Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհուն Ամերիկայում «քցել» են

Հունիս 02,2004 00:00

Ծնունդով Գյումրիից, միջազգային ու ջազային փառատոների բազմակի դափնեկիր երգչուհի Մարինե Գրիգորյանը հանրաճանաչ դարձավ 1987թ.՝ Մոսկվայում կայացած «Նոր անուններ» մրցույթում առաջին տեղը գրավելուց հետո։

1996թ. երգչուհին ամերիկաբնակ պրոդյուսեր Օգա Վերդյուկոյից ստանում է համագործակցության հրավեր ու հայտնվում Ամերիկայում։ «Ինձ համար արվում էր հնարավոր ու անհնար ամեն ինչ։ Հիմնականում ձայնագրվում էի հայտնի հնչյունային ռեժիսոր ու գործիքավորող Ռուսլան Վոլոնինի ստուդիայում, նույնիսկ ջազային մի քանի երգերի ձայնագրման համար ինձ տրամադրվեց աշխարհահռչակ Սթիվի Ուանդերի վոկալ խումբը՝ ձայնակցելու համար, համերգներ Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի տարբեր սրահներում ու ակումբներում։ Եվ այսպես՝ 5 տարի»,- պատմում է երգչուհին։

Մի օր վերադառնալով տուն, Մարինեն տեսնում է ամեն ինչ այրված, բացի տան պատերից. «Ձայնագրություններս, զգեստներս, մի խոսքով՝ ամեն ինչ, անգամ հեռախոսի համարներով գրքույկս», որին հետեւում են հեռախոսազանգերը, հետապնդումները։ «Անծանոթ ձայներ (հեռախոսով) ահաբեկում էին՝ չդիմես ոչ մի տեղ, հավաքվիր ու մեկնիր, ձայն չհանես՝ եթե թանկ է կյանքդ, ու նման բնույթի արտահայտություններ»,- հիշում է Մ. Գրիգորյանը։ Եվ, որ ամենակարեւորն է, երգչուհու կյանքից չքանում է պրոդյուսերը։ Երկրաշարժից սթրես ապրած երգչուհու խոսքերով. «Ապրեցի մասշտաբով ոչ պակաս սթրես»։ «Առավոտի»՝ դեպքին նախորդող շրջանում ինչպիսի՞ն էին ձեր եւ պրոդյուսերի փոխհարաբերությունները հարցին Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Հասկանում եմ ինձնից ակնկալվող պատասխանը, բայց չեմ կարող հավատալ ու բարձրաձայնել, որ դա այդ կնոջ ձեռագիրն էր»։ Դժվար չէ պատկերացնել այդ օրերին երգչուհու հոգեվիճակը։ Եվ առաջին միտքը, որ ծագում է ժամանակին իրեն մեծապես օգնած, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր Լիլյա Տիխոմիրովային զանգահարելն էր. «Մորս չէի կարող հեռախոսով երկու խոսքով պատմել գլխիս եկածը, մանավանդ որ պապիկս անկողնային հիվանդ էր, չուզեցի վիշտ պատճառել։ Եվ հետո, երկու հեռախոսահամար էի անգիր հիշում՝ մորս եւ Տիխոմիրովայինը»։ Վերջինս ունենալով մեծ շրջապատ Ամերիկայում, «հրահանգում» է Մարինեին անհապաղ ուղեկցել ԱՄՆ-ից Փարիզ, այնուհետեւ՝ Մոսկվա։ Մեկ-երկու տարի դեռ «խելքի չեկած կատարվածից», օրերս երգչուհին հաջորդ սթրեսն է ապրում։ Լսելով պապիկի մահվան լուրը, գալիս է Գյումրի։ Արդեն լիարժեք ընկճված երգչուհին հանդիպում է կոմպոզիտոր Գայանե Քեոսայանին (հենց նրա «Դու իմ կյանքում» երգով էր Մ. Գրիգորյանը 1987թ. Մոսկվայում շահել առաջին մրցանակ)։ Վերջինս երգչուհուն ներկայացնում է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր Ա. Մարտիրոսյանին, որին անմիջապես հետեւում է համագործակցության հրավերը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել