողների համար սահմանված չէր նման պահանջ: Բնական է, որ ենթադրվում էր, թե սրանք եւս պիտի արտոնագրվեն: Սակայն կա մեկ այլ կարեւոր հանգամանք: Օրենքը նախատեսել է նաեւ միջպետական պայմանագրերով հեռուստահաղորդումների հեռարձակում, եւ այդպես են գործում OPT-ն, PTP-ը եւ «Միրը»: Սահմանված է դրույթ, որ վերահեռարձակման նպատակով կարող է հատկացվել յուրաքանչյուր ընդգրկույթի 1/5-ից ոչ ավելին: Կառավարությունն ինձ ժամանակին հայտնել է, որ քննարկումներ են ընթանում հայ-ռուսական ամբողջ փաթեթի թարմացման համար եւ հավանաբար վերանայվելու են նաեւ OPT-ի եւ PTP-ի պայմանագրերը: Եվ խնդրանք եղավ՝ ձեռնպահ մնալ HTB-ի կապուղու համար մրցույթ հայտարարելուց, քանի որ կսպառվեին վերջին հաճախությունները, եւ այլեւս ավելորդ կդառնային այդ փաթեթի շուրջ քննարկումները»: Կարգավիճակով «անկախ» հանձնաժողովն ինչո՞ւ է բավարարել կառավարության խնդրանքը, եւ արդյոք այս մարմնի գործառույթներին միջամտություն չէ, որ ՀՀ նախագահն է հավանություն տալիս մի հեռուստաալիքի վերահեռարձակմանը եւ հանձնարարականներ տալիս բանակցություններ վարել այս հարցով: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՌԱՀ նախագահն ասաց. «Կառավարությունը կարող էր խնդրել ձեռնպահ մնալ մրցույթ անցկացնելուց, եւ հնարավորություն ընձեռել իրականացնել իր՝ օրենքով նախատեսված իրավունքը: Այլապես՝ եթե ՀՌԱՀ-ը միանգամից բաշխեր բոլոր կապուղիները՝ կառավարությանն ընդհանրապես կզրկեր հնարավորությունից այս ոլորտում գնալ միջպետական որեւէ շփման: Այսինքն՝ այստեղ անկախության որեւէ խնդիր չկա: Իսկ ՀՀ նախագահի կողմից ՀՌԱՀ-ին որեւէ հանձնարարական չի եղել եւ չի կարող լինել»: Հիշեցնենք՝ ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ բանաձեւում պահանջ կա. «Ստեղծել արդար պայմաններ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար, հեռուստաընկերություններին, մասնավորապես «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում»։ Սա այն երկու կետերից մեկն է, որի կատարման առնչությամբ եթե առաջընթաց չարձանագրվի՝ ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում կվերանայվեն Հայաստանի պատվիրակության լիազորությունները: Այս ծանր գինն աչքի առաջ ունենալով՝ ՀՌԱՀ-ն էլի շարունակում է պնդել, թե ազատ կապուղի չկա եւ առաջիկայում մրցույթ չի անցկացվելու: Այսինքն, թեեւ կա նման կապուղի՝ առավել առաջնահերթ է դիտվում, որ Հայաստանում վերահեռարձակվող բազմաթիվ ռուսական հեռուստաընկերություններին գումարվի եւս մե՞կը: Իսկ «Կուլտուրան» արդեն իսկ մասնակիորեն վերահեռարձակվում է «Առավոտ» հեռուստաընկերությամբ: ԵԽԽՎ բանաձեւի մասին հիշեցմանն արձագանքելով՝ ՀՌԱՀ նախագահն ասաց. «Գործող օրենքի համաձայն՝ հանձնաժողովը չէ, որ պետք է մրցույթների որեւէ ենթադրյալ մասնակցի համար գտնի այլ՝ արտոնյալ պայմաններ ստեղծելու ձեւեր»: Սակայն հանձնաժողովին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնք եթե գործադրվեին՝ այժմ կլինեին բազմաթի՜վ թափուր կապուղիներ: Այդ մասին Գրիգոր Ամալյանի մեկնաբանությունները՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել