Երկարատեւ
ընդմիջումից հետո այսօր ոչ պաշտոնական այցով, կարելի է ասել՝ շատերի համար
անսպասելի Գյումրի էր ժամանել նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա պարզաբանմամբ, այցի հիմնական նպատակը քաղաքաշինական աշխատանքների դանդաղեցման պատճառներն ուսումնասիրելն էր: Նախագահը «Հայռուսգազարդի» տնօրինության հետ նախ եւ առաջ շտապեց Անի թաղամաս, որտեղ կառավարության կողմից իրականացվում է, այսպես կոչված, «կյանքի որակի բարելավման» ծրագիր. ջեռուցման գլխացավանքից պրծնելու համար գազիֆիկացվում է ամբողջ թաղամասը: 3-5 րոպեի սահմաններում էլ լինելով «Քարմշակ» ՓԲԸ-ում՝ նախագահը Գյումրիի քաղաքապետի, Շիրակի մարզպետի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ մոտ մեկ ժամ դռնփակ խորհրդակցություն անցկացրեց մարզպետի առանձնասենյակում, որից հետո հանդիպեց լրագրողների հետ:
Ռ. Քոչարյանը ցանկություն հայտնեց սկզբում պատասխանել այցի թեմային առնչվող, այնուհետեւ՝ «ազատ ոճի» հարցերին: Լրագրողներին առավել հետաքրքրում էր նախագահի կարծիքը բնակբաշխման, մարզպետ-քաղաքապետ կոնֆլիկտի, վերջիններիս պաշտոնանկության մասին պտտվող լուրերի եւ անօթեւանների վերջնական թվաքանակի մասին: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր վերահսկողական ծառայության վեցամսյա աշխատանքի ընթացքում պարզվել է, որ անօթեւանների թիվը Գյումրիում 1506 է: Այսինքն, այս ցանկի մեջ մտնում են այն քաղաքացիները, որոնց բնակարաններ ստանալու իրավունքը նախագահի մեջ «կասկած չի առաջացնում»: Չնայած չբացառեց, որ անօթեւանների թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել: «Կան մարդիկ, որոնք դրսից գալիս գրանցվում են, բայց պետք է պարզենք՝ այլ երկրի քաղաքացի՞ են, թե՞ ոչ»: Նախագահի այս այցի ընթացքում գյումրեցիներին հաջողվեց լսել վերջին շրջանում իրենց ամենից շատ հուզող հարցի պատասխանը. բնակարանաշինությունը շարունակվելու՞ է, թե՞ ոչ: Նախագահի տեղեկացմամբ, մոտ մեկ միլիարդ դրամ է նախատեսված կոնկրետ «այս մարդկանց»՝ 1506-ի հարցերը լուծելու համար:
Քաղաքապետի եւ մարզպետի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունները պարոն Քոչարյանը համարեց ոչ հիմնավոր, չնայած մեկ անգամ եւս դժգոհեց բնակբաշխման ընթացքից՝ հայտարարելով. «Եթե որակով կատարվեր, ապա իմ վերահսկողությունը այստեղ 6 ամիս չէր տեւի»:
Բուն թեմայից դուրս նախագահը խոսեց նաեւ ընդդիմության ակտիվացման մասին՝ անչափ հավանություն տալով «Հայկական ժամանակի»՝ ընդդիմադիրների միտինգները բրազիլական սերիալների հետ համեմատելու մտքին: «Շատ դիպուկ համեմատություն է. ես բրազիլական սերիալներ չեմ նայում, ուղղակի ժամանակ չունեմ եւ հետաքրքրություն չունեմ, եւ ընդհանրապես այնքան է այս ամենը կրկնվում, որ շատ հանգիստ ընդդիմադիրները կարող են ելույթներ ունենալ ֆոնոգրամայի տակ, թող այդպես անեն, իրենց առողջությունը կխնայեն»,- խորհուրդ տվեց նախագահը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակում նկատվող ճգնաժամի հետ ոչ մի կերպ չհամաձայնվեց: «Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կարող էր լինել, եթե, օրինակ, Ազգային ժողովում կոալիցիան ունենար այնպիսի պրոբլեմներ, որ հնարավոր չլիներ որոշումներ կայացնել: Մենք ունենք կոնֆլիկտ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ, իսկ որտե՞ղ այդ կոնֆլիկտը չկա, այլ հարց է՝ կոնֆլիկտը քաղաքակիրթ ձեւակերպում է ստանում, թե՝ ոչ»: Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում առաջիկայում Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստան կատարվելիք այցին, ընդդիմադիրների ու իշխանության հետ վերջիններիս հանդիպելու ցանկություններին՝ Քոչարյանը շեշտեց, որ հանդիպում՝ դեռ չի նշանակում, թե իրենք պարտավորվում են նախաձեռնող խմբին զեկուցել՝ ի՞նչ են արել, ո՞նց են արել: «Մենք անկախ երկիր ենք եւ վերջին հաշվով չպիտի դիտենք միջազգային կազմակերպությունները որպես վերադաս անդամ»,- ասաց նախագահը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ