Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄ՝ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունիս 02,2004 00:00

Չնայած տարիներ ի վեր շարունակվող ֆինանսական դժվարություններին, շուտով կսկսվեն «Ագաթանգեղոս» ֆիլմի նկարահանումները:

Այս օրերին «Հայֆիլմ» կինոստուդիային հարակից մի փոքրիկ շինություն է ստեղծվել ու դարձել կարի արտադրամաս։ Այնտեղ հեթանոսական շրջանի հագուստներ են կարվում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ագաթանգեղոս» ֆիլմի համար։ Արդեն երեք ամիս է՝ սկսվել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Ի դեպ, համապատասխան ֆինանսական միջոցների սակավության պատճառով նկարահանող խումբը, սկսած ռեժիսորից մինչեւ գլխավոր դերակատարուհի Ռուզաննա Վիթ-Մեսրոպյանը, «վերապրոֆիլավորվել» են դերձակի, ջուլհակի, կոշկակարի եւ այլնի։

«Աշխատում ենք մի ընտանիքի նման։ Շուրջս նվիրյալներ են հավաքվել։ Չէ՞ որ արվեստագետի կյանքը սկսվում է այն պահից, երբ նա ստեղծագործում է։ Առանց ստեղծագործելու արվեստագետը ընդամենը գոյատեւում է»,- ասում է պարոն Չալդրանյանը։

«Առավոտը» քանիցս գրել է, որ այս ֆիլմը նախատեսված էր նկարահանել մինչեւ 2001թ.։ Այն պետք է նվիրվեր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով նկարահանումները հետաձգվել են մինչեւ վերջերս։ «Լավ է ուշ, քան երբեք,- այս առումով կատակեց կինոռեժիսորը։- Չէ՞ որ ֆիլմը միայն ինձ համար չէ։ Այն պետք է հետաքրքրեր նաեւ պետական այրերին, հովանավորներին։ Եվ սփյուռքում, եւ հայրենիքում հովանավորներ գտնելու փորձեր եմ արել ու ամենուր հանդիպել քար անտարբերության»։

Ի դեպ, սկզբում ֆիլմը նախատեսված էր նկարահանել շվեդ հեղինակ Պեր Լագերքվիստի «Սիբիլլա» վեպի մոտիվներով, սակայն հեղինակային իրավունքներ ստանալու դժվարությունների պատճառով Վ. Չալդրանյանն ու դրամատուրգ Անահիտ Աղասարյանը հանձն են առնում գրելու նոր սցենար, ուր նկարագրվում է քրիստոնեության մուտքը Հայաստան։ Վ. Չալդրանյանը պնդում է, որ իրենք ամենեւին էլ մտադիր չեն պատմական փաստերով լեցուն, էթնոգրաֆիկ ֆիլմ նկարել։ «Այդ ամենը ընդամենը ֆոն է գլխավոր հերոսուհու՝ Գառնիի տաճարի քրմուհու համար, որը Արեւի աստված Միհրի հարսնացուն է։ Ֆիլմը հերոսուհու սիրո ու ողբերգության մասին է»,- տեղեկացրեց պարոն Չալդրանյանը։

Ու քանի որ «Ագաթանգեղոսը» ճշգրիտ պատմական ֆիլմ չէ, հագուստներն էլ ոճավորված են լինելու։ Դրանք իրենց մեջ կունենան եւ հեթանոսությունը, եւ հայկականությունը ներկայացնող տարրեր։ Կինոռեժիսորի համոզմամբ, մեզանում վաղուց չի ստեղծվել հայ մարդու, հայ կնոջ կերպարը ըստ արժանվույն ներկայացնող ֆիլմ, որպիսին հավակնում է դառնալ «Ագաթանգեղոսը»։ Ռեժիսորի խոսքերով, քրմուհին բարդ, հակասություններով ու ողբերգականությամբ հարուստ կերպար է։ Նրան «հայտնաբերելը» բավական ջանք է պահանջել Վ. Չալդրանյանից, քանի որ դերասանուհին անփորձ է, իսկ ինքն առաջին անգամ է նկարում ֆիլմ, որտեղ գլխավոր «հերոսը» հերոսուհի է։ Ֆիլմի հեղինակները պատմեցին, որ հանուն «Ագաթանգեղոսի», Ռ. Վիթ-Մեսրոպյանը երկու պլաստիկ վիրահատության է ենթարկվել, թե ինչպիսի՝ չմանրամասնեցին։ Դեռ նկարահանումները չսկսած, արդեն բազմաթիվ հետաքրքիր ու խորհրդավոր միջադեպեր են եղել։ Երկար ժամանակ փնտրել են այն վայրը, որտեղ, սցենարի համաձայն, Միհրի տոնին բույսերի ազդեցությունից էքստազի մեջ ընկած քրմուհին պետք է գուշակությամբ զբաղվեր։ Ի վերջո, գտնվել է նման մի վայր Առինջ գյուղում։ Առինջի բնակիչ վարպետ Լեւոնը իր տան տակ 20 մետր խորությամբ փորել է ու սենյակներ ստեղծել։ Նա այդ քայլին է դիմել 1985թ.՝ ի վերուստ պատգամ ստանալով։ «Ես էլ եմ այդ թվականին ուխտ արել Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին ֆիլմ նկարել։ Եվ ամենաապշեցուցիչն այն է, որ գետնափոր տարածքում լուսանկարչական ապարատը ֆիքսել է մարդու կերպարանք՝ նույն տեղում, որտեղ պետք է պառկեր ֆիլմի հերոսուհին»,- հիշեց պարոն Չալդրանյանը։

Ռ. Վիթ-Մեսրոպյանը իր այս դերը Վ. Չալդրանյանի ֆիլմում իսկական քննություն է համարում։ «Սա սովորական դեր չէ, որ պետք է խաղամ։ Սա աղոթք է, լինել-չլինելու հարց։ Ես հիմա մի դատարկ անոթ եմ ընդամենը։ Ուզում եմ ազատվել իմ կենցաղից, առօրյայից, կյանքից, ինքս ինձնից ու ամբողջությամբ լցվել կերպարով»,- ասում է հերոսուհին։

Ֆիլմում կնկարահանվեն նաեւ դերասաններ Կարեն Ջանիբեկյանը (գլխավոր քուրմ), Ժան Նշանյանը (քրմուհու հայր), Ռաֆայել Քոթանջյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը (թափառականներ)։ Ֆիլմի օպերատորն է Վահագն Տեր-Հակոբյանը, բեմադրող նկարիչները՝ Վարդան Սեդրակյանն ու Վ. Չալդրանյանը։ Դեռ որոշված չէ, թե ինչ երաժշտություն կհնչի «Ագաթանգեղոսում»։ Նկարահանման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 1-ից։

ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել