Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՂՈԼ, ՏԻԳՐԱ՛Ն»

Հունիս 02,2004 00:00

«ՍԱՂՈԼ, ՏԻԳՐԱ՛Ն»

«Կեցցես» բառի թուրքերեն տարբերակն օգտագործելով՝ երեկ ասուլիսում
այսպես արձագանքեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես
Գեղամյանը ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները
կատարել են ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների մեծ մասը:
Արտաշես Գեղամյանը ներկայացրեց այլ տվյալներ: Դեռ մայիսի 26-ին էր «ԱՄ»-ն դիմել Գավառի քաղաքապետ Գրիշա Հովեյանին՝ տեղեկացնելով ԱԺ կանոնակարգի պահանջների համապատասխան՝ ընտրողների հետ հանդիպման մասին: Սակայն նույն օրը, երբ ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցող Յեժի Յասկերնիային «հաճոյանալու համար» մեծ հանդիսությամբ հանձնվեց ԵԽԽՎ մասին իր հեղինակած գրքի թարգմանությունը՝ շարունակվեցին իշխանությունների «սանձազերծած բռնությունները» եւ ձերբակալվեցին «ԱՄ» Գավառի տարածքային կազմակերպության քարտուղար Սիմոն Ամիրխանյանը եւ նրա գործընկեր Ռազմիկ Կճոյանը, որոնք արժանացել են համապատասխանաբար 10 եւ 5-օրյա վարչական կալանքի: Ըստ պրն Գեղամյանի՝ նրանց ողջ «մեղքն» այն էր, որ իրազեկել էին Գավառի բնակչությանը «ԱՄ» խմբակցության ընտրողների հետ հանդիպման մասին. «Այդպիսի զուգադիպություններ չեն լինում, որ մի կողմից ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի անդամին գիրք են նվիրում, մյուս կողմից՝ իրենց գործողություններով ասես ուզում են հասկացնել, թե նվերդ ստացար՝ հիմա ինչ ուզենք, կանենք: Այն է՝ թքա՛ծ ունենք ԵԽԽՎ ապրիլի 28-ի բանաձեւի պահանջների կատարման վրա»:

«ԱՄ» ղեկավարը նաեւ հայտնեց, որ չնայած իրենց գրություններին՝ կուսակցությունից առգրավված գույքը վերադարձնելու վերաբերյալ՝ «Ցավոք, բացարձակապես եւ ո՛չ մի արձագանք չի եղել գլխավոր դատախազությունից: Ես մտահոգված եմ. կնշանակի՝ շա՜տ մեծ դժվարություններ ունեն ապրիլի 12-13-ի հանցագործների բացահայտման գործում: Եվ կնշանակի՝ այնուամենայնիվ, այդ հանցագործությունը կապված է գլոբալացման, Քոչարյանի ու իր վարչակազմի հենարան քրեական տարրերի վերաբերյալ այն գիտական մշակումների հետ, որոնք առգրավվել են մեր գրասենյակից»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել