Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական անդորր՝

Հունիս 02,2004 00:00

Թբիլիսի եւ Ցխինվալի միջեւ

Վերջին օրերին արձանագրված վրաց-հարավօսական լարվածությունն աստիճանաբար
մեղմանում է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում տված մամլո
ասուլիսին հայտարարել է, թե պատրաստ է անհապաղ բացել երկաթուղային հաղորդակցությունը
Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ: «Ես պատրաստ եմ անհապաղ կարգադրություն
անել եւ մեկ շաբաթ անց վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի
եւ Ցխինվալի տարածաշրջանի միջեւ»,- ասել է Սահակաշվիլին: «Ես գիտեմ, որ Ցխինվալի
տարածաշրջանի վրացական եւ օսական բնակչությունը գտնվում է ծանր սոցիալական
պայմաններում: Նրանց մի մասը կենսաթոշակ է ստանում Ռուսաստանից: Ես կարգադրել
եմ հունիս ամսից վրացական կենսաթոշակներ տալ Ցխինվալի տարածաշրջանի բոլոր
քաղաքացիներին»,- նշել է Վրաստանի նախագահը, ավելացնելով, թե Թբիլիսին պատրաստ
է բանակցություններ վարել վրացական իրավասության վերականգնման ուղղությամբ:
«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ` վրացիներին, օսերին, ռուսներին, որոնք
ապրում են Ցխինվալի տարածաշրջանի տարածքում»,- ասել է Սահակաշվիլին: «Մեզ
անհրաժեշտ է երկխոսություն սկսել: Իսկ այն խոսակցությունները, որ բանակցություններ
չեն կարող կայանալ, մեզ հետ չեն անցնի: Ես այս աշխատասենյակում եմ նստում,
որպեսզի վերականգնեմ Վրաստանը, եւ մինչեւ վերջ կմարտնչեմ դրա համար»,- նաեւ
ասել է նա: Բացի դրանից, նախագահը լրագրողներին հայտնել է, որ հունիսի 1-ից
Գորի քաղաքի հեռուստատեսությունը եւ Վրացական պետական հեռուստատեսության
առաջին ալիքը սկսում են լրատվական թողարկումներ հեռարձակել օսերենով: Միեւնույն
ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Հարավային
Օսիա վրացական զինված ստորաբաժանումներ մտցնելը «Վրաստանի եւ Ռուսաստանի
միջեւ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների խախտում է»: Երեկ հեռախոսազրույց
է կայացել երկու երկրների արտգործնախարարների միջեւ, որի ընթացքում Վրաստանի
ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային հավաստել է, թե իրենք մտադիր
չեն հարավօսեթական խնդիրը լուծել ուժային տարբերակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել