«ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՈՒՍԱՆՈՂԻՆ» Վստահեցնում է ԿԳ նախարար Սերգո Երիցյանը – Պրն նախարար, մայիսի կեսերին Ստրասբուրգում ստորագրվեց Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ԿԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ Ի՞նչ է այն նշանակում եւ ի՞նչ է տալու մեր կրթական համակարգին, արդյո՞ք դա զուտ ձեւական բնույթի չէր։ – Շատ կարեւորում եմ տարածաշրջանային համագործակցությունը, ԵԽ-ն եւս լուրջ ուշադրություն է դարձնում այդ համագործակցությանը։ Ստրասբուրգում երեք երկրների նախարարները հավաստիացրին, որ կողմնակից են ԵԽ հովանու ներքո համագործակցությանը։ Այս անգամ՝ նախ եւ առաջ, բուհական կրթության համակարգում։ Հանդիպումը նպատակ ուներ խոսել բուհական կրթության մասին, որովհետեւ ստեղծվում է համաեվրոպական կրթական տարածք, որը արտահայտվում է Բոլոնիայի համաձայնագրով եւ այդ կրթական տարածքին անդամագրվելու մասին եղավ համատեղ հայտարարություն։ Եկող տարի Նորվեգիայի Բերգեն քաղաքում տեղի ունենալիք համաժողովի ժամանակ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կմիանան Բոլոնիայի համաձայնագրին։ – Ի՞նչ լուրջ փոփոխություն կկրի մեր կրթական համակարգը՝ այդ համաձայնագրին անցնելով։ – Մի քանի հիմնական եւ հիմնարար սկզբունքներ ունի Բոլոնիայի համաձայնագիրը։ Կարեւոր, հիմնարար սկզբունքներից է՝ համադրելի եւ զուգադրելի դարձնել մեր կրթական համակարգը եվրոպական կրթական համակարգի հետ։ Նույն համաձայնագիրը նշում է այդ համադրելիության բաղադրամասերը՝ երկաստիճան կրթական համակարգ, կրեդիտային կրթական համակարգ, ուսանողների շարժունություն եւ՝ գիտական մասը։ Սրանք հիմնական սկզբունքներն են։ Եվ մենք պետք է բարեփոխումները կատարենք այս ամենին համարժեք։ Ի՞նչ ունենք այսօր. առաջին հերթին ունենք փորձարկված երկաստիճան կրթական համակարգ՝ ԵՊՀ-ում, ճարտարագիտական համալսարանում եւ գյուղակադեմիայում՝ բակալավրիատ, մագիստրատուրա կտրվածքով։ Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում ուսանող դարձածները կսովորեն երկաստիճան կրթական համակարգում։ Այսինքն՝ առնվազն 4 տարի, եւ մագիստրատուրայում՝ առնվազն 1 տարի։ Կրեդիտային համակարգը նոր մոտեցում է գիտելիքների գնահատման հետ կապված։ Եթե մենք խոսում ենք քննաշրջանային գնահատման մասին, ապա այսուհետեւ ուսանողի եւ դասախոսի հարաբերությունները՝ գիտելիքների ստուգման տեսքով պետք է լինեն ամբողջ քննաշրջանի ընթացքում։ Այստեղ կրեդիտային համակարգը իր առավելություններն է դրսեւորում, որը ենթադրում է ե՛ւ գրավոր աշխատանքներ, ե՛ւ հաճախելիություն, ե՛ւ ստուգողականներ, ե՛ւ քննարկումներ։ Այս բաղադրիչներից վերջում ձեւավորվում է այն գնահատականը, որը կոչվում է կրեդիտ եւ քննաշրջանի վերջում այս բոլոր փուլերը չանցած ուսանողին դասախոսը չի կարող արհեստականորեն գնահատական նշանակել եւ հակառակը չի կարող անել՝ արհեստականորեն գնահատականը իջեցնել։ Այս համակարգը նախ եւ առաջ պաշտպանում է ուսանողին։ Ես տարին երկու անգամ առնվազն ծանր վիճակում եմ հայտնվում՝ ձմեռային եւ ամառային կիսամյակային քննությունների ժամանակ։ Միշտ մոտավորապես 350-400 ուսանող դուրս է մնում բուհերից։ Իսկ այս համակարգը, պահպանելով որակի երաշխիքները, բացառում է ուսանողի դուրս մնալը բուհից։ Պարզապես ուսանողը կարող է չորս տարի վճարել, սովորել եւ բուհը չավարտել։ Այստեղ չկան արհեստական խոչընդոտներ։ Սա լակմուսի թուղթ է, որի վրա ամեն ինչ գրված է։ – Սակայն այս համակարգը ինչպե՞ս է նպաստելու բուհերում կաշառակերության վերացմանը։ – Կարծում եմ, այս պարագայում նվազելու է այդ անցանկալի երեւույթը։ Մի դեպքում խրախուսվելու է լավ սովորողը, մյուս դեպքում՝ վատ սովորողի համար հնարավոր ֆիլտրեր են դրվելու։ – Ի՞նչ ֆինանսական միջոցներ են հարկավոր համակարգի ներդրման համար, արդյո՞ք բյուջեն ունի համապատասխան միջոցներ։ – Այժմ չափորոշիչների մշակման եւ այլնի հետ կապված աշխատանքները իրականացնում ենք մեր ունեցած համեստ միջոցների հաշվին՝ հիմնականում բուհերի օգնությամբ եւ աջակցությամբ։ Իսկ ամբողջական համակարգի ներդրումների հետ կապված, կարծում եմ, մենք կօգտվենք միջազգային կազմակերպությունների օգնությունից։ Այն վարկային միջոցները, որ նախատեսվում են երեք տարվա համար՝ շարունակություն կունենան եւ կնպաստեն բարձրագույն կրթության բարեփոխումներին։ – ԱԺ-ն առաջիկա եռօրյայում կքննարկի «Բարձրագույն եւ ետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չընդունվեց անցած եռօրյայում։ – Այն իրողությունը, որ օրինագիծը 57 կողմ ստացավ եւ ոչ մի դեմ, նշանակում է՝ այն ընդունելի է։ Մենք բազմաթիվ առաջարկություններ ստացել ենք այլ խմբակցություններից եւ հանձնաժողովներից, որոնք հիմնականում ընդունվել են։ Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել դրանց հեղինակներին, համապատասխան հանձնաժողովներին, որոնց ընդհանուր ջանքերի արդյունքում էլ ծնունդ առավ այս համաձայնության փաստաթուղթը։ Հուսով եմ, որ օրինագիծը ԱԺ առաջիկա եռօրյայում կընդունվի, քանի որ նրա հիմնական առաքելությունը ուսանողին պաշտպանելն է լինելու։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ