Երեկ Ստամբուլում շարունակվում էր Թերթերի խմբագիրների համաշխարհային համաժողովը
Հիշո՞ւմ եք «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը: Այնտեղ հերոսներից մեկը համոզված պնդում էր. «Շուտով գրքերը, թատրոնը, կինոն իսպառ կվերանան եւ կլինի միայն մի բան՝ հեռուստատեսությունը»: Նման չափազանցված կանխատեսումները հատուկ են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանին: Խմբագիրների 11-րդ համաշխարհային ֆորումի ժամանակ նույնպես հնչեցին նման ելույթներ: Ֆինլանդիայի ներկայացուցիչ, «Նոկիայի» փոխնախագահ Անսսի Վանյոկին համոզված էր, որ Գուտեմբերգի մեքենայից, ռադիոյից, հեռուստատեսությունից եւ ինտերնետից հետո մարդկության ամենախոշոր գյուտը բջջային հեռախոսն է, որն իր մեջ կներառի բոլոր թվարկածը, ինչպես նաեւ՝ գիրքն ու թերթը: Եթե դա նույնիսկ հնարավոր է, ապա մեր տարածաշրջանում այդ հրաշքը մոտ ապագայում տեղի չի ունենա: Բարձր տեխնոլոգիաների մասին խոսակցությունը բազմիցս ընդհատվում էր տեղական (թուրքական) համակարգչի «կախումներով» եւ փոխարինումներով: Իսկ ժամը 16-ին, Ստամբուլի «Ռոմելի» պալատում, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, ընդհանրապես անջատվեց ինտերնետ կապը: Կազմակերպիչները դա բացատրեցին հեռախոսային կապի խափանումներով:
Թերթերի համաշխարհային կոնգրեսում երեկ խոսք էր գնում մասնավորապես այն մասին, թե ինչպես է հնարավոր բարձրացնել թերթերի տպաքանակը: Օրինակ, իռլանդական տաբլոիդի («ժիզնենի», սենսացիոն փաստեր որոնող թերթի) խմբագիրը պատմեց, թե ինչպես է նա իր չորս միլիոնանոց երկրում թերթի տպաքանակը 200 հազարից բարձրացրել 300 հազարի: Այս պայմաններում, ինչպես հասկանում եք, շատ դժվար է բարձրացնել ցեղասպանության հարցը: Չնայած ազգային նկարագիր ունենալու դեպքում ես կարող էի վերցնել միկրոֆոնն ու հայտարարել՝ «Չեմ բարձրացնի թերթիս տպաքանակը, եթե Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը»: Իրականում թուրք գործընկերների հետ շփումների ժամանակ այդ հարցը, բնականաբար, քննարկվում էր: Տպավորությունս այն է, որ ցեղասպանություն բառն իրենց այնքան էլ չի վախեցնում: Ի դեպ, համաժողովի բացման արարողության ժամանակ թուրք հայտնի գրող եւ իրավապաշտպան Յաշար Քեմալը վարչապետ Էրդողանի ներկայությամբ նշեց, որ 20-րդ դարը ցեղասպանությունների դար էր, չմասնավորեցնելով, սակայն, թե ո՞ր ցեղասպանությունների մասին է խոսքը: Թուրքերի մտահոգությունը, որքան հասկացա, ցեղասպանության ճանաչելը չէ, այլ մեր հնարավոր հողային պահանջները: Մեզ հետ զրուցելիս թուրք լրագրողներն անպայման հիշում են, որ Հայաստանի Անկախության հռչակագրում հիշատակվում է Արեւմտյան Հայաստանը: «Ի՞նչ եք ուզում, ձեր խաթեր Անկախության հռչակագիրը փոխե՞նք»,- հարցրի ես մեկին: «Ոչ, իհարկե,- եղավ պատասխանը,- մեզ ավելի փոքր «ժեստն» էլ է հերիք»:
Էրդողանի իշխանության գալուց առաջ թուրք լրագրողներին թույլ չէր տրվում երեք բան. կպնել զինվորականներին, խոսել հայերի ցեղասպանության մասին եւ բարձրացնել քրդերի ասիմիլյացիայի խնդիրը: Վերջին երկու տարում այս հարցերում որոշակի ազատություն է տրվել: Թերեւս այս «ազատականացումը» կարող է ժամանակավոր լինել՝ կապված Եվրամիություն մտնելու հավանականությունների հետ: Այժմ այդ ուղղությամբ Թուրքիայում ագրեսիվ քարոզչություն է գնում՝ ուղղված արտաքին աշխարհին: Երեկ ֆորումի մասնակիցների համար կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ելույթ ունեցավ Թուրքիայի գործարարների միության նախագահ Օմեր Սաբանչին: Նա իր ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքերով. «Թուրքիայի հետ ԵՄ-ն կդառնա գլխավոր խաղացողներից մեկը համաշխարհային քաղաքականության մեջ, առանց Թուրքիայի դա դժվար թե հնարավոր է»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ստամբուլ